Կապանի արվեստի պետական քոլեջում առաջին անգամ կայացավ հայտնի երգեհոնահար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Հյուսիսկովկասյան պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, հայկական արմատներ ունեցող Սվետլանա Բերեժնայայի համերգը: Արամ Խաչատրյանի անվան տրիոյի անդամ, ջութակահար Կարեն Շահգալդյանը համերգի բացմանը նշեց, որ, բացի երգեհոնից, Բերեժնայան հիանալի նվագում է նաև դաշնամուր և կլավեսին, ունի այնպիսի բացառիկ ծրագրեր, երբ մեկ երեկոյի ընթացքում նվագում է 3 գործիքներով:
Ունկնդրին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Եկատերինա Անդրեևան՝ հույս հայտնելով, որ Կապանում կազմակերպված գեղեցիկ համերգը ներկաներին հաճելի հույզեր կպարգևի: Կապանի պետական արվեստի քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանի խոսքով՝ Ռոսսոտրուդնիչեստվոյի շնորհիվ մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ համերգն է կայանում Կապանում:
Սվետլանա Բերեժնայան, դիմելով ունկնդիրներին, ասաց, որ ցանկանում է ներկայացնել երգեհոնն այնպես, ինչպես սովոր չեն լսել՝ բացահայտելով նվագարանի այլ հնարավորությունները: «Դուք կլսեք թատերական երգեհոն: Ուզում եմ ձեզ նվիրել իմ սրտի լույսից մի մասնիկ»,- նշեց նա:
Կարդացեք նաև
Երեկոյի ծրագրում հնչեցին ռուսական դասական երաժշտության գլուխգործոցներ, իսկ որպես բիս՝ Բերեժնայան կատարեց Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»: Հավելենք, որ երեկոն կայացավ Երևանում «Մոսկվայի տան» և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, իսկ գլխավոր գործընկերն էր «Ռոսսոտրուդնիչեստվոն»:
Պատրաստեց՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝ Երևանում «Մոսկվայի տան» ֆեյսբուքյան էջից




















































