«Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում խուզարկություն է գնում, ես հիմա այնտեղ եմ գնում, իսկ Էրիկ Ալեքսանյանն այստեղ կաշխատի»,-Լևոն Քոչարյանի տան մոտ լրագրողներին հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առավոտյան ժամը 7-ից Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն է իրականացվում, դրան զուգահեռ` նրանց ընտանիքին պատկանող տարբեր ընկերություններում ևս: «Պատճառն այնքան ակնհայտ է, որ մեկնաբանելու կարիք չկա»,-ասաց նա:
«Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այս մարդիկ պետք է նստեն և ունեզրկվեն: Նա ԱԺ ամբիոնից այնքան հակաիրավական և աբսուրդ հայտարարություններ էր անում, ասելով, թե հանրությունը պահանջում է, որ այս մարդիկ կալանավորվեն, ունեզրկվեն, և ես չեմ կարող հանրությանը բացատրել, որ դատարանները պետք է գործեն օրենքով սահմանված կարգով: Նույնիսկ չեմ կարող բացատրել, թե ինչ է իշխանությունների տարանջատման սկզբունքը: Նա իր երեկվա ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները, թե ինչու է ինքը միջամտում դատական և ուժային կառույցների աշխատանքներին»,-նշեց Սուքոյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի ձևակերպմամբ, ամբողջ ՀՀ ժողովուրդն է տեսել, որ ԱԺ թիվ 1 քաղաքական ամբիոնից ինչպես է Նիկոլ Փաշինյանը ուղիղ հրաման տվել իրավապահներին, որպեսզի քրեական գործեր կարեն, բռնաճնշումների ենթարկեն, ահաբեկեն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, մերձավորներին: «Բնականաբար սա քաղաքական հետապնդում է»,-ընդգծեց Սևակ Խաչատրյանը: Նրա խոսքով, քանի որ օրենքը չի գործում, ամեն ինչ սպասելի է այսօրվա իշխանություններից. «Այսօրվա իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանի բութ գործիքն է դարձել, կարծես հայ ժողովրդի ու ընդդիմադիրների դեմ օգտագործվող յաթաղան լինի»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Տեսանյութն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































