«Ամուլսարի հանքը բազմաթիվ ռիսկեր ունի։ Սևանի հանձնաժողովը 2012-ին չորս հիմնական կետ է նշել, որոնք հաստատել են նաև մյուս փորձագետները։ 1) Այն 10 բալանոց սեյսմիկ գոտի է, 2) մեծությամբ երկրորդ սողանքային տարածքն է Հայաստանում, 3) կա թթվային դրենաժի վտանգ, որը հնարավոր չէ կառավարել, 4) կա ռադիացիոն բարձր վտանգ, որը գրանցվել է դեռևս 50-ականներից և պահպանվում է մինչ օրս։
Այս չորս կետերը՝ չորս ռիսկերը, չեն կարող փոխվել ու կառավարվել։ Նրանք, ովքեր ասում են, թե պետք է կառավարել, նոր տեխնոլոգիաներ կիրառել և այլն, պետք է իմանան, որ չկան նոր տեխնոլոգիաներ, որոնցով հնարավոր կլինի կառավարել ու կանխել ռադիացիան, թթվային դրենաժը, սեյսմիկ վտանգը և սողանքները։ Սա մեծ աղետ է», — այսօր լրագրողների հետ զրույցում ահազանգեց Ամուլսարի շահագործման դեմ անցկացվող բողոքի ցույցի մասնակից բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Ամուլսարը գտնվում է Սևանի ջրհավաք ավազանում, և հանքարդյունահանումն անթույլատրելի է «Սևանա լճի մասին» օրենքի, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Բեռնի կոնվենցիայի համաձայն։
Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ հանքարդյունահանումը Ջերմուկում։
«Այս տարի Բեռնի կոնվենցիան մեր դիմումի համաձայն որոշում է կայացրել՝ անհապաղ դադարեցնել շինարարությունն ու հանքարդյունաբերությունը Ամուլսարում և նշանակել նոր փորձաքննություն։ Առանց փորձաքննական եզրակացության հնարավոր չէ հանքարդյունահանում իրականացնել. դա անօրինական գործունեություն է։
Մեր կառավարությունն արհամարհում է COP 17-ից առաջ միջազգային կազմակերպության պահանջը։ Սա ձեռնոց է միջազգային հանրությանը։ Սա լուրջ խնդիր է. մեզ կարող են միջազգային հանրությունից նույն կերպ արհամարհել։
Արդեն COP 17-ի մակարդակով այս հարցը բարձրացվել է, ու ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ հանքարդյունահանումը Ամուլսարում։ Մենք Ջերմուկն ու Սևանն ենք կորցնում։ Այդ ջրերն աղտոտվելու են, և դուք նույնիսկ 500 տարի միլիարդներ ծախսելու դեպքում չեք կարողանալու վերականգնել դրանք», — ասաց Նազելի Վարդանյանը։




















































