«Օրակարգը մի շեղեք, այս բոլոր քայլերն օրակարգ շեղելու համար են՝ թուրք է մտել Հայաստան, մտել է ընտանիք, փորձել է սպանել ընտանիքի անդամներին։ Իրենք պետք է քաղաքական գնահատական տան, պետք է ասեն, որ չեն արտահանձնելու այդ ադրբեջանցուն Ադրբեջան այն նախորդ դեպքի պես, երբ եկան ու մարդ սպանելուց հետո արտահանձնվեցին։ Մենք զգում ենք, որ իրենք ուզում են էլի հայերի վրա կրակած, տուն մտած, քաղաքացիական անձանց վրա կրակած անձին հանձնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստում տեղի ունեցած վիճաբանությանն ու ծեծկռտուքին։
Նարեկ Կարապետյանը հավելեց․ «Այն մարդիկ, ովքեր հայ ընտանիքի վրա, քաղաքացիական անձանց վրա զենք են պահում, պետք է ենթարկվեն պատասխանատվության, պետք է գնան ԱԱԾ «պադվալ» (նկուղ,-խմբ.), տասնամյակներով այնտեղ մնան։ ԱԱԾ «պադվալն» այդպիսի մարդկանց համար է, ոչ թե հայ ազգի բարերարների համար է, ոչ թե իրենց ընդդիմադիր հակառակորդների համար է»։
Նա հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղյակ է պահել, որ ադրբեջանցի զինծառայողը լքել է ծառայության վայրը, բայց ոչ ոք հայ գյուղացիներին տեղյակ չի պահել, որ ադրբեջանցի զինված զինվորն այդ տարածաշրջանում է։
«Ոչ մի որոնողական աշխատանք չի կատարվել, որովհետեւ ամեն ինչի մատների արանքով են նայում։ Իրենք օրակարգ են փոխում, տեսեք՝ երկու քաշքշուկ, օրակարգը փոխվում է։ Բայց հիմնական օրակարգին ժողովուրդն ուշադրություն չի դարձնում, որ մի ադրբեջանցի եկել է, պետությունը չի կարողացել մեկի հարցը լուծել, ինչպե՞ս են իրենք հազարների հարցը կարողանալու լուծել, երբ այդ երկրում քարոզ է գնում ազգությամբ հայ մարդկանց դեմ»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նարեկ Կարապետյանն անդրադարձավ նաեւ իշխանությունների այն հորդորներին, որ գյուղացիները պաշտպանվելու համար կարող են շուն պահել։ «Ասում են՝ շուն պահեք, որ պաշտպանվեք։ Պետական համակարգում այսքան պարգեւավճարներ են ստանում, այդ ամբողջ համակարգը չի կարողանում լուծել անվտանգության հարցը, չոբանի շունը պետք է լուծի՞»,- նշեց նա։
Կարապետյանի խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողն արտահանձնվելուց հետո Ադրբեջանում հերոսացվելու է, ինչպես ժամանակին հային գլխատած Սաֆարովը հերոսացվեց։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































