«Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքում հրապարակվեց հայտարարության նախագիծ։
Այն ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ հայտարարության նախագծի՝ ՀՀ ԱԺ-ն իր լիակատար համերաշխությունն է հայտնում բոլոր քաղբանտարկյալներին, քաղհալածյալներին և նրանց ընտանիքներին ու պահանջում անհապաղ դադարեցնել քաղաքական իշխանության քննադատների նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումները, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և բացառել դատարանների անկախությունը խաթարող ցանկացած գործողություն։
Ըստ հայտարարության նախագծի՝ պետք է խորհրդարանական վերահսկողություն հաստատել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները բացահայտելու նպատակով։ Քննել ՔԿՀ-ներում բժշկական օգնություն տրամադրելու համակարգը և ներդնել շուրջօրյա մասնագիտական բժշկական սպասարկման պարտադիր երաշխիքներ, ապահովել քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձանց անհապաղ բուժզննումն ու արձանագրել առողջական խնդիրները՝ վերանայելով խափանման միջոցները։
Կարդացեք նաև
Հայտարարություն նախագծում նաև նշվում է, որ պետք է վարել կիրառված կալանքների վիճակագրություն, մշտադիտարկել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմնավորվածությունը։
Նշենք, որ լսումները կազմակերպել էր «Հայաստան» խմբակցությունը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































