Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաթանկարժեք սարքն անօգուտ է, եթե կինը չի հասնում դրա մոտ․ Հայաստանում տարեկան շուրջ 1600 կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպք է հայտնաբերվում

Հոկտեմբեր 06,2026 12:03 Share
Աջակցեք aravot.am-ին

«Կրծքագեղձի քաղցկեղը ամբողջ աշխարհում հիվանդացության մակարդակով գտնվում է առաջին տեղում»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը:

Նա որոշ տվյալներ ներկայացրեց. «Եթե 2018-ին ունեինք 40 տոկոս 4-րդ փուլի հիվանդներ, ապա 2025-2026թթ. մեզ մոտ 4-րդ փուլի հիվանդացությունն իջել է 13 տոկոս: Սա խոսում է այն մասին, որ վերջին տարիներին իրականացված պետական ծրագրերը ամբողջովին կարողացել են ներգրավել կանանց: Դիմելիությունն ավելի վաղ է լինում, նրանք առաջինից երրորդ փուլերում են ավելի շուտ դիմում:

Հայկուհի Գեոկչյան

Պետական ծրագրերի շնորհիվ լավացել է նաեւ բուժման որակը, վիրահատությունները դարձել են ամբողջովին անվճար, ճառագայթային թերապիայի 24 սեանսը անվճար է, քիմիաթերապևտիկ եւ այլ թիրախային դեղամիջոցները, որոնք առաջներում անհասանելի էին համարվում, վերջին տարիներին՝ 2020-ից սկսած, պետությունն իրականացնում է Տրաստուզումաբի դեղի ծրագիր, եւ 1500 կին արդեն ստացել է այն: 2026թ. համընդհանուր ապահովագրության ծրագրի շրջանակներում մետաստատիկ կանայք նույնպես ներառվել են ծրագրում: Եվ ցանկացած քաղցկեղով հիվանդ 1 միլիոն 200 հազար դրամ գումարի թանկարժեք դեղամիջոցներ կարող է անվճար ստանալ տարվա ընթացքում»։

ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին ու կրտսեր բուժանձնակազմի գծով տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանի խոսքով, Հայաստանում տարեկան շուրջ 1600 եւ ավելի կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպք է հայտնաբերվում: «Դա ավելի հաճախ հայտնաբերվում է դաշտանադադարում գտնվող կանանց մոտ: Մենք սկսել ենք ավելի վաղ հայտնաբերել քաղցկեղը եւ ավելի ինտենսիվ: Դրան նպաստում են եւ պետության կողմից իրականացվող միջոցառումները, ԶԼՄ-ների եւ բժիշկների՝ թեմայի վերաբերյալ բարձրաձայնումները: Հասարակության գիտակցությունն էլ մի փոքր փոխվել է:

Արթուր Ավետիսյան

Ես որպես կլինիցիստ՝ կարող եմ փաստել, որ քիչ չեն այն բուժառուները, որոնք ասում են, որ կանխարգելիչ հետազոտման ընթացքում հայտնաբերվել է, իրենց տեղեկացրել են, որ դիմեն բժշկի: Որակյալ բուժումն այն չէ, որ պացիենտը գտավ բժշկին կամ առավ որակյալ դեղ, դա պայքարի առաջնագիծը չէ. կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը սկսվում է այն կետից, երբ ամբողջ համակարգը հայտնաբերում է դա ասիմպտոմատիկ, այսինքն, երբ կինը որեւէ գանգատ չունի, ուռուցքն այդ փուլում հայտնաբերվում է, հետո ապահովում է որակյալ բուժում: Այսօր մենք դա առաջարկում ենք»,-ասաց Ավետիսյանը:

Նա նաեւ ընդգծեց. «Ամենաթանկարժեք սարքը, որ կարող է պետությունը գնել, անօգուտ է, եթե կինը չի հասնում դրա մոտ»: Հայկուհի Գեոկչյանն էլ հավելեց, որ 45-ից բարձր տարիք ունեցող բոլոր այն կանայք, որոնք համընդհանուր ապահովագրության շահառուներ են, կարող են անգամ առանց թերապեւտին այցելելու՝ ArmMed-ով ընտրել իրենց նախընտրած բուժհաստատությունը եւ օգտվել սքրինինգային հետազոտությունից:

 

Ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031