Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարադատություն ըստ Ադրբեջանի». «Փաստինֆոն» սկսում է Ռուբեն Վարդանյանի գործով դատավճռի վերլուծությունը. մաս 1

Հոկտեմբեր 05,2026 16:13 Share
Աջակցեք aravot.am-ին

«Փաստինֆոն» սկսում է «Արդարադատություն ըստ Ադրբեջանի» խորագրով հրապարակումների շարքը՝ վերլուծելով Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը:

 ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը սեպտեմբերի սկզբին հայտարարել էր, որ Free Armenian Prisoners կայքում առաջին անգամ ամբողջությամբ հրապարակվել են Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության ու դատավճռի անգլերեն թարգմանությունները: Նա նաև կոչ էր արել  իրավաբանների մասնագիտական համայնքին, հետազոտական կենտրոններին գործը դարձնել ակադեմիական ուսումնասիրության և մասնագիտական քննարկման առարկա, ինչին և մենք ձեռնամուխ ենք լինում:
 
Այս շարքով մեր ընթերցողին  ներկայացնելու ենք, թե ինչ որակի «դատավարություններ» են ընթացել և ինչ կարգի գործ է պատրաստվել  Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կողմից մեր հայրենակիցների նկատմամբ:  Մասնագիտական վերլուծության համար ներգրավել ենք  միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանին:
 
Վերլուծությունը ներկայացնելու ենք ըստ մեղադրանքների և հոդվածների: Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել Ադրբեջանի  Քրեական օրենսգրքի 20 հոդվածներով նախատեսված 40 մեղադրանքներով: 

I.    ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ  և ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
  
1. Հոդված 100.1 — Ագրեսիվ պատերազմի պլանավորում, նախապատրաստում կամ սանձազերծում

Վերագրվող արարք. Մասնակցություն «նոր հարձակումների պլանների» նախապատրաստմանը «հանցավոր կազմակերպության կազմում»։

Մեղադրանքի հիմքում դրված  ապացույցներ. Վերագրվող արարքը հիմնավորող ապացույցները բացակայում են։  Որպես «ապացույց» ներկայացված են Ռուբեն Վարդանյանի Ստեփանակերտի գրասենյակի խուզարկության արձանագրությունը (03.10.2023) և այնտեղից առգրավված փաստաթղթերը, ՊԱԾ ռազմական հակահետախուզության գրություններ և «օպերատիվ տեղեկություններ»: Դրանց  բովանդակությունը դատավճիռում որևէ կերպ բացահայտված չէ, և ներկայացված չեն այդ փաստաթղթերի և վերագրվող արարքի պատճառհետևանքնային կապերը։

Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 11 տարի ազատազրկում։

Տարոն Սիմոնյանի վերլուծությունը: Մեղադրական դատավճիռը հիմնված է ենթադրությունների վրա:
 
Դատավճիռը չի նշում ո՛չ այն պետությունը, որի ագրեսիան իբր պլանավորվել է, ո՛չ պլանի բովանդակությունը, ամսաթիվը, հեղինակին կամ հասցեատիրոջը, և չի հիմնավորում ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դիտավորությունը։

Ստացվում է, որ մասնավոր անձը, ով երբեք չի զբաղեցրել ռազմական կամ անվտանգության պաշտոն, այստեղ դարձել է պետական հանցագործության սուբյեկտ, ինչը տրամաբանական ու իրավական սխալ է և խախտում է անգամ Ադրբեջանի օրենսդրությունը:

Ադրբեջանի քրեական օրենսդրության պահանջվող հանցակազմի հատկանիշներից ոչ մեկը հաստատված չէ, իսկ եզրահանգումը կառուցված է ձերբակալությունից հետո առգրավված անանուն փաստաթղթերի վրա, որոնց բովանդակությունը դատարանն անգամ չի ներկայացնում, քանի որ ակնհայտ է, որ  կամ «բովանդակություն» չկա, կամ այդ «բովանդակությունն» իրենց օգտին չէ:

Սա խախտում է մեղքի բավարար հիմնավորվածության և անմեղության կանխավարկածի պահանջն այն մասով, որ մեղադրական դատավճիռը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա (ՔԴՕ 351.2)։

Բացի այդ, Ռուբեն Վարդանյանին  վերագրվող «նոր հարձակումներից» ոչ մեկն այդպես էլ տեղի չի ունեցել, և դատարանն էլ դա չի պնդում։

Չնայած այս ամենին՝ դատարանը մեղադրանքը համարվել է «ապացուցված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել