«Միայն վայ մարդը կրնայ համարձակիլ ու մոռացութեան տալ փորձել Ցեղասպանութիւնը». Լիբանանի «Խոսնակ» պարբերականի խմբագիր
Լիբանանյան լուսավոր ափերը տարիներ է, ինչ դարձել են վառոդահոտ ու արկերի թիրախ, պատերազմի արհավիրքն ու մարդկանց ապրելակերպի անհրաժեշտ պայմանների սուղ վիճակը բնակչության դիմադրությանն ու դիմակայմանը ձեռնոց նետած շարունակվում են, օր օրի ավելի սեղմում օղակը, մարդկային կյանքերի կորստին զուգահեռ։ Լիբանանը դեռ դիմակայում է և մարդիկ տակավին հույսով նայում են երկինք, այն օր մը վերջնականապես խաղաղ տեսնելու հույսով։ Լիբանանի հայությունը, սփյուռքահայ գաղութներից ամենաաշխուժներից ու ամենահայեցիներից մեկը շարունակում է իր դիմագրավման ամենօրյա պայքարը։ Լիբանանահայ մամուլի վառ ներկայացուցիչներից «Խոսնակ» պարբերականի խմբագիր, բանաստեղծ, մտավորական Համբիկ Մարտիրոսյանի հետ զրույցը հայությանն ամենուր պատուհասած վտանգի, հայրենիք–սփյուռք գործակցության այսօրեական կարևոր խնդիրների մասին է, ինչպես նաև Հայոց ցեղասպանության բաց երակ դարձած հարցի մասին, որի հարյուրտասնմեկամյա արնահոսությունը շարունակվում է այն տեսած նախնիների ներկայիս ժառանգների հետ, ցավալիորեն…
–Հարգարժան պարոն Համբիկ Մարտիրոսյան, տասնամյակից ավելի է անցել Արցախում տեղի ունեցած աշխարհի հայ լրագրողների համաժողովից, որի նպատակն էր աշխարհի տարբեր ծագերում ներկայացնել ու լուսաբանել Արցախի հարցը, նրա վերածնունդն ու ձեռքբերումները, ինչպես նաև հայության հայացքն ավելիով դարձնել դեպի ազատագրված հող հայրենին։Այցի շրջանակներում շրջեցինք Արցախով մեկ, Արցախի պանթեոնում երգեցիք «Տեր Ողորմյա»–ն, շատ վայրերում եղանք՝ մեր աչքերով տեսնելով այն, ինչ ստեղծվել էր, տեսանք նաև կարիքները, որոնք միշտ էլ եղել են հայության հոգածության ներքո, հաջողվե՞ց նպատակը, ինչի համար որ հավաքվել էինք։Ի՞նչ կար Արցախում, որ ուրիշ տեղ չէիր հանդիպի։
-Շնորհակալ եմ տրուած հարցումին: Նախ ըսեմ, որ Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարարութեան հովանաւորութեան տակ ամեակներու վրայ կազմակերպուած Լրագրողներու Համաժողովները, Երեւանի մէջ, թէ Արցախի մէջ, անկասկած, որ տուին իրենց դրական արդիւնքները: Առաջին հերթին խոստովանիմ ու ըսեմ, որ շնորհիւ նախաձեռնուած միջոցառման, Հայաստան մօտեցաւ Սփիւռքին, Սփիւռքն ալ մօտեցաւ Հայաստանին: Աւելին,, Հայաստանի եւ Արցախի լրագրողներ ծանօթացան իրենց Սփիւռքի զանազան գաղութներէն եկած պաշտօնակիցներուն: Ստեղծուեցաւ ամուր կապ իրարու միջեւ, եւ ապագային մամուլի գործակցութեամբ Հայաստան, Արցախ եւ Սփիւռք ունեցան շատ մօտէն ծանօթացում եւ հեզասահ գործակցութիւն լրատուական ասպարէզէն ներս: Դեռ աւելին, շնորհիւ այս Համագումարներուն, սփիւռքահայ լրագրողներ, որոնք երբեք ու երբեք իրարու մօտ չէին եկած զանազան հասկնալի պատճառաբանութիւններով եւ բեւեռացած էին, ունեցան հնարաւորութիւններ իրարու հետ գալու, շփուելու, խորհրդածելու, միտքեր եւ գաղափարներ փոխանակելու, որոնց արդիւնքով ալ զանազան հոսանքներու միջեւ հաստատուեցան գործակցութեան առողջ կամուրջներ: Հոս կ’ուզեմ կարեւորութեամբ շեշտել, երբ լրագրողներս Սփիւռքի նախարարի բացառիկ կարգադրութեամբ այցելեցինք սահման, առճակատեայ գիծ ու խրամատներ, մենք տեսանք մեր արի հայ հերոս զինուորը, սահման, հող, պատիւ ու հայրենիք պաշտպանող զինուորը, այդ վայրկեանին ապրելով անբացատրելի երջանկութիւն… ապահովութիւն, հպարտութիւն, եւ, անշուշտ, ճաշակեցինք յաղթանակի համը։ Բայց աստի, իւրաքանչիւր մտաւորականի, գրողի կամ լրագրողի համար Արցախ գտնուիլը, ինքնաբերաբար մեր մէջ արթնցուց հայրենասիրութեան վառ կրակը եւ մենք ամեակներ ետք ուրախութեան կողքին ապրեցանք անբացատրելի հպարտութիւն, յաղթանակի հրճուանքը, կորսուածին վերատիրացած ըլլալու անսահման խանդավառութիւն, եւ մանաւանդ արդարութեան հաստատումը: Իսկ ինծի, անձնապէս ինծի, Արեւմտեան Հայաստան ծնած բանաստեղծիս համար Արցախի ազատագրումը հոգեկան մեծ հրճուանք ու գոհունակութիւն էր։ Արցախի ազատագրմամբ, ես կ’ապրէի անհուն երջանկութիւն, նայելով առաջ, մտածելով միաժամանակ օր մը՝ Ղարսի, Արտահանի, Վանի, Մուշի, Կարինի եւ Երզնկայի իրականանալիք երազին վրայ… յուսալով զանոնք եւս տեսնել օր մը ազատագրուած:
Կարդացեք նաև
–Ինչո՞ւ կորցրեցինք Արցախը, սփյուռքահայ մտավորականի մտորումները հետաքրքիր է իմանալ այս հարցի վերաբերյալ։
-Դուք ակնարկեցիք Արցախի կորստեան հարցը, իմ մէջ բորբոքելով խորունկ վէրք մը: Արցախ տեսած, Արցախով հպարտ ու Արցախի ազատագրութեամբ գինով հայ մարդու համար սա անհաշտ պայքար է իմ մէջ: Համեստս, հոս կ’ուզեմ մէջբերել այն, որ 2020 թուականի Արցախեան պատերազմի օրերուն, ես ամէն րոպէ 44-օրերու արհաւիրքը կ’ապրէի՝ ժամ առ ժամ եւ իմ կարգիս ստացած լրատուութիւնս անյապաղ կը փոխանցէի հարիւրաւոր հայերու, առանց ժամանակ կորսնցնելու, իհարկէ հաւատալով Հայաստանէն հասած պետական լրատուութեան անկեղծութեան եւ ճշդութեան: Մեծ ցաւով պիտի ըսեմ, որ պատերազմի աւարտին, երբ յայտնի դարձաւ մեր խայտառակ պարտութիւնը, որուն երբեք պատրաստ չէր հայ ժողովուրդը՝ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի մէջ, ես ապրեցայ մեծ յուսախաբութիւն եւ հոգեկան տագնապ, նաեւ ինծի նման հարիւր հազարաւորներ: Համեստս, հիմնուած ըլլալով Հայաստանէն իմ ստացած սխալ ու անճիշդ տեղեկութիւններուն, ուրեմն իմ ամէնօրեայ լուրերովս խաբած եղայ իմ ընթերցողները, որուն համար անշուշտ օրին ներողութիւն խնդրեցի եւ ապրեցայ մեծ յուսախաբութիւն ու ցաւ… որ տակաւին կը շարունակուի իմ մէջ:
Իսկ «Ինչո՞ւ կորսնցուցինք Արցախը» հարցումին, դժուար չէ պատասխանել: Եթէ օրին ունենայինք քաղաքական ու դիւանագիտական ոլորտներէ ներս փորձառու, գիտակից, շրջահայեաց մեկը։
–Այսօր հայկական սփյուռքը պահանջատիրոջ իրավունքո՞վ է մոտենում հայրենիքի հարցերին, որոնք արդեն ներքին ծագման են ավելի շատ, քան արտաքին։ Լինելով մշտական այն ստնտուի դերում, ում ամենամյա հանգանակությունների, բարերարների մեծ բարեգործությունների շնորհիվ էր նաև կառուցվում Արցախը, մի՞թե իրավունք չունի ձայն բարձրացնելու այն հարցերի շուրջ, որոնք արդեն վերաբերում են անցյալին, բայց նաև կանխպորոշիչ դեր ունեն ապագայի մեջ արդեն մայր Հայաստանի, բոլորիս հայրենիքի ճակատագրի մեջ։ Ձեզ գոհացնո՞ւմ է այն քաղաքական իրականությունը, որը տիրում է հայրենիքում։
-Կը խորհիմ, որ երկրագունդի վրայ չկայ հայ անհատ մը, ուր որ ալ գտնուի ան, որուն սիրտը չի բաբախիր Հայաստանով, Արցախով, Երեւանով, Արարատով կամ Էջմիածինով: Չեմ կրնար պատկերացնել հայ մարդ մը, որ չուրախանար, չի հպարտանար Հայաստանի բարգաւաճումով ու ձեռքբերումներով, եւ նաեւ՝ չի տխրիր հայրենիքէ ներս տեղի ունեցաող նոյնիսկ աննշան մէկ բացթողումով: Երբ կ’ըսենք Հայաստան, կը հաւատանք, որ ան բոլոր հայերու հայրենիքն է: Հայ մարդը նստած ըլլայ Միացեալ Նահանգներ, Եւրոպա, Ռուսաստան կամ այլուր, Հայաստանի կը դաւանի իր Մայր Հայրենիքը, քանի որ Հայը ուրիշ հայրենիք չունի, Հայաստանը միակ երկիրն է, է զոր կը կոչենք Մայր Հայրենիք: Առողջ բանականութիւն ունեցող հայու համար, գոյութիւն ունին հեռաւոր կամ մօտաւոր թուականներ՝ առնչուած Հայաստանի մօտիկ անցեալին հետ, ուր կ’երեւայ Սփիւռքայաութեան օժանդակութիւնը Հայաստանին, որոնք լաւագոյն փաստերն են եւ գրաւականը, թէ Սփիւռքահայը ինչպէս վարուած է Հայաստանի հետ: Հայ ժողովուրդի տարագիր զանգուածին համար Հայաստանը հայութեան աչքի բիբն է, հաւատոյ հանգանակը՝ աներկբայօրէն: Հայ ժողովուրդի զաւակներուն համար չկայ աւելի սրբազան մնայուն երեւոյթ եւ արժէք, քան Հայրենիքը, Եկեղեցին եւ Լեզուն: Կարելի չէ Սփիւռքահայը հեռացնել այս սրբութիւններէն: Միանգամ, ընդմիշտ մերժելի են ամէն քարոզչական զարտուղի միտում կամ հայ ժողովուրդը եկփեղելու տխուր փորձ: Հայաստան զօրաւոր է Սփիւռքով, իսկ Սփիւռքը ապահով է՝ Հայաստանով: Մերժելի են ամէն տեսակ սին գաղափարախօսութիւններ, որոնք կ’ուզեն «Սեւի եւ Ճերմակ»-ի կարգախօսին տակ ճանչնալ մեր ժողովուրդը:
–Դուք ինքներդ ցեղասպանություն տեսած հայի ժառանգ եք, հայի, ով կորցնելով ընտանիքը, ամեն ինչ սկսել էր նորից։ Ձեր պապի ջրաղացի մասին մինչ օրս Ձեր պատումները այնքան իրական են, ասես այն դեռ կա ու շարունակում է աղալ հայ շինականի աղունը։ Արևմտյան Հայաստան եզրույթից հրաժարումը, ցեղասպանության հարցի նմանօրինակ անտեսումը ի՞նչ է Ձեր նման հայի համար, ով ունի հիշողությոուն։
-Միայն, ո՛չ հայ մարդը, այսինքն միայն վայ մարդը կրնայ համարձակիլ ու մոռացութեան տալ փորձել Ցեղասպանութիւնը: Չեմ կրնար պատկերացնել հայ մը, որ կասկածով կը մօտենայ ցեղասպանութեան հարցին: Այսօր, հակառակ 111 տարիներ անցած ըլլալուն ցեղասպանութենէն, մեր հոգիին մէջ ամէն վայրկեան կը կոտտայ ՄԵԾ ՑԱՒ-ը… եւ ան ամանակի ընթացքին մեծնալով դարձած է ժայռ, ապառաժ… աղաղակող ապառաժ, քանի որ դահճապետը մինչեւ օրս կ’ուրանայ իր մեծ ոճիրը: Այնքան ատեն, որ տեղի չէ ունեցած։ Ներողութիւն եւ արեան հատուցում, կարելի չէ՞ հրաժարիլ ցեղասպանութիւնը հետապնդելէ: Ցեղասպանութիւնը մոռնալ, կը նշանակէ ոճրագործին մեղսակիցը եւ ընկերը դառնալ: Ես նման մտածողութիւն ունեցող յիմարամիտներուն պիտի հարցնէի. ինչպէ՞ս գոյացաւ ՍՓԻՒՌՔԸ… ուրկէ՞ գոյացաւ ՍՓԻՒՌՔԸ… ինչի՞ արդիւնքն էր ան: Օրինակ ես, համեստս այսօր ինչո՞ւ հեռու պիտի գտնուէի իմ ծննդավայրէս ու չապրէի իմ հայրենիքիս մէջ, պապենական տանս մէջ ու չվայելէի իմ մեծ հօր ջաղացքը ու անոր աղած ալիւրին բուրմունքը եւ պիտի զրկուէի Արեւմտեան Հայաստանի նոյնիսկ տեսութենէն: Ինչո՞ւ…
–Լիբանան այսօր հեշտ օրեր չի ապրում, արդեն քանի տարի է՝ ապրում եք մեր իննսունականների իրականությամբ, ուր կենցաղն ու կյանքը սուղ վիճակի մեջ էին, ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները, արտագաղթի ալիք կա՞, դեպի որ երկրներ են գնում Լիբանանում ծնված ու մեծացած հայությունը, հայրենիք, Հայաստան եկողներ կա՞ն…
-Այսօր, ցաւ ի սիրտ Լիբանանի երկնակամարին վրայէն չեն հեռանար գորշ-գորշ ամպեր: Կը ցաւիմ ըսել, որ Միջին Արեւելքի արեւելեան բարի աւազանին վրայ հանգչած չքնաղ երկիր Լիբանանը երկար տասնամեակներէ ի վեր թիրախ է ռմբակոծումներու եւ հարաւային հարեւանի ընչաքաղց ախորժակին եւ վարած քաղաքակնութեան հետեւանքով կ’ենթարկուի իրարայաջորդ գուպարներու, քանդումներու եւ սպանութիւններու: Դժբախտաբար, այսօր ամբողջ աշխարհ, մանաւանդ Միջին Արեւելք վերածուած է խոշոր անտառի, ուր կը տիրէ «Անտառի օրէնք» եւ ուր «Մեծ ձուկը կուլ կու տայ մանր ձուկը», որովհետեւ այսօր անզօր է եւ գոյութիւն չունի Միացեալ Ազգերու Կազմակերպութիւն: Այո՛… կեանքը դարձած է իրապէս անտանելի, վախն ու սարսափը տարածուած է ամբողջ երկրին վրայ, սղաճը կարելի չէ զսպել, սակայն հակառակ այս բոլոր դժուարութեանց ու քաոսին, ժողովուրդի մեծամասնութիւնը, ներառեալ հայ զանգուածներ կը շարունակեն դիմադրել, դիմանալ եւ գոյատեւել: Գաղթ, ամէն վայրկեան կայ, սակայն ցաւալին այն է, որ կը գաղթեն երիտասարդներ… ուսեալ, զարգացած եւ մասնագիտացած երիտասարդներ, որոնք օգուտ պիտի բերէին լիբանանեան հայրենիքին եւ այսօր կը մեկնին՝ Միացեալ Նահանգներ, Եւրոպա, Աւստրալիա կամ այլ հեռաստաններ… Անշուշտ, կը պատահի, որ գտնուին հայեր, որոնք կը ներգաղթեն Հայաստան, սա ուրախացնող պարագայ է. սակայն արդեօ՞ք Հայաստանի բոլոր ժամանակներու իշխանութիւններ մտածած են զանգուածային ներգաղթի մասին, կամ արդեօ՞ք ունեցած են հեռատեսութիւն՝ պատրաստելու բնակարաններ… որպէսզի Սփիւռքէ ներս պատահելիք տագնապի մը կամ անախորժութեանց մը պարագային հազարաւոր հայեր ընդունելու: Հոս կը բարձրաձայնեմ՝ ՈՉ. դժբախտաբար՝ ՈՉ։ Համեստօրէն ըսեմ, որ ես այս հարցի մի քանի անգամ բարձրացուցած եմ համագումարներու ընթացքին:
–Քանի՞ տարի չեք եղել Հայաստանում, պարոն Համբիկ, լինելով գրականության ու մամուլի, հայկական գրական, հոգևոր կյանքով ապրող ակտիվ անձ, Դուք հաճախակի էիք լինում հայրենիքում, Ձեր նոր գրքերի առիթով, հայագիտական թեմաների հետ կապված հարցերով նաեւ, ինչո՞ւ են դադարել այցերը։
-Իրաւունք ունիք: Բաւական ժամանակ բացակայեցայ: Ուխտս պէտք է վերանորոգեմ: Խղճի պարտք ունիմ Արարատին, պարտք ունիմ Էջմիածինին։ Որպէսզի Ձեր հարցումը դառնայ իրատեսական, կը ծրագրեմ այցելել Հայաստան, հաւանաբար յառաջիկայ ամիսներուն, երբ դադրին Լիբանան հարուածող ռումբերուն ջրհեղեղները։
–Հիասթափությունը, նեղացածությունը կարող է լինել միմիայն պետությունից, իշխող կարգերից, բայց ոչ երբեք հայրենիքից, կարծում եմ։Իսկ եղե՞լ են անհատներ, անձեր, որոնք հիասթափեցրել են Ձեզ այս տարիների ընթացքում, արհավիրքներից հետո նորովի եք ճանաչել մարդկանց, որոնց թվում էր, թե գիտեիք լիովին։ Ի՞նչ եք բացահայտել, որ չէիք ուզենա բացահայտել։
-Այս հարցումին պատասխանը կը թողում ապագային: Այո, շատ մեծ են հիասթափութիւնները, սակայն ես կը հաւատամ, որ ի վերջոյ կը տիրէ արդարութիւնը: Այս բոլորով հանդերձ գրիչս վար չեմ դրած, կը շարունակեմ մտաւորականի աշխատանքս, հրապարակագիրի եւ խմբագիրի աշխատանքս եւ երբ հարկ է՝ կը բարձրաձայնեմ: Սակայն, լաւ է, որ խօսիմ յետոյ։
–«Խոսնակ» լիբանանահայ պարբերականը շարունակում է ապրել և լույս տեսնել՝ չնայած կարիքներին, Հայաստանի մասին մտահոգությունները շարունակո՞ւմ են մշտական էջեր ունենալ։
-«Խօսնակ»-ը, ինչպէս գիտէք, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Լիբանանի շրջանակին պաշտօնաթերթն է, անոր իրական խօսնակը: Ուրախ եմ, որ 19 տարիներէ ի վեր կը խմբագրեմ զայն եւ անոր էջերէն միշտ ալ անպակաս եղած են Հայաստանն ու Արցախը: Հակառակը չէր կրնար պատահիլ: Բարեգործականն իր հիմնադրութենէն ի վեր միշտ ալ եղած է հայ ժողովուրդին եւ հայու հայրենիքին կողքին՝ անշահախնդրօրէն: Գալ տարի, հրապարակաւ պիտի նշենք «Խօսնակ»-ի հիմնադրութեան 70-ամեակը: Յոյս ունիմ զայն կը նշենք խաղաղ ու հաճելի պայմաններու մէջ:
–Մտավորականի, ոչ անտարբեր հայի Ձեր անհանգստություններով ու ապրումներով հանդերձ, այս դժվարին ու փորձություններով լի օրերում էլ չեք դադարում ստեղծագործել, նոր գրքեր լույս ընծայել, ո՞րն էր վերջինը և ինչի՞ մասին էր։
-Կարծեմ յիշեցի: Ես չեմ կրնար ինքզինքս մատնել՝ ամլութեան: Մտաւորականի համար գրիչը վար դնել անձնատուութիւն է, պարտութիւն եւ գրական-մշակութային-լրատուական դաշտէն հեռանալ: Իմ նկարագրիս մէջ նման բան գոյութիւն չունի: Ուրախ եմ, որ մինչեւ օրս կը ստեղծագործեմ թէ որպէս բանաստեղծ, թէ՛ որպէս արձակագիր եւ թէ՛ որպէս խմբագիր ու հրապարակագիր: Յայտնեմ, որ մի քանի ամիս առաջ տեղի ունեցաւ իմ երեք գիրքերուս շնորհանդէսը՝ բազմամարդ սրահի մէջ: Անոնք էին՝ «ԲԱԺԱԿ ՄԸ ՍԷՐ»՝ Քնարաշունչ քերթողութիւն, «ԿԵԱՆՔ ՈՒ ԿԱՐՕՏ, ԱՐՑՈՒՆՔ ՈՒ ՍԷՐ»՝ Պատմուածքներ եւ «ՆՈՐ ՀԱՅԵՐԳՈՒԹԻՒՆ», Հայրենիքի, Արցախի եւ Հայ լեզուի նուիրուած քերթողագիրք: Անշուշտ, այս միջոցին ստորագրեցի նաեւ բազմատասնեակ հրապարակագրութիւն՝ սփիւռքահայ եւ մանաւանդ, լիբանանահայ մամուլի մէջ:
–Հայ հասարակությանն ու մտավորականությանը ուղղված ին՞չ կոչ կամ խորհուրդ ունեք, պարոն Մարտիրոսյան։
-Հայ գրողն, անկասկած, որ հայ ժողովուրդի բազկերակն է, անոր շունչը, անոր հեղինակաւոր խօսքը: Երբ կ’ապրինք տագնապալի ժամանակաշրջան, հայ գրողը չի կրնար հեռու մնալ պատերազմի դաշտէն: Գրո՛ղն է, որ պիտի լուսաբանէ եւ առաջնորդէ զանգուածները՝ իր առաջադրութեամբ, ցուցմունքներով ու թելադրանքներով, քանզի ան է իսկական կարապետը: Այսպիսիք էին հայ ժողովուրդի հեղինակաւոր գրիչներ՝ Վահան Տէրեանը, Եղիշէ Չարենցը, Յովհաննէս Թումանեանը, Պարոյր Սեւակը, Սիլվա Կապուտիկեանը, Յովհաննէս Շիրազը, նաեւ այլ մշակոյթի արժանաւոր գործիչներ, որոնք միայն ու միայն կը խրախուսէին հայ զանգուածները՝ հայրենասիրութեամբ ու ազգասիրութեամբ: Ինչպէ՞ս մոռնանք անմահն Չարենցի՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է» խօսքը, կամ Սեւակի՝ «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար» արտայայտութիւնը: Ուրեմն, ջանանք նմանիլ մեր մեծերուն. Անոնք խենթեր էին, բայց՝ ՍՐԲԱԶԱՆ ԽԵՆԹԵՐ:
Հարցազրույցը՝
արվեստաբան Արմինե Մելիք– Իսրայելյանի
Հայաստան– Լիբանան
«Առավոտ» օրաթերթ
19.05.2026


















































