Փորձագետ Ալեն Ղուլյանը՝ ուշադրություն հրավիրելով Շուշիի մզկիթներից մեկում կազմակերպված հերթական բեմադրության վրա, ահազանգում է.
«Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է ակտիվորեն օգտագործել օկուպացված Շուշիում իրականացվող ձևափոխումներն ու «վերականգնողական» աշխատանքները՝ հայկական կողմին վանդալիզմի մեջ մեղադրելու համար»:
Ղուլյանի փոխանցմամբ՝ մզկիթի «վերականգնման» ընթացքում ադրբեջանական կողմը պատի մի հատված ձևավորել է որպես առանձին ցուցանմուշ։ Քարի վրա փորագրված փոքրիկ խաչը ծածկվել է ապակիով, իսկ վրան ադրբեջաներենով և անգլերենով տեղադրվել է հետևյալ գրությունը․ «Օկուպացիայի շրջանում հայկական վանդալիզմի ենթարկված մզկիթում վերականգնողական աշխատանքների ընթացքում պատի վրա հայտնաբերվել է փորագրված խաչ»։
Փորձագետը նշում է, որ հայտնի չէ, թե երբ և ինչ հանգամանքներում է այդ խաչն հայտնվել պատին, սակայն հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության զանգվածային ոչնչացման և պատմության նենգափոխման տեմպերը՝ մեծ է հավանականությունը, որ այն հատուկ է փորագրվել հենց ադրբեջանցիների կողմից՝ քարոզչական նպատակներով։
Կարդացեք նաև
«Այս ամենը հաշվարկված է նրա համար, որպեսզի յուրաքանչյուր այցելու և զբոսաշրջիկ հենց մուտքից մեզ տեսնի որպես բարբարոսների։ Եվ սա տեղի է ունենում մի քաղաքում, որտեղ այդ մզկիթից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա նրանք ամբողջությամբ ավերել ու պղծել են հայկական եկեղեցիներն ու գերեզմանոցները»,- ընդգծել է Ալեն Ղուլյանը։
Ռուսերենից թարգմանությունը՝ «Ապառաժի»


















































