Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ադրբեջանը հանցագործություն է որակել այն, ինչը թույլատրել է ինքը. մաս 2

Հոկտեմբեր 06,2026 14:24 Share
Աջակցեք aravot.am-ին

«Փաստինֆո». սկիզբը՝ այստեղ:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
2. Հոդված 100.2 — Ագրեսիվ պատերազմ վարելը

Վերագրվող արարք. «Մասնակցություն ինքնիշխան տարածքների օկուպացիայի շարունակմանը». Ռուբեն Վարդանյանի «միացում»-ը վերագրվող այս արարքին, այսինքն՝ «ինքնիշխան տարածքների օկուպացիայի շարունակմանը», ըստ գործի, տեղի է ունեցել 2020 թ. դեկտեմբերին։

Մեղադրանքի հիմքում ընկած ապացույցներ. «Պատերազմ վարելուն» ուղղված որևէ գործողության վերաբերյալ ապացույց չի ներկայացվել։ «Միացման» միակ փաստական հենքը «Ավրորա» նախաձեռնության կողմից 09.12.2020-ին միջոցների հատկացումն է Արցախին և դափնեկիր Միրզա Դիննայիի ժամանումը Ստեփանակերտ, ինչպես նաև «օպերատիվ տեղեկությունները», որոնք հայտնի չէ, թե ինչ են իրենցից ներկայացնում։ Բացակայում են միացման ակտը, ամսաթիվը, կոնտրագենտը, ինչպես նաև հումանիտար ֆինանսավորման և ռազմական գործողությունների միջև որևէ կապ։

Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակվել է 20 տարի ազատազրկում՝ դատավճռի առավելագույն ժամկետներից մեկը։

Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Ամենաաբսուրդայինն այստեղ այն է, որ Բաքվի ռազմական դատարանին հաջողվել է «ապացուցված» համարել երբևէ զինվորական կարիերա չունեցած, երբևէ ոչ մի ռազմական գործողության չմասնակցած Ռուբեն Վարդանյանին ներկայացված՝ «ագրեսիվ պատերազմ վարելու» մեղադրանքը:

«Պատերազմ վարելը» նշանակում է զինված հարձակում իրականացնել։ Դատարանն այս հասկացությունը փոխարինում է «օկուպացիայի շարունակմամբ», այսինքն՝ պատժում է ոչ թե արարքի, այլ տարածքում գտնվելու համար։ Ընդ որում, 2020 թ. նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքի կարգավիճակը սահմանված էր եռակողմ հայտարարությամբ, որը ստորագրել էր նաև Ադրբեջանի նախագահը, և ըստ որի այնտեղ տեղակայվեցին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանը հանցագործություն է որակում այն, ինչը, ըստ էության, թույլատրել է ինքը։

Այստեղ առկա է հակասություն. Ըստ մեղադրանքի՝ Վարդանյանը «միացել» է «ինքնիշխան տարածքների օկուպացիայի շարունակմանը» 2020 թ. դեկտեմբերին, այն դեպքում, երբ պատերազմն արդեն ավարտված էր, և նա Մոսկվայում էր։ Բայց այստեղ էլ Բաքվի դատարանը ելքը գտել է. ըստ մեղադրանքի՝ «միացումն» ինքնին ապացուցվում է «Ավրորայի» մարդասիրական նախաձեռնության ֆինանսավորմամբ, որն էլ հանցավոր է համարվում այն պատճառով, որ նրա հիմնադիրն արդեն «միացել» էր «ինքնիշխան տարածքների օկուպացիայի շարունակմանը»։

Այստեղ, իհարկե, իմաստ չունի որևէ տրամաբանություն փնտրել, քանի որ դա պարզապես գոյություն չունի: Ունեք փակ շրջան, որտեղ ոչ մի օղակ ինքնուրույն ապացուցված չէ։ Բայց դա ամենևին չի խանգարել, որ մեղադրանքը համարվի «ապացուցված», և Վարդանյանը ստացել է այս հոդվածով սահմանված առավելագույն պատիժը՝ 20 տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել