Ռուսաստանի առողջապահության ոլորտը կարգավորող մարմինն այսօր հայտարարել է, որ լաբորատորիայի աշխատակցուհու մահից հետո Սիբիրում համաճարակի բռնկման վտանգ չկա:
Reuter լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է Մոսկվայից ավելի շատ տեղեկատվություն պահանջել 28-ամյա Դարյա Շիպիլովայի մահվան դեպքի վերաբերյալ, որը թոքային ժանտախտի կասկածների պատճառ է դարձել:
Ռուսաստանյան իշխանությունները հաղորդել են, որ Շիպիլովան մահացել է դեռևս անհայտ ծագման թոքաբորբից:
«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է, որ մեղմացնում է ձեռնարկված նախազգուշական միջոցառումները, երբ եզրակացրել է, որ համաճարակի վտանգ չկա, և իր վերջին տեղեկատվությունը փոխանցել է ԱՀԿ-ին:
Կարդացեք նաև
Մասնավորապես՝ լաբորանտուհու հետ շփված անձանցից որևէ մեկի մոտ ժանտախտ չի ախտորոշվել, և կարանտինում գտնվողների 90 տոկոսի նկատմամբ սահմանափակումները վերացվել են, երբ շուրջ 5 հազար թեստ կատարելուց հետո նրանց մոտ վտանգավոր ախտածիններ չեն հայտնաբերվել:
Ռուսաստանյան գործակալությունը վստահեցրել է նաև, որ Շիպիլովան պատվաստված էր վտանգավոր վարակների դեմ, որոնց հարուցիչների հետ աշխատում էր: Այդուհանդերձ, կառույցից չեն հայտնել, թե ինչն է նրա մոտ թոքաբորբ հարուցել:
«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն



















































