Առավոտյան ժամը 7-ին դիմակավորված ԱԱԾ ծառայողները ներխուժել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն: Այդ մասին ֆեյսբուքում տեսանյութեր է տարածել նույն խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը: «Ուղղակի անհասկանալի է, դուք էլ ընտանիք ունեք, դուք էլ երեխաներ ունեք, ուզում եմ հասկանալ այս բոլորը»,- տարակուսանք է հայտնել Մեսրոպ Մանուկյանը՝ նշելով, որ Քոչարյանի տանը 3 անչափահաս երեխա կա:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ականների «այցելությունը» Լեւոն Քոչարյանին հաջորդել է ԱԺ-ում նրա ելույթին , որտեղ Քոչարյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր, որ ընդդիմությանը ավելի քան 500 հազար ձայն տված մարդիկ ասում են «Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած այդ պիղծ դավաճանը ինչո՞ւ է մինչեւ հիմա կարողանում լինել այս պաշտոնին»։
Ի պատասխան Փաշինյանն էլ ասել էր. «Դուք ինչի՞ հաշվին եք միլիոնատեր, ձեր ընտանիքն ինչի՞ հաշվին է միլիոնատեր։ Դուք 10 տարի եղել եք իշխանություն, ես էլ արդեն 8 տարուց ավելի վարչապետ եմ, ես ինչո՞ւ միլիոնատեր չեմ, դուք ինչո՞ւ եք միլիոնատեր, այդ ունեցվածքը որտեղի՞ց ձեզ։ Դուք ուզում եք ասել, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեք ձեր երեխաներին, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին։ Ես ձեզ, կներեք, ուղիղ ասում եմ, որ չի լինելու այդ բանը»։
Կարդացեք նաև
Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Հակակոռուպցիոն կոմիտեն ԶԼՄ-ներին հայտնել է՝ Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում. «Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































