ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Վերջին շրջանում, ցավոք, շատ հաճախ եմ գալիս այն եզրահանգման, որ Հայաստանը կառավարվում է Ադրբեջանից, իսկ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը խմբագրվում է Բաքվում։ Սա արձանագրում եմ ոչ թե հաճույքով, այլ այն համոզմամբ, որ ինչ-որ մեկը, ի վերջո, պետք է մեր ժողովրդին ասի դառը ճշմարտությունը։
Երեկ Նախիջևանում ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ ներկայում Հայաստանի էներգետիկայի հիմնական աղբյուրը ատոմակայանն է, սակայն, ըստ նրա, այն հնացած է և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար։ Նրա պնդմամբ՝ ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավոր չէ անվերջ երկարաձգել, և վաղ թե ուշ այն պետք է փակվի։ Այդ դեպքում, ըստ նրա, Հայաստանը կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի։
Ատոմակայանի փակումից հետո, ադրբեջանական ծրագրի համաձայն, մենք պետք է Ադրբեջանից նաև էներգետիկ կախվածության մեջ հայտնվենք, քանի որ, ինչպես հայտարարել է Ալիևը, ադրբեջանցի մասնագետներն արդեն ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։
Կարդացեք նաև
Որքան շատ են Հայաստանի իշխանությունները խոսում ինքնիշխանության մասին, այնքան ավելի ենք կորցնում մեր ինքնիշխանությունը։ Եվ հիշեք՝ անցած քարոզարշավի ժամանակ միայն մեր ուժն է խոսել ատոմակայանը պահպանելու մասին ու այդ հարցի վերաբերյալ հստակ տեսլական ներկայացրել»։

















































