2026 թվականի սեպտեմբերի 11-ին Լյուքսեմբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրոպական գլխավոր դատախազ Լաուրա Կոդրուտա Կովեշին ստորագրել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Եվրոպական դատախազության միջև համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածություն։
Փաստաթղթի նպատակն է ամրապնդել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Եվրոպական դատախազության միջև համագործակցությունը՝ իրենց իրավասությունների շրջանակներում իրականացվող քննությունների և քրեական հետապնդումների ոլորտում։
Աշխատանքային պայմանավորվածությամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը։
Համաձայն աշխատանքային պայմանավորվածության՝ Կողմերը միմյանց կտրամադրեն առավելագույն աջակցություն կոնկրետ գործի շրջանակներում տեղեկություններ և ապացույցներ ձեռք բերելու հարցում՝ գործող ազգային օրենսդրության և վերաբերելի միջազգային իրավական փաստաթղթերի շրջանակներում։
Կարդացեք նաև
Համագործակցության կարևոր ուղղություններից են նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների սառեցումը, առգրավումն ու բռնագրավումը։ Կողմերը, իրենց իրավասությունների շրջանակում և գործող իրավական կարգավորումներին համապատասխան, կարող են համագործակցել նաև համատեղ քննչական խմբերի ձևաչափով։
Աշխատանքային պայմանավորվածությունը նախատեսում է նաև համատեղ վերապատրաստումների անցկացում, սեմինարների, աշխատաժողովների և համաժողովների կազմակերպման շրջանակներում համագործակցություն, ինչպես նաև փոխադարձ տեխնիկական և այլ աջակցություն։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, կարևորելով Եվրոպական դատախազության հետ համագործակցությունը որակապես նոր փուլ տեղափոխող փաստաթղթի ստորագրումը, նշել է. «Ֆինանսական հանցագործություններն իրենց բնույթով հաճախ դուրս են գալիս մեկ պետության սահմաններից, իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շարժը կարող է անցնել բազմաթիվ իրավազորությունների միջով։ Հետևաբար, դրանց արդյունավետ բացահայտումն ու հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերականգնումը պահանջում են իրավապահ մարմինների միջև արագ, համակարգված և վստահելի համագործակցություն։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը կարևորում է Եվրոպական դատախազության հետ համագործակցության այս նոր մակարդակի ձևավորումը։ Համոզված եմ, որ աշխատանքային պայմանավորվածությունը գործնական նշանակություն կունենա ինչպես ԵՄ ֆինանսական շահերի պաշտպանության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համար հետաքրքրություն ներկայացնող ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Մեր նպատակն է՝ ապահովել, որպեսզի հանցավոր գործունեության և ապօրինի ձեռք բերված ակտիվների դուրս բերումն այլ երկրներ չդառնա անպատժելիության երաշխիք»։
Եվրոպական գլխավոր դատախազ Լաուրա Կոդրուտա Կովեշին, անդրադառնալով պայմանավորվածության ձեռքբերմանը, նշել է. «Այսօր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հետ միասին մենք համաձայնության եկանք այն մասին, թե ինչպես ենք համագործակցելու խարդախության միջոցով ԵՄ բյուջեին վնաս պատճառած հանցագործությունների դեմ պայքարում։ Հանցագործները կանգ չեն առնում սահմանների առջև, և մենք նույնպես կանգ չենք առնի։ Մենք կհետևենք նրանց կողմից խարդախության միջոցով հափշտակված գումարներին՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք թաքցնում դրանք, և կվերադարձնենք այդ միջոցները»։
Աշխատանքային պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ 2026 թվականի սեպտեմբերի 11-ից։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին


















































