Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցի 180 դիմորդ ընդունվել է ռուսաստանյան բուհեր

Օգոստոս 03,2026 16:40 Share

Այս տարի 180 դիմորդ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կրթաթոշակային ծրագրով ընդունվել է Ռուսաստանի առաջատար բուհեր։ Նրանք բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և լրացուցիչ կրթություն ստանալու ցանկություն ունեցողներ են, որոնք ստացան իրենց երկար սպասված ընդունելության հաստատումը՝ ներկա գտնվելով Հայաստանում գործող Ռուսական տանը։ Ծրագրի համակարգողը Մարիա Ավանեսովան է, որը դիմորդների հետ անցել է ընդունելության ողջ ճանապարհը, նրանց համախմբել է առաջին ծանոթության և ապագա համակուրսեցիներին ճանաչելու նպատակով։ Եվ արդեն երկու շաբաթ անց հայաստանցի երիտասարդները կմեկնեն Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, ՌԴ այլ քաղաքներ՝ ուսանելու։

Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ողջունելով երիտասարդներին, մաղթեց հաջողություններ ուսման մեջ և կոչ արեց ուսումն ավարտելուց հետո, արդեն որակյալ մասնագետներ դարձած, վերադառնալ Հայաստան և սեփական ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում։

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը նշեց, որ ուրախ է ՌԴ լավագույն բուհերն ընտրած երիտասարդների համար, նաև կատակով հավելեց, որ մի փոքր նախանձում է երիտասարդներին, քանի որ ուսանողական տարիները յուրաքանչյուր մարդու կյանքի ամենահետաքրքիր ու հիշարժան շրջանն են։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան ընդգծեց, որ ընտրվել են լավագույն դիմորդները, որոնք Հայաստանը ներկայացնելու են աշխարհի գիտական առաջատար երկրներից մեկում։

Հայաստանի ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի նախագահ Տիգրան Մալխասյանն էլ նշեց, որ մշտապես սերտ կապի մեջ է երիտասարդների հետ։ «Դուք պետք է հասկանաք, որ ձեզանից յուրաքանչյուրը ստանձնել է Ռուսաստանի և Հայաստանի միջև կամուրջ դառնալու պատասխանատվությունը, ինչը կարևոր առաքելություն է, որին պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենալ»։

Երևանի Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանն էլ վստահություն հայտնեց, որ ՌԴ համալսարաններում ուսումը հնարավորություն կտա լիարժեք բացահայտել երիտասարդների ներուժը, ստանալ բարձրորակ կրթություն և կյանքի կոչել ամենահամարձակ ծրագրերը։

Screenshot

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ Երեանում Մոսկվայի տան ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել