«Այս պահին հայ-ռուսական հարաբերությունները զրոյական արդյունք ունեն, այլ կերպ ասած՝ այդ հարաբերություններում առկա է համակարգային ճգնաժամ։ Նման պայմաններում ակնկալել, որ դա կազդի քաղաքական կալանավորների ճակատագրի վրա, պետք է շատ լավատես լինել՝ իրականությունից գրեթե կտրված։ Կարծում եմ՝ նրանք նույնիսկ այդ հարցին չեն էլ հասել»,- Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Բիշքեկում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին՝ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում էական խնդիրներ չեն լուծվել. «Այս հանդիպման միակ ձեռքբերումը կամ դրական արդյունքը նոր հանդիպման պայմանավորվածությունն էր։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա ճգնաժամի որևէ առանցքային խնդիր այդ հանդիպման ընթացքում չի լուծվել։ Համենայն դեպս, պաշտոնական հաղորդագրությունից և հանդիպման հրապարակված հատվածից դա չի երևում։ Չեն լուծվել ո՛չ արտահանման, ո՛չ էլ երկաթուղու հետ կապված, ոչ էլ մյուս խնդիրները։
Ավելին՝ ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների հարցում ի հայտ են եկել ինստիտուցիոնալ հակասություններ և կողմերի մոտեցումների էական տարբերություններ։ Այս հարցում Նիկոլ Փաշինյանի պատկերացումները, բնականաբար, լուրջ քննադատության չեն դիմանում։ Նա անգամ փորձեց Պուտինի վրա ծախել մի բան, որը դժվար թե որևէ ողջամիտ գնորդ ընդուներ։ Փաշինյանը փորձում է ներկայացնել, թե ԵՄ-ին անդամակցելու գործընթացի վերաբերյալ օրենքի ընդունմամբ վերացվել է հանրաքվեի անհրաժեշտությունը։
Սակայն այդ հանրաքվեի նախաձեռնության քաղաքական և հասարակական հիմքերը բոլորին հայտնի են։ Այն ուժերը, որոնք հանդես էին գալիս այդ նախաձեռնությամբ, իրականում ինքնուրույն քաղաքական ներուժ չունեին։ Նրանցից շատերը նույնիսկ առանց Նիկոլ Փաշինյանի աջակցության չեն կարող իրականացնել որևէ լուրջ քաղաքական քայլ։ Եթե իշխանության աջակցությունը չլիներ, նրանք անգամ 50 հազար ձայն չէին կարող հավաքել։ Նրանց հնարավորությունները մենք տեսել ենք ընտրություններում․ մեկը 2 տոկոս է ստացել, մյուսներն էլ փաստացի զրոյական արդյունք են արձանագրել»։
Կարդացեք նաև
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդի գնահատմամբ՝ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների նախկին մոդելը փաստացի փլուզվել է. «Այն փաստը, որ Պուտինը սրեց խնդիրը և բարձրաձայնեց Գյումրիի ռուսական ռազմաբազայի հարցը՝ նշելով, որ ցանկության դեպքում Ռուսաստանը կարող է նույնիսկ վաղը դուրս գալ, բայց միևնույն ժամանակ ընդգծելով, որ վերջնական որոշումը պետք է կայացնի հայ ժողովուրդը, ցույց է տալիս, որ Մոսկվայում նույնպես հասկանում են՝ ինչի մասին է խոսքը։ Փորձ է արվում բարձրացնել խաղադրույքները՝ ռազմաբազայի հարցը օրակարգ բերելով։ Այս պահին ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում քաղաքակիրթ ապահարզանի հստակ բանաձև դեռևս չունեն»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































