Արմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերը: «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում երեկ հավաքվել էին 11 դպրոցական թիմեր Հայաստանի տասը մարզերից և Երևանից: Պատանի ֆուտբոլիստները պայքարում են դարպասապահ Ռոման Բերեզովսկու մրցանակի Հանրապետական մրցաշարի գավաթի համար:
Խաղերի մեկնարկից առաջ մասնակիցներին և մարզիչներին ողջունեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անաստասիա Կուրբատովան: Նա նաև ընթերցեց ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի ողջույնի խոսքը, որը Ալեքսանդր և Ռոման Բերեզովսկի եղբայրների հետ միասին նախագծի նախաձեռնողն է:
Ուղերձում նշվեց, թե ինչպես է հինգ տարի առաջ ծնվել մրցաշարի գաղափարը։ Այն ի սկզբանե մտածված էր Հայաստանի սահմանամերձ շրջանների տղաների համար: Ֆեֆիլովը հիշել էր մի դրվագ՝ մրցաշարերից մեկից, երբ փոքրիկ քաղաքում կայացած խաղերը դիտելու էին եկել գյուղերի երեխաները:
Կարդացեք նաև
Նրանցից մեկը Ռոման Բերեզովսկուն ասել էր՝ «Բերեզովսկուն տեսա, մնաց Մխիթարյանին տեսնեմ, ու կյանքս ստացված կհամարեմ»: Այժմ՝ 5 տարվա ընթացքում, մրցումները հասել են հանրապետական մասշտաբի: Այսօր ընտրական խաղերին ամեն տարի մասնակցում է շուրջ երեք հազար երեխա և ավելի քան 110 դպրոցական թիմ ամբողջ Հայաստանից:

Մասնակիցներին ողջունեցին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը և «Բարության ուղի» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Բերեզովսկին: Հավելենք, որ ծրագրված է նաև Դենիս Գլուշակովի վարպետության դասը պատանի մասնակիցների համար: Միջոցառման կազմակերպիչներն են «Ռոսսոտրուդնիչեստվոն», Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, «Բարության ուղի» ՀԿ:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝ Հայաստանում Մոսկվայի տան ֆեյսբուքյան էջից



















































