«Մենք այսօր պետք է հավաքված լինեինք Ստեփանակերտում և փոխադարձ շնորհավորեինք իրար ԱՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ։ Մենք այսօր էլ շնորհավորում ենք իրար մեր հաղթանակների կապակցությամբ, բայց ցավով, որովհետև մեր այդ հաղթանակները ոչնչացված են շատ կոնկրետ մարդկանց կողմից, ոչնչացված են այն մարդկանց կողմից, որոնք այսօր փորձում են իրենց կատարած հանցագործությունն արդարացնել։ Դա Նիկոլ Փաշինյանի թիմն է, որը մի հաճարեղ գյուտ է արել։ Իրենց բերած պարտությունը, նվաստացումն արդարացնելու համար կամ անգամ դա մատուցելու համար՝ որպես հաղթանակ, այսօր փորձում են վարկաբեկել ամեն ինչ՝ սկսած 1988-ի շարժումից։ Եթե ինչ որ մի լավ բան պատահել է հայ ժողովրդին, դա եղել է հենց այդ լուսավոր 1988-ի շարժումը, որը սկսվեց Ստեփանակերտում, որին հետո սատարեց նաև ամբողջ Հայաստանի ժողովուրդը»,- Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում իր ելույթում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա վստահեցրեց՝ ղարաբաղյան շարժման շնորհիվ հայ ժողովուրդը վերագտավ լիարժեք ազգ լինելու ուժը․ «Այդ ամենն այս մարդիկ փորձում են անվանարկել․ էլ ծուղակ, էլ հանցագործություն, էլ կոնֆլիկտային չգիտեմ՝ ինչ են համարում։ Ասում է՝ Հայաստանը փնտրում էինք այլ երկրներում՝ Ադրբեջանում, Թուրքիայում, Վրաստանում և այլն։ Լսի, եթե Հայաստանի նորանկախ պատմության մեջ մի ղեկավար եղել է, որ Հայաստանը փնտրել է իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, էդ դու ես եղել, Նիկոլ Փաշինյան։ Ոչ ոք չի գնացել ու ամբողջ հանրության առաջ չի կանգնել ու ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ»։
Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































