Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը ոչ մի բարոյական իրավունք չունի, Էդգարիկը»․ Սասուն Միքայելյանին դուր չեկավ Էդգար Ղազարյանի ելույթը

Սեպտեմբեր 14,2026 10:50 Share

ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքների մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին չորս տարի առաջ, Ջերմուկի վրա ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակման հետեւանքով զոհվածների հիշատակը։ Առաջարկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովինն էր։

Իր խոսքում, ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ քանի որ ԱԺ նախագահը չհիշատակեց, ինքն է առաջարկում՝ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։

«Շատ լավ, հարգենք»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն էլ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց՝ չի՞ պատրաստվում հրաժարական ներկայացնել։ Ընտ ընդդիմադիր պատգամավորի, Ռուբեն Ռուբինյանը չի կարողանում ճիշտ կազմակերպել խորհրդարանի աշխատանքները, հետեւաբար, պետք է հրաժարական տա։ Նա նաեւ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է գլխադասային հանձնաժողովում շրջանառության մեջ դրվել ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը, բայց հետո այն հանվել է՝ առանց քննարկման։ Հիշեցնենք, այդ նախագիծը Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի սկսած արշավի շրջանակում է, որին նաեւ կառավարությունում են դրվատանքով վերաբերվում։

«Չէ, չեմ պատրաստվում»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Տեսանյութը՝ այստեղ

Այնուհետեւ, իր ելույթում, Էդգար Ղազարյանը խոսեց՝ ասելով՝ «Ուժեղ Հայաստանի հարգելի պատգամավորներ»։ Դա դուր չեկավ Սասուն Միքայելյանին․ նա վրդովվեց՝ ասելով․ «Դիմում եմ ձեզ որպես Ազգային ժողովի նախագահ, մեր խոսնակներից մեկը «Ուժեղ Հայաստանից» է։ Խնդրում եմ մարդկանց կարգի հրավիրեք, գուցե որ այստեղ անախորժություններ․․․ պիտի ասեք ես մեղավոր եմ։ Մենք մարդ ենք այստեղ նստած։ Ինքը ոչ մի բարոյական իրավունք չունի, Էդգարիկը, որ ասի՝ «Ուժեղ Հայաստանի» հարգելի պատգամավոր, չգիտեմ ինչ․․․ Թող այդ գործելաոճը, եղբայր, փոխեն։ Մենք մեր երկրի համար, մեր պետության, մեր ժողովրդի համար ենք ծառայում, չենք եկել այստեղ մարտի դաշտ։ Եթե նման բաներով գնա, սա շատ դաժան հետևանք կունենա։ Չի կարելի»։

Սասուն Միքայելյան

«Հասկանում եմ ձեր վրդովմունքը։ Եթե անկեղծ լինեմ, ես էլ հազիվ եմ ինձ զսպում, որ օրինակ չգամ, գամ այստեղ ասեմ՝ հարգարժան «Քաղաքացիական պայմանագրի» գործընկերներ, բայց ես հասկանում եմ, որ դա սխալ է։ Բայց ամեն դեպքում, պարոն Ղազարյանը «Ուժեղ Հայաստանի» դեմքն է։ Կան կարծիքներ, ըստ որոնց՝ պարոն Ղազարյանը «Ուժեղ Հայաստանի» առաջնորդներից մեկն է։ Ես հակված եմ այդ կարծիքին, և ես կարծում եմ, որ մենք պետք է հաշվի նստենք այն փաստի հետ, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդներից մեկը այդպես է վարվում։ Պետք է դա պրոյեկտենք «Ուժեղ Հայաստանի» վրա, պետք է «Ուժեղ Հայաստանին» վերաբերվենք ուժ, որը դավանում է այդ արժեքները, և վարվենք համապատասխանաբար։

Բնականաբար, համապատասխանաբար վարվել չի նշանակում անել նույնը, որովհետև ես կարծում եմ, որ դա մարդկային տարրական բարեկրթությունից դուրս է, բայց դե հիմա դա է, պարոն Միքայելյան։ Բայց եթե անկեղծ լինենք, այնպես չի էլի, որ ես և դուք սույն սուբյեկտի հարգանքի արտահայտմանը սպասելիս ենք մնացել։ Ես առաջարկում եմ ուղղակի, ուղղակի անտեսել, անտեսել այդ սուբյեկտին»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ շնորհակալություն հայտնելով Սասուն Միքայելյանին՝ իր զուսպ պահվածքի համար։

Էդգար Ղազարյան

«Եթե մենք ունենայինք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին արժանի նախագահ, ապա այս պահին կհնչեր ոչ թե նման արձագանք, այլ դիտողություն կարվեր քիչ առաջ հարց տված պատգամավորին՝ մեկ այլ պատգամավորի վիրավորելու և սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ։ Ինձ համար ցավալի է նաև ձեր անտեղյակությունը իմ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության և խմբակցության կարգավիճակի վերաբերյալ, որովհետև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ունի առաջնորդ և ղեկավար, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ունի ղեկավար։ Մեր կուսակցության առաջնորդն ու ղեկավարը Սամվել Կարապետյանն է, խմբակցության ղեկավարը՝ Նարեկ Կարապետյանն է։ Ձեր անտեղյակությունը, կարծում եմ, նորից այն ապացույցն է, որ դուք չեք համապատասխանում ձեր զբաղեցրած պաշտոնին»,- արձագանքեց Էդգար Ղազարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930