2026 թ. հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Համաժողովին կմասնակցեն կոնվենցիայի անդամ 196 երկրների ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։ COP17-ին կնախորդի նաև առաջնորդների գագաթնաժողովը՝ պետությունների, կառավարությունների և միջազգային կառույցների ղեկավարների բարձր մակարդակի մասնակցությամբ, որի շրջանակում նախատեսվում է ընդունել «Երկրի վրա կյանքի պահպանման համար» խորագրով Երևանի հռչակագիրը»,-ընդգծեց նա:
Մաթևոսյանի խոսքով՝ COP17-ն առանձնահատուկ է այն առումով, որ Հայաստանում կիրականացվի Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը, ինչը, նրա ձևակերպմամբ, Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է՝ ամրապնդելու մեր երկրի դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում և աշխարհին ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգն ու հարուստ կենսաբազմազանությունը:
Կարդացեք նաև
COP17-ի կազմակերպման համար կառավարությունը պահուստային ֆոնդից ևս 2,6 մլրդ դրամ կհատկացնի։ Որոշումը հաստատվեց կառավարության նիստում: Կառավարության հիմնավորման համաձայն՝ COP17-ի կազմակերպման համար կնքված համաձայնագրերի ընդհանուր արժեքը կազմում է 3,5 մլրդ դրամ։ Դրանից շուրջ 900 մլն դրամն արդեն ֆինանսավորվել է առկա միջոցներից, իսկ մնացած 2,6 մլրդ դրամի համար անհրաժեշտ էր լրացուցիչ ֆինանսավորում։
Ըստ կառավարության որոշման հիմնավորման՝ COP17 համաժողովի Կապույտ գոտու կազմակերպչական ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է մեկ անձից գնման ընթացակարգով։ Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանակային պայմանագիր է կնքել «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի հետ:
Կառավարության նիստն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































