Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ

Հոկտեմբեր 20,2026 17:04 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber. Անվտանգության հարցերով հայտնի թուրք փորձագետ և հատուկ նշանակության ուժերի նախկին սպա Մեթե Յարարը թուրքական TV Net-ի եթերում մեկնաբանել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է ոչ թե ադրբեջանական դպրոցներում հիջաբի արգելքից, այլ այն հայտարարություններից, թե «Ղարաբաղը նվաճվել է բացառապես սեփական ուժերով», իսկ թուրքական զենքի համար իրենք «պարզապես վճարել են, այն էլ՝ մի քանի անգամ ավելի թանկ»։

Անդրադառնալով այս մեղադրանքներին՝ վերլուծաբանը հիշեցրել է, որ նույնիսկ Ադրբեջանի այսօրվա տնտեսական բարեկեցության սկիզբը կապված է Թուրքիայի հետ, որը զրոյից մեծ ջանքեր է գործադրել՝ Կասպից ծովի էներգակիրները համաշխարհային շուկաներ արտահանելու համար նախատեսված հիմնական նավթագազային խողովակաշարերի կառուցումն առաջ մղելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ 1990-ականներից սկսած՝ Անկարան բառացիորեն զրոյից վերակառուցել է ադրբեջանական բանակը՝ այն կազմակերպելով իր ռազմական ուսումնարանների օրինակով, պատրաստել է սպաներ ու հետախուզական ուժերի ծառայողներ, տասնամյակներ շարունակ փակ է պահել Հայաստանի հետ սահմանը և պաշտպանել Նախիջևանը, որը կտրված էր Ադրբեջանի հիմնական տարածքից։

Իսկ 2020 թվականի պատերազմի ընթացքում Թուրքիան ոչ միայն անօդաչու թռչող սարքեր էր մատակարարում, այլև ցուցադրաբար իր F-16 կործանիչները տեղափոխեց Բաքու՝ երրորդ երկրներին ազդանշան տալով, որ չմիջամտեն պատերազմին։ Դրանից հետո Թուրքիան ինքն էլ բախվեց Արևմուտքի կողմից զենքի մատակարարման խիստ էմբարգոների՝ Կանադայից ու ԱՄՆ-ից մինչև Ֆրանսիա և Գերմանիա։

«Մեր պետության ներսում բոլորը գիտեն՝ Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել ոչ մի գումարով։ Այդ մասին տեղեկություններ կան ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական արխիվներում․ դա դրամական համարժեք չունի։ Եվ էլ ո՞ւմ համար պիտի մենք հանդուրժեինք արևմտյան էմբարգոները, եթե ոչ Ադրբեջանի համար», – ընդգծել է Յարարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել