Հոկտեմբերի 10-ին «Best Western Plus Congress» հյուրանոցում կայացավ «Newmag Francofest 2026» 4-րդ միջազգային գրական փառատոնը, որն այս տարի զուգադիպեց Սուրբ Թարգմանչաց տոնին։ «Thé à la menthe» (Անանուխով թեյ) և Ազնավուրի հայտնի «Toi et moi» երգի խորագրի ներքո անցկացվող փառատոնը մեկ հարկի տակ էր հավաքել ֆրանկոֆոն մշակույթի սիրահարներին, դիվանագետների, թարգմանիչների, բուհերի ուսանողներին ու միջազգային ճանաչում ունեցող հեղինակների։
Փառատոնի բացմանը «Newmag» հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը ընդգծեց, որ Ֆրանկոֆեստը վաղուց դուրս է եկել պարզապես գրքերի շնորհանդեսի սահմաններից՝ դառնալով մշակույթների ու լեզուների հանդիպման վայր։
«Մեր հիշողությունը նման է 5-րդ դարի պալիմպսեստի՝ «Կոդեքս Էֆրեմի Պրեսկրիպտուսին», որտեղ հին տեքստի վրա գրվել է նորը, բայց առաջինն անհետ չի կորել։ Նեյրոգիտությունն էլ փաստում է, որ նոր փորձառությունը չի ջնջում անցյալը, այլ վերակազմակերպում է այն»։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) ռեկտորն իրենց ելույթներում հատուկ շնորհակալություն հայտնեցին Երևանի պետական համալսարանին (ԵՊՀ), Բրյուսովի անվան համալսարանին և ՀՖՀՀ-ին, որոնց ֆրանսախոս ուսանողները ակտիվորեն ներգրավված են «Գոնկուր Հայաստան» ուսանողական ժյուրիի կազմում։
Կարդացեք նաև
Փառատոնին ներկայացվեցին ժամանակակից ֆրանկոֆոն 4 առանցքային գրքեր.
Ֆիլիպ Մարչևսկի — «Երբ Սեսիլը»
Օլիվիե Բուրդո — «Բոժանգլզին սպասելիս»
Շարիֆ Մաժդալանի — «Անունն արքայաց» (Գոնկուր Հայաստանի հաղթող)
Էմիլի Բում — «Ձկնորսի երազը» (OIF «5 մայրցամաքների» մրցանակակիր)
Փառատոնի առանցքային իրադարձություններից էր «Գոնկուր Հայաստան»-ի հաղթող, լիբանանցի անվանի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անունն արքայաց» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսն ու հեղինակի հետ խորքային զրույցը։ Մաժդալանին, անդրադառնալով իր վեպին ու պատմական զուգահեռներին, կիսվեց Լիբանանի հայկական համայնքի հետ իր ջերմ կապերով:
«Ես մեծացել եմ Բեյրութում՝ հայ հարևանների, ընկերների ու արհեստավորների կողքին։ Իմ վեպերում հայկական ազգանուններն ու կերպարները պատահական չեն. դրանք իմ մանկության ու իմ ապրած միջավայրի անբաժան մասն են։ «Անունն արքայաց» վեպը իշխանության, պատմության ընթացքի, կորստի և մարդկային ճակատագրերի մասին է, որոնք այնքան հարազատորեն ընկալվում են նաև Հայաստանում»։
Բելգիացի անվանի գրող, Ռոսելի և Եվրոպական գրականության մրցանակների դափնեկիր Ֆիլիպ Մարչևսկին «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձավ իր «Երբ Սեսիլը» վեպի հայերեն հրատարակմանն ու հայ ընթերցողի հետ հուզական ընդհանրություններին.
«Անչափ ուրախ եմ Երևանում լինելու համար: Իմ գիրքը հիշողության և քո սիրած ու վաղահաս հեռացած մարդկանց կորստի մասին է, որը համամարդկային զգացմունք է: Գիտեմ, որ Հայաստանում վերջին շրջանում շատ երիտասարդներ են զոհվել, իսկ իմ գիրքը ավտովթարից հեռացած 27-ամյա աղջկա մասին է: Կարծում եմ՝ կորստի այդ անհեթեթության ու տխրության զգացողությունը շատ հարազատ է հայ ընթերցողին»:
Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ նաև հատուկ երկձայն ընթերցում՝ Արթուր Կարապետյանի և Ֆիլիպ Մարչևսկու մասնակցությամբ։
Փառատոնի հաջորդ կարևոր իրադարձությունը ֆրանսիացի գրող Օլիվիե Բուրդոյի «Բոժանգլզին սպասելիս» (En attendant Bojangles) վեպի շնորհանդեսն էր՝ թարգմանիչ Վահագն Աթաբեկյանի մասնակցությամբ։
Հեղինակն անկեղծացավ իր գրքի ընկալման շուրջ.
«Ես եղել եմ դեպրեսիայի մեջ, իսկ հետո՝ էյֆորիկ ու հուսահատ: Այդ մելանխոլիան ու հուսահատության էներգիան է ինձ առաջ մղել գրելիս: Գրախանութում մի կին ինձ ասաց, որ սա իր կարդացած ամենաուրախ գիրքն է, իսկ կողքին նստած մարդն ասաց՝ ամենատխուրը: Այս երկու հակադիր հույզերն էլ ապրում են այս գրքում»։
Գրող և թարգմանիչ Վահագն Աթաբեկյանը, ով թարգմանել է փառատոնին ներկայացված գրքերից երեքը, նշեց.
«Ինչպես գրում էր Յոսեֆ Բրոդսկին՝ «Գրականությունը կիսված միայնության արդյունք է»: Գիրքը ժամանակի մեջ ճամփորդելու մեքենա է, որն ընդունակ է ձեզ տեղափոխել այլ տիեզերքներ՝ թերթվող էջի արագությամբ»:
Փառատոնի ընթացքում արձակագիր Նարինե Կրոյանն իմացավ, որ իր «Ճանճերի ժամանակը» վեպը թարգմանվել է ֆրանսերեն.
«Պատերազմը բացարձակապես անցնում է մարդկանց ճակատագրերի վրայով։ Իմ գիրքը մեր ապրած ցավի մասին է, իսկ ցավի ու կորստի լեզուն հասկանալի է բոլորին»։
«Ձկնորսի երազը» վեպի շնորհանդեսին թարգմանչուհի Լիլիթ Բլեյանը և խմբագիր Աննա Բախշյանը զուգահեռներ անցկացրին Աֆրիկայի, Արցախի ու Փարիզի միջև՝ շեշտելով, որ մարդը ամենուր կանգնած է նույն ինքնության, սպառողական հասարակության մարտահրավերների ու արմատների պահպանման առջև։
Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ նաև բացառիկ զրույց «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆեյժոյի և Արտակ Ալեքսանյանի միջև՝ «Թարգմանությունը՝ որպես մշակութային երկխոսություն» թեմայով։
«Առավոտ»-ի հետ զրույցում Արտակ Ալեքսանյանը բացահայտեց «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության հետ առաջիկա համագործակցության մանրամասները. ըստ այդմ՝ նախատեսվում է առաջիկայում հայերեն թարգմանել ու հրատարակել համաշխարհային փիլիսոփայական, գիտական ու գեղարվեստական կանոնիկ խոշորագույն երկերը՝ խթանելով հայերենի զարգացումը, ակադեմիական մտքի հարստացումն ու միջազգային մշակութային երկխոսության ընդլայնումը։
Երեկոյի գլխավոր երաժշտական իրադարձությունն ու անակնկալը դարձավ Շառլ Ազնավուրի «Toi et moi» հանրահայտ երգի հայերեն տարբերակի առաջին պաշտոնական պրեմիերան՝ Սյուզաննա Մելքոնյանի և Տիգրան Քաղվեջյանի կատարմամբ։
Փառատոնի պաշտոնական փակման արարողությունից հետո երեկոն եզրափակվեց տոնական համերգով։ Երգչուհի Աննա Մովսեսյանը ներկայացրեց ֆրանսիական հայտնի երգեր, ինչպես նաև տեղի ունեցավ «Mr. Bojangles» երգի պրեմիերան։
Արգինա ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ























































