«Փորձում էի ճանապարհին նախապատրաստել իմ խոսքը, լցնել մի քանի բնութագրում, բնորոշում, որով այստեղ կկարողանայի ամբողջությամբ ներկայացնել Հովհաննես Շարամբեյանին, բայց չստացվեց, քանի որ այդ բնորոշումները չափազանց շատ են՝ գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ, հասարակական գործիչ, մշակութային ժառանգության պահպանության ջատագով, թանգարանակերտ, բանաստեղծ… Հենց սրանում է Հովհաննես Շարամբեյանի մեծությունը՝ արվեստագետ, որին հնարավոր չէ տեղավորել մեկ բնութագրման, մեկ ոլորտի, առհասարակ մեկ ասպարեզի մեջ»,- Հայաստանի ազգային պատկերասրահում «Հովհաննես Շարամբեյան -100. Հիշողության պատկերագրություն» բացառիկ ցուցահանդեսի բացմանը նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:
«Բացի նրանից, որ այսօր մի շատ կարևոր արվեստագետի ցուցահանդեսի բացում է, ինձ համար նաև անձնական հուզումնալից պահ կա, քանի որ Վանիկը, ինչպես ես մանկության տարիներին սովոր էի նրա անունը լսել, եղել է պապիկիս (անվանի նկարիչ Գրիգոր Աղասյանի-Գ.Հ.) լավ բարեկամներից: Եվ Վանիկ անունն ինձ կարծես ուղեկցել է մանկության տարիներին, և միշտ շատ բարի և գնահատանքի խոսքեր եմ ես լսել Վանիկի մասին: Հետագայում արդեն, երբ մեծացա, այդ անունն արդեն կապվեց այդ մեծ արվեստագետ Հովհաննես Շարամբեյանի անվան հետ»,- հավելեց պատկերասրահի տնօրենը:
Մարինա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց 2 համադրողներին՝ Հայկուհի Սահակյանին, Նարեկ Վան Աշուղաթոյանին, որոնք, նրա ձևակերպմամբ, մի քանի ամիս անգնահատելի աշխատանք են կատարել, որպեսզի կայանա հրաշալի ցուցադրությունը:
Կարդացեք նաև
Արվեստագետի թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը, նշեց, որ ցուցադրությունը պատրաստելիս նման զգացողություն է ունեցել, թե ի՜նչ ափսոս է, որ Շարամբեյանը քիչ է նկարել։ «Նա անչափ սիրում էր նկարչությունը, բայց, ցավոք, քիչ էր ժամանակը, և այդ ժամանակը, ինչը որ չներդրեց նկարչության մեջ, ուղղվեց մեկ այլ ոլորտ՝ ժողովրդական արվեստի ոլորտ, որտեղ արդյունքը շատ շոշափելի է, և բոլորս քաղում ենք այդ պտուղները հենց այսօր։ Երբ ավարտեցինք ցուցադրությունը, մի պահ հասկացա, որ եթե նա նկարիչ չլիներ, նրա ծրագրերը, ինչը նախագծել էր ժողովրդական արվեստում, այլ տեսք կունենային։ Այսինքն՝ նկարչությունը նրա կյանքի հենքն էր, և եթե չլիներ ժողարվեստը, նրա նկարչությունն այլ նկարչություն կլիներ»,- ընդգծեց նա:
Հայկուհի Սահակյանի խոսքով՝ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված այս հոբելյանական ցուցադրությունը առաջին անգամ համընդգրկուն կերպով ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական լայն ասպարեզները, որոնցում նա մեծ ներդրում է ունեցել: Շարամբեյանի կենսագրությունը չի սահմանափակվում միայն ստեղծագործական վաստակով, այլ նաև ընդգրկում է ազգային ժառանգության պահպանման, թանգարանային և գեղարվեստական կյանքի կազմակերպման կարևոր ոլորտները։
Համադրողների ձևակերպմամբ՝ Շարամբեյանի արվեստն ու մշակութային գործունեությունը կարելի է դիտարկել որպես «հիշողության պատկերագրության» ամբողջական համակարգ։ Նրա ստեղծագործություններում մարդիկ, առարկաները, քաղաքային ու գյուղական միջավայրը, պատմաճարտարապետական հուշարձաններն ու հայրենի բնաշխարհը ներկայանում են որպես ժամանակի հետքը կրող և անցյալի ժառանգությունը ներկային փոխանցող կերպարներ։ Նույն աշխարհընկալումն է ընկած ժողովրդական արվեստի հանդեպ նրա հետևողական հետաքրքրության հիմքում։ Պատկերը, իրը, մշակութային միջավայրը և թանգարանը նրա գործունեության մեջ կազմում են փոխկապակցված ամբողջություն։
Շարամբեյանի բազմաբովանդակ գործունեությունը միտված էր հանրության գեղագիտական ճաշակի ձևավորմանը, ազգային ժառանգության արժևորմանը, գեղարվեստական ավանդույթների պահպանմանն ու արդիականացմանը և ազգային ինքնության գիտակցության ամրապնդմանը։ Շարամբեյանի գաղափարներն այսօր իրենց շարունակությունն են գտնում Երևանի և Դիլիջանի՝ նրա անունը կրող ժողովրդական արվեստների թանգարաններում։
Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը նպատակ ունի բացահայտելու նրա ստեղծագործական լայն ընդգրկումն ու մշակութային գործունեության բազմազան ոլորտները՝ համադրելով Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի Ժողովրդական արվեստների թանգարանի, Դիլիջանի երկրագիտական թանգարանի, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության, Հայաստանի նկարիչների միության, ինչպես նաև արվեստագետի ընտանիքի ու մասնավոր հավաքածուների գործերը։ Հավելենք, որ ցուցադրությունը կազմակերպվել է Green Rock հիմնադրամի աջակցությամբ, որի հետ, ըստ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի, դեռևս կունենան համատեղ գեղեցիկ միջոցառումներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
























































