ԲՀԿ քաղխորհրդի անդամն անդրադարձել է Սյունիքում տեղի ունեցած միջադեպին և ԵԽԽՎ զեկույցին
«Շաքի գյուղում տեղի ունեցած ահաբեկչությունն էր, դիվերսիոն հարձակումն էր, ինչպես ուզում եք որակավորեք, առայժմ հասկանալի չէ, թե ինչ է իրականում կատարվել, որովհետև, հասկանալի պատճառներով, մենք ոչ մի հիմք չունենք հավատալու իշխանության պաշտոնական բոլոր հաղորդագրություններին»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
Կատարվածն, ըստ բանախոսի, երկու իրողություն է փաստում․ «Առաջինն այն, որ ադրբեջանցին անխոչընդոտ, մի քանի օր ֆռֆռալով հայկական տարածքներում, մտել է Հայաստանի Հանրապետության տարածք։ Այստեղ տրամաբանական է, չէ՞, եթե մեկը կարողացել է մտնել, ապա նույնիսկ եթե սրանք պնդում են, որ դա դիվերսիա չէ, ադրբեջանցիներն են զգուշացրել հայկական կողմին, որ զինվոր է, հնարավոր է, անցել։
Պատկերացնում ենք՝ եթե պատրաստված ինչ-որ դիվերսանտներ լինեն կամ խմբեր լինեն, իրենց ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք ընդհանրապես խնդիր չէր ունենա։ Ինչևէ, այդ ադրբեջանցու ներխուժումը մի շատ կարևոր բան է ցույց տալիս․ գոյություն չունի խաղաղություն, չկա խաղաղություն այն պատկերացմամբ, որն այս իշխանությունը փորձում է ներկայացնել մարդկանց։ Չկա, ուղղակի չկա, գոյություն չունի, որովհետև խաղաղությունը չի ենթադրում այն գործողությունները, որոնք տեղի են ունենում։ Սա իշխանությանը չափազանց անհանգստացրեց․ սուտը չի կարող անվերջ լինել, բայց, այնուամենայնիվ, իրենք փորձում են հնարավորինս ձգել այդ խաղաղության մասին պատրանքը, սուտը, որ իրենք իրենց աթոռներին մնան, որովհետև, բացի շինծու խաղաղությունից, չունեն ոչ մի բան հանրությանը ներկայացնելու»։
Այս համատեքստում է բանախոսը դիտարկում իշխանական քարոզչությունը, որ միջադեպը «հասարակ» բան էր, արտառոց ոչինչ չի եղել. «Եվ երկրորդը՝ փորձեցին ոչ թե արդարացնել, այլ մեղմացնել ադրբեջանցի վիժվածքի գործողությունները։ Ինչո՞ւ են դա անում։ Առաջինը՝ իրենք խնդիր ունեն, այնուամենայնիվ, ապացուցելու, որ Շաքիում տեղի ունեցած միջադեպը կապ չունի խաղաղության օրակարգի հետ, այսինքն՝ խաղաղության օրակարգն առանձին է շարժվում, դա էլ, դե, մասնավոր դեպք էր։ Սա հիմարություն է, որը փորձում են հրամցնել և դրանով իրենց դիրքերը այդ խաղաղության պարագայում, իբր, չթուլացնեն։ Սա հիմարություն է նաև այն պատճառով, որ Ադրբեջանը նախապատրաստում է նվազագույնը դիվանագիտական և քաղաքական առումով կամ նոր ագրեսիա Հայաստանի հանդեպ, կամ Հայաստանին մշտական շանտաժի ենթարկելու, ջլատելու և, ի վերջո, «արևմտյան Ադրբեջան» դարձնելու իր գործընթացները»,- ասաց Արման Աբովյանը՝ վկայակոչելով ադրբեջանցի պաշտոնյաների՝ ամենօրյա ռեժիմով հնչող հայտարարությունները և փաստելով, որ դրանք իրենց անմիջական ազդեցությունն են ունենում նաև սովորական ադրբեջանցիների վրա, ինչի ուղիղ ապացույցը Շաքիի դեպքն է։
Կարդացեք նաև
«Այս իշխանությունը չկա էդքան, որ պատժի Հայաստան մտած ադրբեջանցուն, այս իշխանությունը չկա այդքան, որ չվերադարձնի, սա մենք պետք է ընդունենք։ Այս իշխանության՝ իշխանության պահպանման կոճակը գտնվում է Ալիևի ձեռքում, որովհետև Ալիևը շատ լավ հասկանում է, որ ինքը «ճտացնելով» կարող է այնպիսի իրավիճակ ստեղծել և շատ պարզ, ինչ-որ թեթև սադրանք էլ կազմակերպել․ այդ պարագայում այն միֆը խաղաղության մասին, որն արդեն իսկ պայթել է, ավելի հուժգին կպայթի ու կթաղի այս իշխանությանը այդ փլատակների տակ՝ ստի փլատակների տակ»,- վստահ է Արման Աբովյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ադրբեջանցուն փոխանակենք մեր գերիների հետ, ու վաղը հայ զինվոր հայտնվի իրենց տարածքում՝ ի՞նչ ենք անելու, հաշվարկված է «մտավոր անմեղսունակ մարդկանց համար»։
Այս մոտեցումը, ըստ Արման Աբովյանի, նաև ցույց է տալիս իշխանության իրական վերաբերմունքը նույնիսկ իրենց ընտրողների նկատմամբ․ «Հիմա իրենք անելու են ամեն ինչ, որ նվազեցնեն այդ ադրբեջանցու հանցագործությունը, տարանջատեն ադրբեջանցու հանցագործությունը ընդհանուր Ադրբեջանի քաղաքականությունից և փորձեն ներկայացնել որպես ինչ-որ մի միջադեպ՝ ձեռի հետ էլ արդարացնելով»։
Նա կասկած չունի, որ վաղ թե ուշ նրան հետ են վերադարձնելու՝ առանց պատժի։
Անդրադառնալով ԵԽԽՎ զեկույցին էլ՝ Արման Աբովյանն ասաց․ «ԵԽԽՎ-ի զեկույցում ուղիղ, անթաքույց մատնանշված է, որ իշխանությունը, ըստ էության, չկարողացավ ապահովել առաջատար կուսակցություններից և ընտրության մասնակիցներից մեկի ձայների անձեռնմխելիությունը և, ըստ էության, կողոպտեց: Իհարկե, զեկույցի մեջ «կողոպուտ» բառը չկա, բայց ենթատեքստով դա եմ տեսնում:
Այսինքն՝ Բարգավաճ Հայաստանի ձայները ԵԽԽՎ-ն ֆիքսեց, որ գողացել են, կողոպտել են։ Դրա հետ մեկտեղ, ենթատեքստով այստեղ ուրիշ երանգներով է արդեն երևում նույն Գագիկ Ծառուկյանի ձերբակալության հարցը: Եվ սա ավելորդ ապացույց է, որ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է քաղաքական, միայն և միայն քաղաքական հայացքների համար: Բացի դրանից, ԵԽԽՎ-ն նաև ֆիքսում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը զրկել է ընտրելու իրավունքից, ավելի ճիշտ՝ հազարավոր մարդկանց վերաքվեարկություն անելու իրավունքից։
Այնուամենայնիվ, տրամաբանական շղթան, ըստ էության, ասում է, որ խնդիր կա ձեր լեգիտիմության հետ, և կապ չունի՝ Մակրոնի հետ դուք պռոշտի եք անում, Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է այստեղ՝ ինչ է խոսում, Թրամփի հետ, չգիտեմ, նստած Զանգեզուրի միջանցք եք ստորագրում, անունը դնում եք TRIPP և այլն»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































