Լրահոս
Օրվա լրահոսը

Դեյվիդ Իգնաթիուսը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

Օգոստոս 17,2026 17:40 Share

Օգոստոսի 17, 2026 թ, Վաշինգտոն «Washington Post» պարբերականի սյունակագիր, արտաքին քաղաքականության մեկնաբան, մրցանակակիր լրագրող Դեյվիդ Իգնաթիուսը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին։ Իգնաթիուսը կաշխատի հանձնաժողովի մյուս պատվավոր անդամների հետ`աջակցելով «մարդը՝ մարդասիրության առանցքում» գաղափարի տարածմանն ու առաջ մղելով արդի ամենահրատապ ճգնաժամերի առաջնագծում գործող մարդասեր-հերոսներին։ Նա կմասնակցի «Ավրորա» մրցանակի հավակնորդների, ապա՝ դափնեկրի ընտրությանը։ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը (1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ) շնորհվում է այն անհատներին, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ փրկելու նրանց, ովքեր տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով։

«Դեյվիդ Իգնաթիուսն իր ողջ կարիերան նվիրել է աշխարհի ամենածանր պատմությունները ներկայացնելուն։ Այժմ նա միանում է մեզ՝ որոշելու, թե ում պատմությունն է արժանի «Ավրորա» մրցանակին։ Մեծ պատիվ է ողջունել նրան այս հանձնաժողովում․ նրա դատողությունը կառաջնորդի մեզ դեպի նրանց պատմությունները, ում խիզախությունն արժանի է գնահատանքի»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին։

2016 թվականից Դեյվիդ Իգնաթիուսը միշտ եղել է «Ավրորայի» կողքին եւ վարել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունները՝ օգնելով հանդիսատեսին հաղորդակից լինել խիզախության, նվիրումի եւ մարդասիրական գործունեության մասին տպավորիչ պատմություններին։ Իգնաթիուսի ձայնը մշտապես հնչել է «Ավրորայի» տարբեր միջոցառումների ընթացքում։ Նա մասնակցել է տարբեր թեմաներով անցկացվող քննարկումների, ինչպես օրինակ՝ արձագանքը մարդասիրական ճգնաժամերին եւ հանրային առողջությունը հակամարտության պայմաններում։ Դեյվիդ Իգնաթիուսը վարել է նաեւ «Ավրորայի» հիմնադրման գործում առանցքային դերակատարում ունեցած անձանց հիշատակին նվիրված միջոցառումներ։

«Բեմում, թե քննարկումների ժամանակ լինելով «Ավրորայի» կողքին՝ ես զգացի «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վերականգնողական ուժը, որ կարեկցանքի եւ խիզախության մի դրսեւորումը հակված է ոգեշնչելու մյուսին, եւ այդ մեկը ոգեշնչում է հաջորդին։ Ինձ համար պատիվ է ստանձնել այս նոր դերը եւ աջակցել այն բացառիկ մարդասերներին, որոնք կշարունակեն այդ շղթան»,- ասաց Դեյվիդ Իգնաթիուսը։

Դեյվիդ Իգնաթիուսը «Washington Post» պարբերականի սյունակագիր է, որում շաբաթը երկու անգամ արտաքին քաղաքականության վերաբերյալ վերլուծական հոդվածներ է հրապարակում՝ սկսած 1998-ից։ Նա շարունակել է վարել այս սյունակը նույնիսկ այն երեք տարիների ընթացքում, երբ Փարիզում զբաղեցնում էր «International Herald Tribune» թերթի գործադիր խմբագրի պաշտոնը։ Իր գործունեության շնորհիվ 2018-ին նա Պուլիցերյան մրցանակի «Հանրային ծառայություն» անվանակարգի եզրափակիչ փուլ անցած թիմում էր։ Իգնաթիուսն արժանացել է Ֆրանսիայի կառավարության Պատվո լեգեոնի շքանշանի, Ջերալդ Լոուբի մրցանակի՝ որպես մեկնաբան։ Նրան շնորհվել է Ջորջ Փոլքի մրցանակ եւ Արտասահմանյան մամուլի ակումբի մրցանակ՝ արտաքին քաղաքականության թեմաները լուսաբանելու համար։

«Ի սկզբանե Դեյվիդը եղել է «Ավրորայի» ընկերը։ Ինչպես մեր համայնքի շատ անդամներ, նրա ընտանիքը նույնպես ունի վերապրումի իր պատմությունը, բայց հետ նայելու փոխարեն նա որոշեց հայացքն ուղղել դեպի ապագա։ Ավելին, նա հանձնաժողով է բերում տասնամյակներ շարունակ աշխարհի ամենաբարդ տարածաշրջաններում կատարած իր լրագրողական փորձը եւ համաշխարհային մոտեցումը, ինչը քչերը կարող են մեկտեղել»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։

2027 թ․ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումները շարունակվում են։ Այցելեք AuroraHumanitarian.org եւ առաջադրեք մեկին, որն իր կյանքը վտանգում է հանուն ուրիշների։

 

Լուսանկարում՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը հոկտեմբերի 19, 2020 թ, Նյու Յորք, ԱՄՆ © «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

 

* * *

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շահույթ չհետապնդող, համաշխարհային կազմակերպություն է։ Այն աջակցում է համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող խիզախ անհատներին, որոնք այսօր իրենց գործունեությունը ծավալում են ամենասուր ճգնաժամերի առաջնագծում։ Ֆինանսավորման, համայնքի աջակցության եւ տեսանելիության ապահովման, այդ թվում՝ երկու տարին մեկ շնորհվող «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի (1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ) միջոցով «Ավրորան» ստեղծել է 100-ից ավելի մարդասեր-առաջնորդների համայնք եւ բարեփոխել ավելի քան 3.8 միլիոն մարդու կյանք։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31