ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում, երբ նախագահի տեղակալի պաշտոնում քննարկվում էր ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի թեկնածությունը, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը նրան հարցրեց՝ կուզեի իմանալ Ձեր վերաբերմունքը արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխությունների վերաբերյալ, երբ ժամանակին ձեր քաղաքական ուժի համար գերակայություն էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, Արցախի անկախության ճանաչումը, հիմա կտրուկ շրջադարձ եք կատարել։ Եվ հետաքրքրվեց՝ արդյոք հիմա՞ էլ մենք ռիսկեր ունենք, որ որոշակի պատկերացումներ, որ այսօր ունեք, որոշ ժամանակ անց կփոխվեն։
Մարիա Կարապետյանը հավաստիացրեց․ «Իմ ու իմ թիմակիցների կողմից հետևողականորեն պաշտպանվել են արտաքին քաղաքականության այն հիմնական ուղենիշները, որոնք կային 1991-ից ի վեր։ Հավաստիացնում եմ՝ մինչև պատգամավոր դառնալը՝ որպես պատասխանատու ՀՀ քաղաքացի՝ ինչ ներգրավվածություն ունեցել եմ տարբեր ոլորտներում, չի հակասել Սերժ Սարգսյանի՝ որպես նախագահ վարած քաղաքականության ընդհանուր տրամաբանությանը։ Դեռահասության տարիքից նկատել եմ, որ ունեցել ենք արհավիրքային մեծ խնդիր։ Իմ զանազան հանրային ներգրավվածությունը եղել է ԱԱԾ ուշադրության ներքո։ Առիթ ունեցել եմ նրանց հետ հանդիպելու։ Ամեն ինչ եղել է ՀՀ-ի այդ ժամանակվա արտաքին քաղաքականության շրջանակներում։ Ես չեմ կարծում՝ փոփոխությունները կտրուկ են եղել։ Դրանք դանդաղ են ընթացել, ավելին՝ դեռ չեն հասել Ձեզ ու այլ քաղաքական գործիչների ՀՀ-ում»։
ՀԱՊԿ-ի հետ կապված ՀՀ-ի վարած քաղաքականության առիթով, երբ ՀՀ-ն չի վճարում անդամավճարը, չի օգտագործում իրեն հատկացված պաշտոնը, Մարիա Կարապետյանն այսպիսի կարծիք հայտնեց․ «Այն քայլերը, որոնք ՀՀ-ն ձեռնարկել է ի պատասխան ՀԱՊԿ տոտալ անգործության ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված, կարելի է անվանել սիմվոլիկ։ Այսինքն՝ անդամավճար չվճարելը, չօգտվելը մեզ հատկացված պաշտոնը լրացնելու հնարավորությունից կամ մեկ այլ բան, դրանք համեմատելու չեն այն անվտանգային ռիսկերի հետ, որոնք առաջացել են ՀՀ-ի շուրջ։ Մենք չենք խնդրել որևէ կառույցի զինվորի գալ ու պաշտպանել մեր սահմանները մեր փոխարեն։ Հաճախ քննարկումներ են հնչում՝ դուք պետք է կռվեիք, որ նրանք էլ կռվեին ձեզ հետ։ Մենք ասել ենք՝ ապահովեք միջազգային կոնսենսուս, որ ՀՀ-ն ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Ամբողջ աշխարհն ասում էր՝ այդ սահմանները կան, ու տեղի է ունեցել ներխուժում, իսկ այն կազմակերպությունը, որի անդամ էր ՀՀ-ն, ասում էր՝ սահմանը սահմանագծված ու սահմանազատված չէ»։
Էդգար Ղազարյանի մյուս հարցին՝ Հայոց ցեղասպանության՝ միջազգային ճանաչման ուղղությամբ ո՞րն է Ձեր դիրքորոշումը, ՔՊ խմբակցության պատգամավորը պատասխանեց․ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլ երկրների կողմից ես համարում եմ մեծամասամբ ավարտված։ Եթե փորձենք դիտարկել, թե այդ որ երկրի ճանաչման համար ենք շարունակելու պայքարել, կդժվարանանք գտնել երկրներ, որոնց ճանաչումից հետո շատ մեծ բան կփոխվի արդեն իսկ տեղի ունեցած ճանաչման գործընթացում։ Երբ մենք մեր ամենաողբերգական դրվագը դարձնում ենք ՀՀ միջազգային հարաբերությունների առաջնահերթություն, մենք անխուսափելիորեն գնում ենք այն ճանապարհով, որ ինչ-որ պահի այլ կենսական կետի պիտի բախվենք, օրինակ՝ սահմանների անձեռնմխելիությունը, մենք մեզ այդ իրավիճակից դուրս ենք հանել։ Այդ գործընթացը մեծ մասամբ ավարտված է, մնացել է Թուրքիան, որը երբևէ գուցե կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Դա լավ բան կլինի, բայց ՀՀ-ն իր ռեսուրսներն այս ուղղությամբ չպետք է օգտագործի»։
Կարդացեք նաև
Էդգար Ղազարյանը, թեև հորդորեց «դեմ» քվեարկել Մարիա Կարապետյանի թեկնածությանը, ընդդիմադիր գործընկերները ևս դեմ քվեարկեցին, այնուամենայնիվ, Մարիա Կարապետյանը ՔՊ ձայներով ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Իր՝ Մարիա Կարապետյանի թեկնածությանը «դեմ» լինելը Էդգար Ղազարյանն այսպես հիմնավորեց․ «ՔՊ-ի կողմից առաջադրվել է պաշտոնին ոչ համապատասխան թեկնածու։ Հիմնական պատճառը թեկնածուի անհամապատասխանությունն է ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրի 11-րդ կետը հստակ սահմանում է, որ ՀՀ-ն հետևողականորեն ջանքեր է գործադրում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ։ ՀՀ-ում չի կարող գոյություն ունենալ պետական պաշտոնյա, հանրային որևէ ծառայող, որի նպատակները, խնդիրները գործունեությունը հակասեն ՀՀ հիմնադիր փաստաթղթին։ Ունենք թեկնածու, որի մոտեցումները մասնավորապես Անկախության հռչակագրի հիմնական դրույթների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հակադիր են հռչակագրի կարգավորումների հետ։ Ունենք թեկնածու, որի՝ մինչ այժմ կատարած գործունեությունը և ներկայիս գործունեությունը խիստ հակասական է։ Այսինքն՝ հայկական կողմի քաղաքական դիրքորոշման համապատասխանեցումը թշնամի պետության պահանջներին համարվում է արտաքին քաղաքական դինամիկ փոփոխություն։ Դրա նկարագրությունն այլ տեղ է գրված․ կարդացել եմ ՀՀ քրեական օրենսգրքում, թե ինչ հատկանիշներ է պարունակում թշնամու կողմն անցնելը»։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































