Ընտրություններում ընդդիմությանն ընտրակաշառքով քվեարկելու մասին Փաշինյանի հայտարարությունների զրպարտություն և վիրավորանք լինելու հարցը կդառնա դատական քննության առարկա։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերացրել է ընդդեմ Փաշինյանի ներկայացված Լուսինե Ավագյանի հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լուսինե Ավագյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պահանջելով հերքել արատավորող հայտարարությունները։
Հիշեցնենք՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը 2026 թվականի հունիսի 11-ին հայտարարել էր, թե՝ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, իսկ մյուս քաղաքական ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե»։
Հայցվորը, որպես ընդդիմադիր քաղաքական ուժին ձայն տված քաղաքացի, պնդում է, որ դա չի համապատասխանում իրականությանը և արատավորում է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը։ Ավագյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին հայցադիմումը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ-ում գործող զանգվածային լրատվության միջոցների համար հասանելի վայրում և առնվազն 24 (քսանչորս) ժամ առաջ այդ մասին ԶԼՄ-ներին նախապես ծանուցելով հրապարակայնորեն հերքել Լուսինե Աբոյի Ավագյանի հասցեին տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները` հերքումն իրականացնելով հետևյալ կերպ՝ «ՀԵՐՔՈՒՄ, 11.06.2026 թվականին տված ասուլիսիս ընթացքում «մյուս քաղաքական ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե» հրապարակված տվյալը չի համապատասխանում իրականությանը՝ սուտ է, հետեւաբար այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած Լուսինե Աբոյի Ավագյանի կողմից ընտրակաշառք վերցնելու վերաբերյալ հրապարակված տվյալը չի համապատասխանում իրականությանը՝ սուտ է»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































