«Վերահսկիչ պալատը բոլոր տեղերը մտնում, ստուգում, դուրս էր գալիս։ ՎՊ-ի կեռ եղջյուրներով, հրեշ, կոռուպցիոներ նախկին ղեկավարներին Նիկոլ Փաշինյանն է անդրադարձրել, ու ինքը առարկայական ասել է, որ այնտեղ կոռուպցիոներն են նստած: Հիմա, եթե դուք եղել եք այնտեղ, դրա համար հարց տվեցի՝ 12 տարի եղել եք պաշտոնյա, հետևաբար այդ կոռուպցիայի մի պստիկ մասնաբաժին էլ դուք եք ունեցել, ու դրա որակավորումը ես չեմ տվել, տվել է Նիկոլ Փաշինյանը։ Այդ հարցի պատասխանը գալիս էր Ազգային ժողովից՝ կոնկրետ, հստակ տներով-մներով, սաղ ցույց էր տալիս առարկայական: Հիմա իմ հարցը շատ պարզ է՝ եթե դուք եղել եք այդտեղ պատասխանատու պաշտոնի 12 տարի, ժողովուրդ, մի հատ ասեք՝ եղե՞լ է, թե չէ, որովհետև կոռուպցիայի կոծկողը ձեր կառույցն է եղել, դուք եք գնացել բոլորի ծախսերը ստուգելով, եկել եք մի տեղ, եթե մեկը մի հատ ջուր է գողացել պետական բյուջեից, դուք եք դրա վրա պեչատը դրել, որ ամեն ինչը նորմալ է։ Դրա համար մենք էլ ուղիղ հարց ենք տալիս՝ դուք եղել եք, կոռուպցիան եղե՞լ է, թե՞ չէ։ Եթե եղել է, դուք ինչի՞ համար նստած չեք, կամ եթե եղել է, դուք կապ չեք ունեցել, ինչի՞ համար չեք գնում հաղորդում ներկայացնում»,- ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի (լուսանկարում) թեկնածության քննարկման ժամանակ թեկնածուին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
«Վերահսկիչ պալատի բազմաթիվ տարեկան հաշվետվություններ կան, որոնք ներկայացվել են և քննարկվել են Ազգային ժողովում: Դրա ձևավորման անմիջական մասնակցություն եմ ունեցել, և այն, ինչը որևէ տարիներին հայտնաբերվել են և առհասարակ հիմա էլ ինչ էլ, որ հայտնաբերվում է, իմ իրավասության շրջանակներում, իհարկե, տիրապետում եմ․․․ և ես ուրախ կլինեմ, եթե ձեր հարցադրումները լինեն հստակ օրինակներով: Օրինակ բերեք՝ օրինակ թե ո՞ր իմ իրավասությունների շրջանակներում ո՞ր երևույթն եք համարում, որ պիտի անպայման առնչվի և ուղիղ կապ ունենա այս կոռուպցիոն հարցերի հետ, ես ձեզ սիրով կպատասխանեմ: Իսկ եթե դուք ընդհանուր վերացական ընդհանուր գնահատական եք տալիս, թե որ ժամանակներում ի՞նչ է եղել, ես որ շատ ուզեմ, ձեզ չեմ էլ կարող օգնել: Եկեք պայմանավորվենք՝ բերեք հստակ օրինակներ, բերեք հստակ փաստեր, որոնք կապ ունեն իմ աշխատանքի հետ, իմ պարտականությունների հետ, դրանք հերթով քննարկենք: Ես խոստանում եմ ձեզ՝ որևէ հարց անպատասխան չի մնա»,- պատասխանեց Կարեն Առուստամյանը։
Թեկնածուին՝ Հայաստանում համակարգային կոռուպցիայի մասին հարցեր էին տվել նաեւ Հայկ Ֆարմանյանը եւ Տիգրան Աբրահամյանը։
Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու էր ներկայացրել նաեւ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Թեկնածուն Տարոն Վարազդատյանն էր։ ՔՊ թեկնածուի օգտին քվեարկեցին 4 պատգամավոր, «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի օգտին՝ 2 պատգամավոր։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































