Այդպես է պետությունը մխրճվում քաոսի մեջ
2008 թվականի փետրվարի 24-ին Արգավանդի խաչմերուկում դիմակավորված իրավապահները հարձակվել էին մեքենայի վրա, որը վարում էր Գագիկ Ջհանգիրյանի եղբայը՝ Վարդանը: Վերջինիս ուղղությամբ արձակվել էր կրակոց, նա ստացել էր հրազենային վնասվածք, եւ, չնայած ուներ առողջական բազմաթիվ այլ խնդիրներ, չորս ամիս կալանքի տակ էր մնացել՝ չստանալով պատշաճ բժշկական օգնություն:
Նորմալ լրատվամիջոցները (նաեւ «Առավոտը»), ինչպես նաեւ իրավապաշտպանները դատապարտեցին մարդու (մարդո՛ւ) նկատմամբ այդ սադիստական վերաբերմունքը: Անձամբ ես գրել էի դրա մասին մի քանի անգամ, եւ ամենեւին ոչ այն պատճառով, որ որեւէ համակրանք ունեի Գագիկ Ջհանգիրյանի կամ ՀԱԿ-ի նկատմամբ: Եթե մարդուն խոշտանգում են, պետք է դրսեւորել մարդկային վերաբերմունք՝ անկախ նրանից, թե ինչում է նա մեղադրվում:
Գագիկ Խաչատրյանի դեպքում նույնպես նորմալ լրատվամիջոցները, այդ թվում՝ «Առավոտը», ինչպես նաեւ որոշ իրավապաշտպաններ ունեցան համանման դիրքորոշում: Տարբերությունը, սակայն, ակնհայտ է: Նախ՝ այն ժամանակ իշխանական քարոզչությունը, թեեւ բավականին ագրեսիվ էր, բայց մարդատյաց եւ մարդակեր գաղափարներ չէր քարոզում: Երկրորդ եւ ամենակարեւոր հանգամանքն այն է, որ այս 20 տարվա ընթացքում բուծվել է մի տասնյակ հազարավոր մարդկանցից բաղկացած զանգված, որը ոչ միայն հրճվանք, այլեւ կարծես ֆիզիկական հաճույք է զգում սադիզմի դրսեւորումներից:
Կարդացեք նաև
Պարզ է, որ հասարակական առումով Փաշինյանը հենց այդ զանգվածի վրա է հույսը դրել: Գագիկ Ծառուկյանի, Արգամ Աբրահամյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի հետ կապված բեմադրությունները նպատակ ունեն այդ մարդկանց մեջ «վառ պահել» ստորին բնազդները, որոնք այս իշխանության կարեւոր հիմքերից են:
Ընթերցողներից մեկն ինձ հարցնում է՝ իսկ ինչու այդ զանգվածը չի ատում, ասենք, Նուբար Աֆեյանին կամ Ռալֆ Յիրիկյանին: Այդ հարցի պատասխանն ինձ համար ակնհայտ է. որովհետեւ նրանց նկատմամբ ատելություն «չի սրսկվում»: Եթե նրանք որեւէ ձեւով խանգարեն Փաշինյանի քաղաքական պլաններին, ապա նրանց խոշտանգումն էլ հրճվանք կառաջացներ:
Մինչեւ 2018 թվականն այդ նույն զանգվածը չէ՞ր ուզում կախեր, վառեր ու քառատեր Սամվել Ալեքսանյանին: Բայց շատ արագ պարզվեց, որ նա «սահուն» է ինտեգրվել փաշինյանական իշխանության մեջ՝ ճիշտ այնպես, ինչպես, որ դա արել էր նախորդ իշխանությունների ժամանակ: Մտել է, այսպես ասած, «հաջողակ տղամարդկանց» ակումբի մեջ: Հիշեցնեմ նաեւ, որ Ծառուկյանն էլ, երբ սատարում էր Փաշինյանին կամ չեզոք էր, նույնպես ուղղակի «գործարար» էր, բայց ոչ՝ «օլիգարխ» եւ «թալանչի»: Ատելությունը, հետեւաբար, ինքնաբերաբար չի առաջանում եւ չի վերանում, այն ուղղորդվում է հայտնի տեխնոլոգիաների կողմից: «Ժողովուրդը նման է խոտի, իսկ տիրակալը՝ քամուն. խոտը թեքվում է այն ուղղությամբ, որով փչում է քամին»՝ դա ասվում էր դեռեւս Կոնֆուցիոսը: Բնականաբար, նրա ժամանակ տեխնոլոգիաներն այլ էին, բայց սկզբունքը նույնն է:
Արդարադատություն, այո, պետք է լինի, բայց այն ձեւը, որով այսօրվա Հայաստանում իրականացվում է առանձին, խիստ «ընտրովի» մարդկանց հետապնդումը, խոսում է այն մասին, որ իշխանության գործողություններն արդարադատության, օրինականության հետ որեւէ կապ չունեն: Դա, ինչպես իրենք են հայտարարում, «քաղաքական վենդետա» է, որը իրականացվում է երկու նպատակով. 1/ «արանքից հանել» քաղաքական ընդդիմախոսներին, 2/ բավարարվածություն, հրճվանք պատճառել սեփական զանգվածին՝ «ապրես, մեռնեմ սրտիդ, լավ ես էդ թալանչիների հախից գալիս»:
…«Ոչ մի ազատություն ազատության թշնամիների համար»՝ այդ արտահայտությունը ավանդաբար վերագրվում է ֆրանսիացի հեղափոխական Լուի Անտուան Սեն-Ժուստին: Այսինքն՝ նրանց, ովքեր մեզ դուր չեն գալիս, կարելի է հայտարարել «ազատության թշնամի», կամ «թալանչի», կամ «ռսաստրուկ», եւ դրանից հետո վարվել սեփական հայեցողությամբ: Այդպես է առաջանում քաոսը՝ ոչ միայն պետության մեջ կամ հասարակական հարաբերություններում, այլեւ մարդկանց հոգիներում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.09.2026


















































