Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ցավում եմ, որ Սամվել Կարապետյանի ստեղծած ազգային ու քաղաքական կապիտալն այդպես անխղճաբար ոչնչացնում են»

Օգոստոս 10,2026 12:30 Share

«Իսկ ի՞նչն է խանգարում, որ ընդդիմադիր կուսակցությունները սեփական գլոբալ նախաձեռնություններով հանդես գան և դառնան կարևոր գործոն Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական հարթակներում։ Օրինակ, կարո՞ղ է ընդդիմությունը գերտերությունների ներկայացուցիչների հետ քննարկել տարածաշրջանային խոշոր նախագծերի իր սեփական նախագծերը։ Ասենք, TRIPP-ի անալոգային «Սադարակի միջանցք»-ի նախագիծը, որն արդեն մեկ տարի է՝ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամն առաջարկում է քաղաքական ուժերին»,- «Առավոտի» զրուցակիցն է հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը։

 Նորընտիր խորհրդարանի աշխատանքային առաջին օրերն ի՞նչ տպավորություններ են ստեղծել։ Խորհրդարանական ընդդիմության մուտքը «մեծ խաղ» ի՞նչ տպավորություններ եւ զգացողություններ է առաջացնում ձեզ մոտ, քանի որ սոցիալական ցանցերում արդեն իսկ հիասթափության քննադատություններ են հնչում։ Եվ մանավանդ, ՔՊ-ի կեցվածքն է հետաքրքիր՝ մի կողմից բարեկրթության կոչ է հնչում, մյուս կողմից՝ ՔՊ-ական որոշ պատգամավորներ՝ Տարոն Չախոյանը, Վահագն Ալեքսանյանը, բավական սադրիչ եւ անբռնազբոս են իրենց դրսեւորում։

-Որևէ սպասելիք, կամ առավել ևս՝ զարմանք չունեմ ՔՊ-ի վարքագծից։ Կարծում եմ, առնվազն հիմարություն է Նիկոլ Փաշինյանից կամ նրա գլխավորած կուսակցությունից որևէ այլ սպասելիք ունենալ, բացի հայրենավաճառությունից։ Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդարանական վարքագծին, ապա ես շատ ցավում եմ, որ Սամվել Կարապետյանի ստեղծած ազգային ու քաղաքական կապիտալն այդպես անխղճաբար ոչնչացնում են։ Դեռևս 2025-ի վերջին ու 2026-ի սկզբին ես հասկացա, որ այդ կուսակցությունը չունի այն գաղափարական հենքը, որ կարողանա իրականում ազգային ուժ ձևավորել, ուստի ինքս նպատակահարմար չհամարեցի ճանապարհ անցնել նրանց հետ։ «Ուժեղ Հայաստանը» ունի մի քանի իրականում ուժեղ դեմքեր, բայց նրանց կողքին պատեհապաշտների հայտնվելը, դեժավյու է ստեղծում 2018-ի հետ։

Ստեղծված իրավիճակում խորհրդարանական ընդդիմությունից սպասելիքը ո՞րն է, ինչպե՞ս պետք է իրենց դրսեւորեն, որ համ ընտրողների վստահությունը չփոշիացնեն, համ կարողանան հակազդել իշխանության ճնշումներին, համ էլ իրենց քաղաքական կշիռը պահեն, որպեսզի հնարավոր լինի դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք առաջիկայում լինելու են։

-Հաճախ մարդիկ «ընդդիմություն» ձևակերպման տակ հասկանում են միայն ընդդիմանալու իմաստը, այնինչ ընդդիմադիր քաղաքական ուժերը ևս ունեն նախաձեռնողական գործառույթ։ Հայաստանի բնակչությունը հիմա մեծ մասամբ փաշինյանական նյութապաշտական քարոզչության ազդեցության տակ է, նույնիսկ եթե չեն ընդունում Փաշինյանին, ամեն դեպքում շատերը նրա ազդեցության տակ են, որովհետև իշխանությունը խաղում է 1-ին համարով։ Քաղաքականության մեջ պարտվում են նրանք, ովքեր երկրորդ համարով են խաղում, իսկ Հայաստանի քաղաքական ընդդիմությունը զբաղված է լոկ հակադարձելով կամ արձագանքելով, դիմադրելով կամ բողոքելով։ Իսկ ի՞նչն է խանգարում, որ ընդդիմադիր կուսակցությունները սեփական գլոբալ նախաձեռնություններով հանդես գան և դառնան կարևոր գործոն Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական հարթակներում։ Օրինակ, կարո՞ղ է ընդդիմությունը գերտերությունների ներկայացուցիչների հետ քննարկել տարածաշրջանային խոշոր նախագծերի իր սեփական նախագծերը։ Ասենք, TRIPP-ի անալոգային «Սադարակի միջանցք»-ի նախագիծը, որը արդեն մեկ տարի է՝ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամն առաջարկում է քաղաքական ուժերին, սակայն ընդդիմությունը զբաղված է իշխանությանը մեղադրելով և ուշադրություն չի դարձնում այնպիսի հնարավորությունների, որոնց շնորհիվ ընդդիմությունը կարող է երկրորդ համարից դառնալ առաջին համարի խաղացող։ Այդպիսի այլ հնարավորություններ ևս կան։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը 2026թ. սեպտեմբերի 1-ից պատրաստվում է փակել Հայաստանի հատկապես սահմանամերձ 230 դպրոց։ Եթե ես լինեի «Ուժեղ Հայաստան» կուսակցության որոշում կայացնողների տեղը, կհայտարարեի, որ անկախ Փաշինյանի հակահայկական որոշումներից, այդ դպրոցները կշարունակեն գործել, քանի որ Սամվել Կարապետյանը կֆինանսավորի դրանք։ Եթե նույնիսկ ԿԳՄՍՆ-ն հրաժարվի այդ դպրոցներից, դրանք կարող են գործել որպես մասնավոր կրթական կենտրոններ և ոչ միայն ուսում տալ երեխաներին հեռավոր գյուղերում, այլև ապահովել աշխատանքով տեղի բնակիչներին։ Սա ևս մեկ հնարավորություն, որով ընդդիմությունը կարող է արձագանքողից վերածվել նախաձեռնողի։ Այսպիսի բազմաթիվ հնարավորություններ կան, իսկ մենք գիտենք, որ հանրությունը սիրում է նախաձեռնողներին։

Ի դեպ, բավական հետաքրքիր էին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի վերջին հայտարարությունները. նա ազդակներ է ստացել այն մասին, որ «Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթաց»։ Արդյունքում՝ իր պատկերացմամբ, ՀՀ Սահմանադրությունից կհանվեն Թուրքիային եւ Ադրբեջանին ներկայացվող «հողային պահանջները» եւ հետագա զարգացումներն արդեն հնարավոր կդարձնեն Ստամբուլից Բաքու ավտոմեքենայով կամ գնացքով գնալը։ Ուշագրավ էր նաեւ, որ ինչպես տարբեր հարցուպատասխանները ի ցույց դրեցին, իշխանական պատգամավորներն ու կառավարության տարբեր անդամներ չէին լսել, չէին կարդացել Հաջիեւի հայտարարությունները։ Այսպիսով, ի՞նչ փուլ ենք մտնում, ի՞նչ գործընթացներ են սպասվում։

– Ադրբեջանի գործողությունները նման են 1941 թվականի ֆաշիստական Գերմանիայի գործողություններին, երբ առաջադրանքներ էր տալիս կապիտուլյացիայի ենթարկված Ֆրանսիայի իշխանություններին։ Հայաստանում հայտարարված սահմանադրական փոփոխությունների գործընթացն անխոս Ադրբեջանի պահանջով է։ Հեքիաթ են բոլոր այն բացատրությունները, թե դա Հայաստանի ներքին գործն է։ Մեր երկրի ներքին գործը կլիներ, եթե չնախաձեռնվեր Ադրբեջանի նախագահի պահանջից անմիջապես հետո։ Իրականում Հայաստանի քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիրներից շատերը լավ չեն պատկերացնում, թե ինչ վիճակում է այսօր Հայաստանը,  և այն իրավիճակը, որում մեր երկիրը հայտնվել է, աղետալի ու կործանարար է։ Ինչո՞ւ եմ ասում, որ նույնիսկ շատ ընդդիմադիրներ չեն պատկերացնում այդ աղետի չափերը։ Որովհետև տեսնում եմ, որ գրեթե բոլորը ձգտում են իշխանության, բայց այդ ձգտողների 99%-ը չի հասկանում, թե ինքը ինչ պիտի անի իշխանության հասնելու դեպքում։ Չունեն ծրագրեր, չունեն ճգնաժամային կառավարման ռազմավարություն։ Ոչինչ չունեն, բայց ձգտում են իշխանության, իսկ գործող իշխանությունը գործում է հայտնի սկզբունքով՝ մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ։ Եվ այդ սկզբունքով երկիրը թալանվում է՝ ենթադրաբար կարծելով, թե շուտով ամեն ինչ կործանվելու է, և իրենք պիտի հասցնեն առավելագույնը թալանել։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են առաջիկա 1-2 տարվա ընթացքում գրոհով վերցնել Սյունիքն ու Վայոց ձորը, իսկ Եվրոպան ու ԱՄՆ-ն նպատակ ունեն հյուսիսից կտրել Իրանի ևս մեկ ճանապարհ, և այդ առումով նրանց ձեռնտու է, որ Սյունիքը լինի ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի հսկողության տակ։ Ահա այստեղ է, որ հետևողականորեն թշնամացնում են Հայաստանն ու Ռուսաստանը, ինչի հետևանքով մեր երկիրը մնալու է բոլորովին մենակ բոլոր աղետների առաջ՝ զուրկ դաշնակիցներից, զուրկ ազգային իշխանությունից, զուրկ հայրենիքի գիտակցում ունեցող ժողովրդից։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
08.08.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել