Լրահոս
Օրվա լրահոսը

Այս խորհրդարանը փակուղային է. Սուրենյանցը՝ ՔՊ-ի 6 մանդատ «գողանալու» հնարավորության մասին

Սեպտեմբեր 03,2026 13:42 Share

«Առաջին հերթին գործող խորհրդարանը լեգիտիմության լուրջ խնդիր ունի, ինչը չունեին նախորդ խորհրդարանն ու կառավարությունը՝ անկախ դրանց որակից եւ վարվող քաղաքականության հետ մեր անհամաձայնությունից: Եթե անգամ մյուս փաստերը մի կողմ դնենք, միայն ԲՀԿ-ից մանդատների խլումը, որը իրավական առումով որեւէ կերպ չկարողացան հիմնավորել, փոխում է ԱԺ-ի համամասնությունը», – Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը:

Նրա խոսքով. «Այդ փաստը գուցե կասկածի տակ չի դնում ՔՊ-ի կառավարություն կազմելու իրավունքը, սակայն կասկածի տակ է դնում մի շարք բաներ, օրինակ՝ սահմանադրական օրենքներ ընդունելը, բարձրաստիճան պաշտոնյաների նշանակելը եւ այլն: Այս ամենն էական ազդեցություն ունի ԱԺ-ի խճանկարի վրա: Սա մեկ խնդիր:

Երկրորդ խնդիրը հետեւյալն է. այնուամենայնիվ, խորհրդարանի համամասնությունն այնպիսին է, որ ինքը փակուղային է, մինչդեռ անցած խորհրդարանն այդպիսին չէր: ՔՊ-ն սկզբունքորեն ինչ ուզում անում էր, նույնիսկ սահմանադրություն են փոխել քովիդի ժամանակ, իսկ հիմա այդ խնդիրն իրենք ունեն: Կամ պետք է արտաիրավական ճանապարհով 6 մանդատ գողանան ու այդ հարցը լուծեն, կամ ստացվում է, որ խորհրդարանը փակուղային է: Ընդ որում, փակուղային է եւ իշխանության, եւ ընդդիմության համար»:

Սուրեն Սուրենյանցը փաստում է. «Իսկ քաղաքական մշակույթի առումով այս խորհրդարանը նախորդ խորհրդարանից շատ չի տարբերվում: Քաղաքական դիսկուրսի մակարդակը շատ ցածր է: Այդ առումով նույնիսկ կարող է նախորդ խորհրդարանին գերազանցել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել