Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաձևում ընդգծվել է պահվող անձանց ազատ արձակման կարևորությունը. ԱԳՄԱՆ-ը՝ Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևի և Պնոմպենի հռչակագրի վերաբերյալ

Նոյեմբեր 16,2026 16:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 15-16-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում անցկացված Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի ավարտին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների կողմից ընդունվել են «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը և Պնոմպենի հռչակագիրը։

Բանաձևում Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներն աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացին։ Ողջունվել են 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։

Բանաձևում կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների և տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսության շարունակումը, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և «ԹՐԻՓՓ» նախագծի շրջանակներում։ Ողջունվել են նաև Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացմանն ուղղված ջանքերը։

Բանաձևով վերահաստատվել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի։

Բանաձևում ընդգծվել է առկա հումանիտար հարցերի կարգավորման, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակման, անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման կարևորությունը՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդման կարևոր գործոն։

Ողջունվել են Հայաստանի կառավարության՝ միջազգային գործընկերների աջակցությամբ Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին Հայաստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում ինտեգրելու ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Ընդգծվել է այդ ջանքերի շարունակման կարևորությունը։

Բանաձևում ողջունվել է Հայաստանում ժողովրդավարացման գործընթացի և պետական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև օտարերկրյա միջամտությունների, խառնածին սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքը։ Այս համատեքստում ընդգծվել է 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների պատշաճ անցկացումը, որոնք ցույց են տվել առկա մարտահրավերների պայմաններում ազատ, թափանցիկ և վստահելի ընտրական գործընթաց ապահովելու պետական ինստիտուտների դիմակայունությունն ու կարողությունները։

Գագաթնաժողովի շրջանակներում ընդունված Պնոմպենի հռչակագրով Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները ողջունել են 2026թ. հոկտեմբերին Երևանում անցկացված «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) արդյունքները։

Պնոմպենի հռչակագրով Ֆրանկոֆոնիայի դերակատարներին հանձնարարվում է զարգացնել խաղաղության կրթությանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը, ինչպես նաև բռնության նվազեցմանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևին համահունչ։ «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը ՄԱԿ ԳԱ-ի կողմից միաձայն ընդունվել է 2026թ. հունիսի 4-ին՝ Հայաստանի նախաձեռնությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30