«Ա1+». Եվրամիության խորհուրդը պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 30 անձի և երկու կազմակերպության՝ Ռուսաստանի հետ կապված տեղեկատվական մանիպուլյացիաների, արտաքին միջամտության և վնասաբեր կիբերգործունեության առնչությամբ։
Սահմանափակումների թիրախում են Մոսկվայում գործող «Սոցիալական նախագծման գործակալությունը»՝ Social Design Agency-ն (SDA), դրա 24 աշխատակիցները, ռուսաստանյան քարոզչություն տարածող մեդիագործիչներ, ինչպես նաև ռուսամետ NoName057(16) հաքերային խումբը։
ԵՄ խորհրդի գնահատմամբ՝ SDA-ն հանրային կապերի և քաղաքական տեխնոլոգիաների ընկերություն է, որն իրականացնում է տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության լայնածավալ նախագծեր՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ, ուղղորդմամբ և վերահսկողությամբ։
Խորհրդի հաղորդմամբ՝ գործակալությունը համակարգված կերպով մանիպուլացնում է լրատվական ու սոցիալական մեդիայի միջավայրը, տարածում ռուսամետ քարոզչություն և ապատեղեկատվություն։ Դրա կազմակերպած արշավների թիրախում են եղել ԵՄ երկրները, եվրոպական կառույցները և Ուկրաինային եվրոպական հանրության աջակցությունը։
Մասնավորապես, հաղորդագրությունում հիշատակվում են 2024 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունների համատեքստում իրականացված արշավները, ինչպես նաև Գերմանիայի և Ֆրանսիայի դեմ ուղղված առանձին գործողությունները։
Պատժամիջոցների ցանկում ընդգրկված՝ գործակալության 24 աշխատակիցները, ըստ Խորհրդի, տարբեր դերակատարումներով մասնակցել են այսպես կոչված «եվրոպական հակաքարոզարշավի» և «ուկրաինական հակաքարոզարշավի» մշակմանն ու իրականացմանը։
Ի դեպ, «Սոցիալական նախագծման գործակալության» անունը հայտնվել է նաև Հայաստանին ուղղված տեղեկատվական ազդեցության նախագծերի վերաբերյալ լրագրողական հետաքննություններում։ «Փաստերի ստուգման հարթակի»՝ FIP-ի և Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման նախագծի՝ OCCRP-ի՝ արտահոսած ներքին փաստաթղթերի վրա հիմնված հրապարակումները գործակալությունը կապում են Հայաստանի լսարանի վրա ազդելու ծրագրերի հետ։
Հետաքննություններում հիշատակվում է, մասնավորապես, «Yerevan1»՝ erevan.one ռուսալեզու կայքը։ Ըստ հրապարակումների՝ նախագծի նպատակներից էր Ռուսաստանում բնակվող հայերի շրջանում Հայաստանի իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բացասական, իսկ Ռուսաստանի հետ սերտ միություն պաշտպանող ուժերի նկատմամբ՝ դրական վերաբերմունք ձևավորելը։ OCCRP-ն նկարագրել է նաև այդ հարթակի միջոցով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վրա ազդելու ծրագիրը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































