Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց մոտ թյուր կարծիք է՝ մի կնոպկա է, ռուսը չի թողնում սեղմենք»․ ինչո՞ւ 44-օրյա պատերազմում Հայաստանի ՀՕՊ համակարգը չգործեց

Սեպտեմբեր 11,2026 12:50 Share

«Ձեր տեսանյութերից մեկում խոսել եք, որ 2020 թվականին, եթե ՀՀ-ն ունենար բազմաշերտ հակաօդային պաշտպանություն, բայրաքթարները չէին ունենա նման ռեկլամ, այսինքն՝ հաջողության չէին հասնի: Ուզում եմ հասկանալ՝ ինչպիսի՞ն է ձեր պատկերացումը Հայաստանի անվտանգության մասին, ինչպիսին պետք է լինի, որովհետև եթե մենք այսօր դիտարկում ենք ռեալ իրավիճակում՝ Ուկրաինայի անօդաչու սարքերը հասնում են մինչև Սարատով։ Այսինքն՝ մեր գլխավոր ռազմական գործընկերը դեռ այս փուլում չունի դրա մասին մեծ պատկերացում, չի կարողանում իր անվտանգությունը ապահովի, մենք ի՞նչ ենք բաց թողել»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Խաչատրյանը հարցրեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Վաղինակ Վարդանովին առաջադրել էր հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում․ նա ընտրվեց միաձայն։

«Որ մեր հյուսիսային դաշնակիցը չունի այդպիսի պատկերացում, ըստ իս՝ դա կախված է տարածքի չափերից: Մենք կարող ենք համեմատվել, օրինակ, Իսրայելի հետ, որտեղ փառապանծ «Երկաթե գմբեթ» համակարգը կա, որը մեծամասամբ կարողանում է իր գործը ապահովի, չնայած նախատեսված է եղել ռեակտիվ ռակետների համար՝ իրենց դեմ հակահրթիռային պաշտպանության համակարգ է: Դրա համար շատ հաճախ իրանական ԱԹՍ-ները կարողանում են տեղ հասնել: Իսրայելի օրինակը շատ լավ օրինակ է մեզ համար, որից կարող ենք մենք դասեր քաղել, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի պաշտպանության մասին: Եթե համեմատենք Ռուսաստանի Դաշնության հետ, պետք է համեմատվենք Մոսկվայի հակաօդային պաշտպանության հետ: Ու եթե տեսնում եք՝ այնտեղ այդ ուղղությամբ շատ մեծ քանակի ԱԹՍ-ներ ու հրթիռներ են բաց թողնվում, ու շատ փոքր քանակն է տեղ հասնում: Դա այդ ՀՕՊ համակարգի աշխատանքի շնորհիվ է»,- եղավ պատասխանը։

Նա նաեւ հավելեց՝ երբ ասում է՝ մենք չենք ունեցել այդ ՀՕՊ համակարգը, դա չի նշանակում, որ պետք է ռուսական լինի պարտադիր։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը միջամտեց զրույցին․ «Գործընկերների այս երկխոսությունը շատ հետաքրքիր էր, հատկապես դահլիճում ներկա է մեր հանձնաժողովի փորձագետ, Զինված ուժերի ՌԷՊ զորքերի նախկին հրամանատարը՝ պատասխանատու գնդապետ Վահան Ավետիսյանը, որը շատ բան ունի դրա մասին պատմելու, բայց բաց նիստում, ցավոք սրտի, չենք կարող: Գործընկերներին նաև կոչ կանեմ առաջիկայում գաղտնիության թույլտվությունը որ ստանաք, այդպես էլ կյանք չստացած էդ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթանաք: Բավականին հետաքրքիր շերտեր կան այնտեղ, բավականին աղմկահարույց մատնանշումներ, որը գաղտնի է, դրա համար իրավունք չունեմ հրապարակել: Հակառակ դեպքում մեր հասարակության աչքերը շատ ավելի լայն կբացվեին: 48 միլիոն դոլարի մետաղի ջարդոն, որ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, հազար ու մի տեսակ հարցերի, բայց առաջիկայում, վստահ եմ, այդ գաղտնիության թույլտվությունը մեկ-երկու օրվա հարց է լինելու: Անպայման ծանոթացեք, տարօրինակ զեկույց է և շատ փաստեր այնտեղ կան»։

Հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը Գեղամ Մանուկյանին առաջարկեց՝ լիազորությունների շրջանակում մտածել մի նախաձեռնություն, որը հնարավորություն կտա զեկույցը հասանելի դարձնել հանրության համար։

Վաղինակ Վարդանովը նաեւ հավելեց՝ որ նշվեց ՔՊ-ական պատգամավորի կողմից, համատեքստից հանած էր ու խոսքը վերաբերում էր ընդհանուր հայ-ռուսական ՀՕՊ համակարգին, ընդհանուր կառավարմանը․ «Մարդկանց մեջ թյուր կարծիք է առաջացնում, թե մի կնոպկա է, ռուսը չի թողնում այդ կնոպկեն սեղմենք: Իսկ ընդհանրապես դա ուղղակի կառավարման կետ է, որտեղ հայ եւ ռուս զինվորականներ են նստած ու ընդհանուր որոշումներ են կայացնում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել