Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդա Կվրյան-Հայրիյանի ընտանիքը հայությունն է

Մայիս 27,2026 12:00 Share

Հայապահպանման գործի, անաղարտ մայրենիի նվիրյալը

Նրա պապերը Հայոց մեծ եղեռնի, ցեղասպանված հայի ճակատագրի կրողներ էին, որոնք լիբանանյան ափեր հասան՝ թողնելով հայրենի տունն ու ծննդավայրը։ Մի ամբողջ կյանք մնաց ետևում, որ ծածկվեց 20-րդ դարի արյունոտ ոճրագործության ցավոտ կնիքով ու հիշողությամբ։ Հայրենիքի կարոտով ու վերագտնման երազով ապրող այդ ընտանիքը բազմաթիվ ճակատագրակիցների պես 1947-ին բռնեց Հայաստան հայրենադարձման ճանապարհը, հաստատվելով Երևանում, դառնալով նրա մի հետաքրքիր ու կոլորիտային մասնիկը «ախպար»՝ եղբայր առանձնացնող բնորոշումով։

Կվրյանների ընտանիքի սերունդը շարունակեց նաև հայրենիքում նոր ծիլեր տալ։ Նրա թովիչ ձայնն ու հայերենի մաքրամաքուր մատուցումը ոչ միայն Հայաստանի հանրային ռադիոյի ու հեռուստատեսության եթերներից էր ծանոթ որպես Սեդա մորաքույր, այլև, հետագայում արդեն օտար ափերում հայտնի դարձավ որպես հրաշալի մի մասնագետ, ով 90-ականներին հայտնվելով օվկիանոսից անդին՝ ճակատագրով նախանշված առաքելության կատարողն ու իրագործողը եղավ ամերիկահայության մեջ, կրթելով մի քանի սերունդ։

Հայոց լեզվի ու գրականության իմացության փայլուն ու մեծ պաշարով կրթական հաստատություններում ունեցած իր ուսուցչական գործունեությամբ Սեդա Կվրյան-Հայրիյանն անփոխարինելի մեկն էր, ում ուսուցումը միայն գրքային ու տեքստային չէր, այլ՝ կենդանի ու շոշափելի, հայոց պատմության ու հայ մեծերին նվիրված ցնցող ներկայացումներով, որոնք անմոռաց են նրա սաների հիշողություններում և կրթօջախների կենսագրության մեջ։ Սևակը, Չարենցը, Շիրազը, հայոց բանաստեղծները մի այլ, բարձր նոտայով են հնչել ասմունքի արվեստում իր քնքշանուշ տեղը զբաղեցրած Սեդա Կվրյան-Հայրիյանի մատուցմամբ ու դարձել ձայներիզ ժողովածուներ ինչպես նրա անկրկնելի  «Մայրապատում»–ը, որը նվիրված լինելով իր մայրիկին՝ մի ձայնակերտ ու բառաշեն խորան է անդավաճան սիրո ու փառաբանման հայ մորը։ Սեդան մոգական ուժ ունեցող մի մտավորական է, որի բոլոր ձեռնարկներն ու ամենապարզ իրագործումներն անգամ վերածվում են նոր ու բարձր ասելիքի, իմաստի ու բովանդակության, որտեղ հայապահպանությունն է մեխը։ Ամերիկահայ հեռուստադիտողի ակն ու ունկը շոյող նրա «Կարկաչ» հեռուստահաղորդաշարը տարիներ շարունակ եթերը լցնում էր բովանդակալից հայեցի մտքով, արժանի անհատների հետ հարցազրույցներով, ռեպորտաժներով և հայ միտքը արթուն պահող ու սնող մի հոգևոր առաքելությամբ, հանուն որի Սեդա Հայրիյանը բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, միայնակ պահում էր հեռուստաժամը, որը բավականին թանկ հաճույք է, երբ չունես մնայուն հովանավորներ և ինքդ ես հոգում բոլոր տեսակի ծախսերը նման բարձրակարգ եթեր ունենալու համար։ Բազմաթիվ դժվարություններ հաղթահարած և հայեցի մշակույթի ու հայոց լեզվի ինքնատիպ դեսպանը դարձած Սեդա մորաքույրը իր հրեշտակների դպրոցով ու բազմաթիվ կրթած սաներով հանդերձ ոչ միայն ճշմարիտ հայուհու իր բնածին կոչումով անշեղ ապրող անհատականություն էր, այլև երկու հրաշալի դուստրերի մայր, որոնց շուրթերից ոսկեղենիկ հայերենն է ծորում, այսօր արդեն փոխանցվելով հնգամյա թոռնուհուն, ով ծնված լինելով Ամերիկայում, խոսում է մաքրամաքուր ու կիրթ, գրական հայերենով այնքան վարժ ու սահուն, որ Հայաստանում ապրող երեխաներից շատերից չես լսի, հիացմունքի է արժանի երեխայի մեջ սերմանած այդ սերը, ամեն նոր բառ լսելիս, փոքրիկ Սոֆին կարծես գանձ գտածի նման մեծ մորը ներկայացնում է բառը, բացատրությունն ու նշանակությունը հասկանալու համար։ Ծնված լինելով հայրենադարձ, ավանդապաշտ ու հայեցի արժեքներով ապրող ընտանիքում՝ տիկին Սեդան իր մեջ կրում է հայրենադարձ հայի ապրածի, նրա գլխով անցածի ու դարձյալ աշխարհասփյուռ լինելու ճակատագրի բոլոր հուշ-ապրումները, «ախպարների» ընտանիքի Հայաստանում հաստատվելու պատմությունները, որոնք իրենց մեջ ուրի՜շ հայկական համ ու հոտ ունեն, դարչնաբույր, խնկահոտ, ինչպես մանկության տարիներին սիրելի մայրիկի հետ իրենց այցերը պատարագներին, մի հասարակարգում, որտեղ եկեղեցի այցելելը խրախուսելի չէր մեղմ ասած։

–Մանկությունս լուսավոր ճամփա է ունեցել։ Չորս տարեկանից սկսած ամեն կիրակի, առավոտյան մայրս իր հետ տանում էր եկեղեցի; Ես լինում էի երգչախմբի մոտ, մինչև կավարտվեր պատարագը։ …Ընտանիքս, որտեղ ծնվել եմ, Հայաստան էր եկել Լիբանանից։ Մեր տան լեզուն գեղեցիկ արևմտահայերենն էր։ Մեծ ընտանիք էր։ Երկու քույրերս՝ Վարդուհին և Լուիզան, ծնվել էին Լիբանանում։ Մինչև 1939 թվականը ծնողներս ապրել են Արևմտյան Հայաստանի Պելյան՝ այժմ Ալեքսանդրիթ քաղաքում։ Հորական  Սրբուհի տատս թրքախոս էր։ Ես հաճույքով լսում էի նրան առանց հասկանալու, թե դա ինչ լեզու է։ 1947-ին հայրս, մայրս, քույրերս ու հորեղբայրս գալիս են Մայր հայրենիք՝ ազատ աշխարհ։ Հորս երազանքը կատարվում է, Հայրենիքում ծնված որդուն կնքում է Ազատ անունով։ Ես տանն եմ ծնվում․հավատացյալ Սրբուհի տատիկիս տեսիլք է գալիս, ըստ որի՝ հրեշտակն իջնում, մոտենում է, գրկում և ողջունում իմ մուտքն աշխարհ, գրում է տիկին Սեդան։ Ու թրքախոս տատի իրեն ուղղված ճակատագրական պատումը, որի պատճառով էր, որ թոռնուհուն անվանում էր «մելեկ ղզը»՝ հրեշտակ աղջիկ, ով մայրենին պիտի անաղարտ ու տարածուն պահեր հայրենիքի սահմաններից դուրս, այդ մայրենիով կրթեր սերունդներ։

–Տատիկիս շնորհիվ 12 տարեկանից գրաբարով կարդալ սովորեցի։ «Հավատով խոստովանիմ» էի կարդում և սպասում էի, թե տատիկս երբ է քնելու, որ դադարեցնեմ այդ դժվար ընթերցումը,– իր կյանքի հուշերն ու թանկ, կարևոր պահերը մի գրքում ամփոփելու փորձը Սեդա Հայրիյան հայուհու ինքնատիպ հաշվետվությունն է կյանքին, հայրենիքին, իր ինքնությանն ու իր կոչմանը, որտեղ մարդը բարձրագույն աստիճանի վրա է իր բոլոր առաքինություններով ու հատկանիշներով։

«Հոգեգանձարան»-ի նախաձեռնումը, այս բացառիկ ինքնակենսագրականի լույս ընծայումը հոգու գզրոցներում խնամքով պահած իր ապրած տարիների փայփայումն է, նրանց ջերմությամբ կրկին փաթաթվելու մի ցանկություն, ինչպես արևին են տալիս զարդանախշ գորգը, որի ամեն ծալքն ու նախշահյուսը, ամեն թելի ոլորն ու կապը մի պատմություն է, ժամանակի անմահացում իր տեսակի մեջ։ Թերևս այսպիսի զգացողություն էր այն ափերի մեջ ունենալը, մի ողջ կյանք իր վերելքներով ու դժվարությունների հաղթահարումով, որոնք այնքան լուսավոր են ներկայացած, որ ասես չկան, թեպետ անհնար էր, որ չլինեին, կամ եղել են անհրաժեշտություն, մի ամպ, որի տակ թաքնված արևը հետո ավելի է ջերմացրել… Ու պատահական չէ, որ չգիտես ինչ ենթազգացողությամբ, տիկին Սեդային միշտ արևածաղիկներ են նվիրում, եթե անգամ չգիտեն այդ ծաղիկների հանդեպ նրա սիրո ու վերաբերմունքի մասին։

15 տարի առաջ, Արցախում, ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված լրագրողների համահայկական համաժողովի ժամանակ ծանոթացա այս բազմավաստակ, հայատարած գործունեություն վարած տիկնոջ հետ, բացահայտելով ինձ համար  հայապահպանության դժվարին գործի առաքյալներից մեկին՝ ով իր ողջ գիտակցական կյանքով  սերունդներ էր կրթում՝ իր հայեցի խոսքը ուսումնական պրոցեսից նաև դեպի հեռուստաեթեր բերելով։ Հրեշտակամայր են կոչում տիկին Սեդային, իր անսահման բարության ու մայրական հզոր բնազդներով հարուստ էության համար, որը նրա հետ շփված ամեն ոք անհնար է, որ չզգա իր կյանքում, իր անձի նկատմամբ։

Հայաստանում էր տասնհինգ տարի անց, կարոտած, իր հարազատ հայրենիքի ամեն անկյանն ու ամեն ինչին, իր Երևանին, որտեղ մի չքնաղ ֆիլմապատում կյանք էր ապրել, ուր վերադառնալու ցանկությունը հայրական տան կարոտի պես ձգող է։ Մանկությունից մինչ պատանեկություն, ուսումնառություն, Հանրային ռադիոյում աշխատած տարիներ, ընկերներ, կոլեգաներ, հուշեր, որտեղ առանձին մի հատված իր քնքշությամբ ու խոնարհումով դեպի տաղանդավոր մարդը առանձնանում է․ բանաստեղծ Ֆելիքս Պետրոսյանին նվիրված հուշագրությունը։ Մայրցամաքների հեռավորությունն անգամ չի խանգարել իր վաղեմի բարեկամի շիրիմին ծաղիկներ խոնարհել, հիշել մարդ-մեծությանը, ով զոհն էր մի հասարակարգի, որտեղ ամեն ինչ չէ, որ իրենց տեղերում էին։  Ծանոթ լինելով նրա կյանքին ու գործունեությանը, զարմանում ու հիանում ես միաժամանակ, որ լինելով գաղթականի, հայրենադարձի ժառանգ, ի՞նչ ֆենոմեն է, որ թույլ չի տվել որևէ տեղ ձուլվել ու արդյո՞ք այդ անընդհատ ասիմիլացնող մարտահրավերները չեն հոգնեցրել տիկին Սեդային։ Նրա գործունեությունը, մասնագիտական աշխատանքն ու նվիրումը մայրենիի, հայապահպանության գործին այնքան հարուստ է ու գրքի թերթերում ամբարված է մի ողջ գանձարան, որտեղ պարզապես ապրած տարիներ չեն, հոգսեր ու խնդիրներ չեն, այլ գաղափարական, համոզմունքային, հայեցի մի կյանք ազգերի ահռելի մի խառնարանում, որտեղ պայքար է տեսակ պահելն ու վերածնելը։ Նրան ուղղված նամակները, նրա մասին հայտնի մտավորականների կարծիքները, ամեն ինչ մասնիկ առ մասնիկ հավաքում ու ամբողջացնում է մի դիմանկար, որը հայ մոր, մտավորականի, ուսուցչի ու զավակի, բացառիկ հայուհու մասին վկայակոչություններ են, ով արել ու անում է իր գործը, լսելի ու հնչեղ պահելով հայերենը։

Սեդա Կվրյան-Հայրիյանի ընտանիքը հայությունն է, դպրոցահասակ, մանկահասակ, պատանի ու արդեն ծնող դարձած իր սաներ, նրանց հայ տեսակ ու որակ դաստիարակելու առաքելությունը, մի գործունեություն, որ իր մասշտաբներով դուրս է գալիս զուտ ուսուցչական շրջանակից, իրենից ներկայացնում հայ ընտանիքը օտար ափերում, հայախոս, հայկական արժեհամակարգով ապրող հայ ընտանիքը, քանի որ ամեն մեկը չի, որ կարող է կամ ուզում է դիմագրավել ձուլման մարտահրավերներին, հակառակը՝ ինտեգրման ձգտումը հաճախ այնքան մեծ է, որ այդ պրոցեսները տեղի են ունենում շատ սահուն, առանց խոչընդոտների… Բազմաթիվ միջոցառումներ, ձեռնարկներ, դասավանդման ավանդական ու ոչ ավանդական մեթոդներ, ամեն ինչ կա Սեդայի զինանոցում, որը հանուն հայոց պատմության, լեզվի ու մշակույթի ճանաչման է ու հայրենիքի հանդեպ սիրո՝ օվկիանոսից անդին։ Կոմիտասի հանդեպ սերը անչափելի է, նրան նվիրված հանդիսությունը անմոռանալի, որտեղ խոսում է պատմությունը, իր գիրքը Սեդա Կվրյան-Հայրիյանը սկսում է Կոմիտաս վարդապետի այս պատգամով՝ «Ուսուցիչ պարոննե՛ր ու քույրե՛ր, զգուշությամբ ու երկյուղածությամբ մոտեցե՛ք դաստիարակության գործին․խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը։ Դաստիարակելու կոչված էք սերունդ մը, որ ապագա ազգն է․սխալ ուղղությամբ՝ ազգ մը կխորտակեք վերջը։ Եթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին․պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը, և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել»։ Առանձին մեծ բաժին են կազմում բանաստեղծությունները, որոնք ժամանակին տպագրվել են «Գարուն» ամսագրում, սիրո, հայրենիքի, խոհափիլիսոփայական ու լուսավոր ստեղծագործություններ, որտեղ զգում ես հեղինակի նուրբ հոգին ու հոգեխորաթափանց միտքը։ Արարումների, պրպտուն մտքով այս բացառիկ հայուհին դեռ նոր նախաձեռնություններ, նոր մտքեր, նոր ճանապարհներ է ցույց տալու նոր սերնդին, որի մեջ ինքն անձամբ իր նորատունկն ունի՝ հանձինս թոռնուհու՝ փոքրիկ Սոֆիի, ում մեծ մայրիկի հոգատարությամբ պարուրելուց զատ նաև իր տարիների հարուստ փորձի պտուղներն է ուսուցանում, որպես անխախտ կոդ խթանելով նրա մեջ հայի գենը։ Իր հայապահպան գործին, արժեքների, լեզվի պահպանմանն ու գնահատմանը  այս անհանգիստ աշխարհի մեջ տիկին Սեդան վերաբերվում է շատ հանգիստ ու գործնական, նա պարզապես իր գործն է անում, չդավաճանելով իր տեսակին ու մարդկային արժեհամակարգին։ Նրա հեռուստաժամերի վերականգնումը մի մաքուր ու կենսատու օդ կլիներ հայության համար, նրա հայեցի խոսքը, մատուցած հոգևոր սնունդը, որը արժանի է, որ բարերարների մեծ ուշադրության պայմաններում ի կատար ածվի կրկին, միօրինակության, անճաշակության ու ռաբիզացող եթերների մեջ դառնալով դասական չափանիշ, ինչպիսին եղել է նրա «Կարկաչ» հաղորդաշարը տարիներ շարունակ, հեռուստադիտողի կողմից միշտ սպասված ու բազմաարձագանք մեծ սփյուռքում…

Հայուհուն հատուկ տագնապող ու փոթորիկների մտավախություններով է ապրում նրա հոգին, որը միշտ կարողանում է մեծ մոր իմաստնությամբ սքողել այդ վախերն ու դիմացինին հույս ու լույս տալ, ճանապարհ գտնել ու ցույց տալ, իր սիրելի Թումանյանի խոսքերը հիշեցնելով. «Պատմությունը մի լուսավոր լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա՝ իր ճամփան անմոլոր գնալու համար»։ Նա էլ մեր ազգի ապագան տեսնում է իմաստնության գալու մեջ, այսքան աղետներից հետո, աշխարհաքաղաքական փոթորիկների մեջ ապահով ափ հասցնելու համար մեր հուսո նավը, հայրենիքը, որը կարևոր և անփոխարինելի արժեք է համայն հայության համար։ Այդ պիտի անենք սիրո ուժին ապավինած, ասում է Սեդա Կվրյան-Հայրիյանը՝ գրելով իր գրքի վերջաբանում«Սիրով լի հոգին միշտ ամուր է ու հաղթահարում է փորձությունները։ Սիրով լի հոգին մենակ չի մնում։ Կյանքն ավարտ ունի, Սերը չունի ավարտ»։

Արմինե Մելիք-Իսրայելյան

արվեստաբան

«Առավոտ» օրաթերթ
26.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031