Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք չէի մտածի, որ կգնամ Թուրքիա, Տա Աստված, որ Հայաստանի դրոշը բարձրացնեմ այնտեղ». զինհաշմանդամ

Մայիս 13,2026 13:00 Share

Օրերս Ֆրանսիայում, Փարիզի մոտակա Թավերնի քաղաքի Ալիս Միլաթ լողավազանում տեղի ունեցավ աշխարհի հաշմանդամային լողի, այսինքն՝ Պարա Լողի Աշխարհի Սերիան (Para Swimming World Series France 2026), որին մասնակցեց նաև Հայաստանի ներկայացուցիչը՝ զինհաշմանդամ, Հայաստանի 2025 թ. պարա լողի բացարձակ չեմպիոն Գարիկ Միքայելյանը։ Առաջին անգամ Հայաստանը նման լուրջ մրցաշարում ներկայացնելը բավականին ջանքեր  պահանջող ճանապարհ է եղել լողորդի համար, քանի որ լողը որպես սպորտաձև եթե չասենք անտեսված՝ ապա հոգածության այդ չափը չունի, ինչ մյուս մարզաձևերը Հայաստանում։ Ներկայացնում ենք «Առավոտի»  բացառիկ հարցազրույցը Գարիկի հետ:

-Հարգելի Գարիկ, Դուք մասնակցեցիք Փարիզում կայացած աշխարհի պարա լողի մրցումներին, որպես տարածաշրջանում միակ պարա լողորդ, ով չունի ձեռքեր, ինչպե՞ս անցավ մրցաշարը, ի՞նչ ձեռքբերումներով եք վերադարձել։

–Հաղթանակների ու մեդալների ճանապարհը հեշտ չի տրվում, պիտի պայքարիդ ոգին պահես ու գնաս առաջ։ Փարիզում, Աշխարհի Պարա Լողի առաջնությունում իմ մասնակցությունը կարևոր էր նրանով, որ Հայաստանն առաջին անգամ էր նման մրցաշարում ունենում իր մարզիկը հաշմանդամային սպորտում։ Ես 2025թ. Հայաստանի առաջնությունում արժանացա երեք ոսկե մեդալի և դարձա Հայաստանի բացարձակ չեմպիոն՝ թիկնալողով 50 մետրը 48 վայրկյանում հաղթահարելով։ Դա ինձ ոգևորեց և ինձ համար հաշվետվություն էր, թե ինչ մակարդակի եմ հասել ֆիզիկապես մի քանի տարվա պարապմունքների արդյունքում։ Հայաստանի Ազգային Պարալիմպիկ Կոմիտեն տվեց ինձ հնարավորություն մասնակցելու նման կարևոր մրցաշարի, քանի որ իրենք էլ գիտակցում են, որ լողի հանդեպ որպես սպորտաձև պետք է փոխել պետության ու պատկան մարմինների ուշադրությունը։ Փարիզում դասակարգում ստացա, դեռ մի քանի այլ մրցույթների արդյունքներ էլ պիտի գրանցել՝ հասնելու 2028 թ. Լոս Անջելեսի Պարալիմպիկ խաղերին։ Շատ ուսուցանող էր առաջին մրցույթը։ Ձեռքբերումները լողի ասպարեզում, որը մեր երկրում ոնց տեսնում ենք մատնված է անտարբերության և վերաբերմունք ուղղակի չկա, ես սա մեծ ցավով եմ ասում թե՛ որպես անհատ և թե՛ որպես մարզիկ, թե՛ որպես հաշմանդամություն ունեցող մարդ, ով անում է հազարավորների համեմատ գրեթե անհնարինը, բայց տեսեք, որ չկա ոչ թե պատշաճ, այլ ուղղակի չկա վերաբերմունք։ Ես չգիտեմ ի՞նչ դռներ կարելի է բախել, ինչպե՞ս ասել այս մասին, որ լսելի լինի խնդիրն ու ուշադրության արժանանա, բայց դա պետք է անել։ Այս մասնակցությունը ինձ իրավունք է տալիս և նաև հարթակ ասելու պատկան մարմիններին, որ մենք կանք, լինենք մեկ, թե մի քանի հոգի, բայց մենք կանք և մենք արդյունք ենք մեծ ջանքերի, մենք արժեք ենք, որը պետք է տեսնել և գնահատել, զարգացնել։ Փարիզի մրցույթը ուժեղների մրցաշար էր, աշխարհի տարբեր երկրներից կային մարզիկներ, ովքեր երևի մանկությունից այս սպորտի մեջ են, կոփված են, պրոֆեսիոնալ, մրցել նմանների հետ և պատիվ է, և հերոսություն։ Մարզիկներ, ովքեր ունեն ծով, ում ֆիզիկական տվյալներն ի ծնե հարմար են ջրին, ոսկորի խտություն և այլ նրբություններ էլ կան, բացի այն, թե քանի տարի է նա զբաղվել լողով։ Երբ պրոֆեսիոնալիզմի ու թիմային հոգատարության ու կուռ մտածողության պակաս չկա, անհատի ողջ ներուժն ու պայքարը դառնում է հաղթանակ բոլոր պարագաներում, քանի որ հաշմանդամություն ունեցող մարզիկի պարագայում շատ կարևոր ու վճռորոշ է թիմի անդամների ցանկացած աննշան թվացող մոտեցումը մրցույթին, որտեղ անփութությունը տեղ չունի ու կարող է ազդել մարզիկի ողջ ելույթի վրա։ Անհասկանալի ու կամայական մոտեցումներ էլ եղան, ասենք՝ մի օր շրջում են իմ գլխարկը, որը աշխարհահռչակ լողորդ Մայքլ Ֆելփսի լոգոն է կրում և օրենքով թույլատրվում է դրանով լողալ, չեն հաշվի առնում իմ պնդումը, որ դա թույլատրելի է, մինչև Անգլիայի մարզիչը ինձանից տեղեկանալով խնդրի մասին՝ կանչում է մրցավարին ու ասում, որ իրենք իրավունք չունեն ինձ արգելելու իմ սպորտային այդ գլխարկը շիտակ դնել, որից հետո, չնայած ներողություն չեն խնդրում 50 մետր բատերֆլայի ժամանակ այդ նույն լողաոճի անգերազանցելի լողորդի՝ Մայքլ Ֆրեդ Ֆելփսի ճանաչելի լոգոն թարսելու և դրանով իսկ իմ լողին թե հոգեբանորեն և թե ֆիզիկապես վնասելու համար, քանի որ աշխարհահռչակ լողորդն իր լողագլխարկը նախագծելիս և մեզ հրամցնելիս հաշվի է առել ցանկացած մանրուք և երբ մեկը իր չգիտությամբ շրջել է տալիս այդ գլխարկը, ստացվում է, որ մազերին առանց սահելու կպչող մասը դառնում է դեպի ջուրը, իսկ սահող մասը դեպի լողորդի գլուխը, և երբ այդ լողորդի գլուխը, այս պարագայում իմ՝ լի է ֆիզիկայի գիտելիքներով՝ շփման ուժի, ջրի դիմադրության և այլնի, հավատացեք՝ չի կարող գոնե ենթագիտակցորեն չխանգարել այն միտքը, թե թարս դրված գլխարկը հո՞ չի թռնի գլխիցս հենց ցատկի պահին, ինչևէ, այսքանի փոխարեն պետք էր միայն, որ պատասխանատու անձը ինքը կարդացած լիներ իրենց իսկ գրած օրենքն ու ցուցակը և իմանար, որ Phelps X-O 2 գլխարկը համապատասխանում է ամենախիստ կանոններին, կարդար այնպես, ինչպես ես եմ կարդացել նախքան իմ կողմից այդ և մյուս անհրաժեշտ սպորտային հանդերձանքը ձեռք բերելը, համենայնդեպս, շնորհակալություն Մեծ Բրիտանիայի դելեգացիայի ղեկավարին Ֆրանսիայում արգենտինացի դատավորին բացատրելու և Հայ Գարիկի ու ամերիկացի Ֆելփսի իրավունքները չոտնահարելու համար, դրանից հետո իմ մյուս լողահերթերում ես Ֆելփսը ուղիղ էի դնում։ Առաջին լողի ժամանակ չուշանալով ոչ մի րոպե, դեռ մի տասը րոպե էլ շուտ ներկայանալով, հաշվի չի առնվում, որ հենց իրենց տրված ժամանակացույցով րոպեներ առաջ լողավազանում եղած Գարիկը՝ ով չէր կարող բեդջը վզին լողալ, կազմ պատրաստ՝ ողջ հանդերձանքով լինում է տեղում, իսկ երբ բեդջն են պահանջում, պարզվում է՝ բեդջը պարա լողի պատասխանատուի մոտ է՝ ով չգիտես որտեղ է… այդտեղ է, որ անփութության ու մի անպատասխանատվության պատճառով, ինձ չեն թողնում լողամ մրցաշարի բացման առաջին լողը, սա այս մեծ ջանքերի դեմ մի սխալ քայլ էր, որի սթրեսը խանգարեց ինձ ողջ մրցման օրերի ընթացքում։

Այսպիսով, բացման արարողության հինգ մասնակցով նախատեսված 100 մ ազատ ոճ հանդիսավոր լողը, որի մեջտեղից ցատկողը պետք է լիներ երկու ձեռք չունեցող հայ մարզիկը՝ դառնում է միայն մեկ քաթարցի կույր լողորդի լող, ով էլ շատ ուշ տեղ հասնելու պատճառով է 0 ստանում։ Փաստորեն, հինգից երեք մարզիկ չէին ներկայացել, ըստ ֆրանսալեզու հաղորդավարի՝ մեկը երևի օդանավակայանից էր ուշացել, մեկը պատերազմի պատճառով չէր եկել, մյուսն էլ 100 մ կրոլի բացումից էր խուսափել, իսկ ես, չուշանալով ոչ մի տեղից, իմ կնոջ հետ՝ ով որպես մարզիչ ու ասիստենտ, հետս էր իր բեդջով ու իմ ողջ սպորտային աքսեսուարով, տեղում էինք, բայց իմ բեդջը տեղում չէր, ես չուշացա, բեդջս ուշացավ։

Իհարկե, ես բողոքեցի, ասելով, որ սա մարդկային չէ, Ալիս Միլաթի անցած պայքարի ճանապարհին իմ տուրքը առաջին հանդիսավոր լողս պիտի լիներ, բայց եղավ պայքարս իրավունքի համար, ինչպես ինքն է արել ժամանակին… Իրենց սպորտային մեկնաբանների համար էլ անհասկանալի էր, թե ինչո՞ւ ցատկի պատրաստ մարզիկը հանկարծ իջնում է ցատկահարթակից։ Իրենք անթաքույց ուրախ էին, որ շատ ֆրանսիացիներ են մասնակցում այս մրցույթին, որ իրենք են կազմակերպել, ակնհայտ էր նաև այն, որ ոչ մի ֆրանսիացու չտեսանք առաջինը ելույթ ունենալիս, նաև մյուս օրերին, քանի որ շատ կարճ ինտերվալ է տրված հանգստանալու և շարունակելու համար։ Այնպես որ, պետք է սովորել, չհաճոյանալ հյուր մարզիկներին, ոչ մի կերպ, եվրոպացիներից սովորելու շատ բան ունենք այս առումով, պահպանողականության առումով։

–Լինելով զինհաշմանդամ, ինչպե՞ս որոշեցիք զբաղվել սպորտով։

–Ես լողալ գիտեի մանկուց։ Ձեռքերս կորցնելուց հետո երբեմն լողում էի Կարմիր Խաչի լողավազանում, մի օր Սևանում կինս տեսավ իմ լողը, զարմացավ, որ կարողանում եմ այդպես լողալ և այդ ժամանակ իմացանք, որ Զինվորի տունը լողի ծրագիր ունի զինհաշմանդամների համար, դիմեցինք և մի խումբ հավաքվեց, սկսեցին պարապմունքները։ Մեր մարզիչը, իմ առաջին մարզիչը ջրագնդորդ, հերոս Հենրի Հակոբյանի հայրն է՝ Համիկ Հակոբյանը, ով պատերազմում իր որդուն կորցրած լինելով՝ ուժ էր գտել իր մեջ մեզ լողալ սովորեցնելու։ Ես շատ շնորհակալ եմ իմ մարզիչին, թե՛ որպես մարդ, թե՛ որպես հայ, թե՛ որպես մարզիկ նա բարձունքում է միշտ ինձ համար։ Զինվորի տան բուժական լողը մենք վերածեցինք սպորտայինի, արդյունքներն էլ տեսանելի են եղել։ Օլիմպավանում շարունակվող իմ մարզումները ներկայիս մարզիչիս՝ Կարեն Սարգսյանի հետ ինձ նոր աստիճանի վրա են հասցրել տեխնիկական տվյալներով, երբ մարզիչդ սրտանց ու ինքնակամ է քեզ մարզում՝ դա խոսում է նրա նվիրյալ տեսակի մասին։ Փարիզի այս մրցաշարին իր աջակցությունն առաջարկեց նաև մեր Զինվորի տունը, Veterans of Armenia-ի միջոցով, որպեսզի կարողանանք պատշաճ ներկայանալ նման կարևոր մրցաշարին։

–Որքանո՞վ եք կարևորում նման մրցաշարերին մասնակցությունները։

–Յուրաքանչյուր հասարակության դեմքը նրա հաշմանդամներն են, թե որքանով են նրանք այդ հասարակության մաս ու անդամ։ Նման մրցաշարերը երկրի ուժեղ կողմը ներկայացնելու առիթներ են, նաև հաշվետվություն՝ ինքդ քո ուժերի ու կարողությունների առջև, փորձ են ու խթան ավելին անելու համար։ Պետք է նմանատիպ մրցաշարերին մասնակցելով, արդյունքներ գրանցելով ճանապարհ հարթել դեպի պարալիմպիկ խաղերի։ Շատ լավ կլիներ, որ պետությունն ու պատկան մարմինները խտրականորեն չվերաբերվեին այն մարզաձևերին, որտեղ գեթ մեկ նվիրյալ մարզիկ ունեն։ Կարևոր է թիմային պատրաստվածությունը, չնայած լողը անհատական մարզաձև է, բայց հաշմանդամություն ունեցող մարզիկի համար չափազանց կարևոր է, որ մասնակից յուրաքանչյուր ոք լինի իր տեղում ու պարտականությունների կատարման շրջանակում լինի հոգեպես այս պայքարի մեջ։ Սա մեծ փորձ էր, Հայաստան բերելու այնպիսի իմացություն նման մրցաշարերից, որոնց մինչև չմասնակցես, ոչ ոք դա քեզ չի սովորեցնի։ Ընդհանրապես, հաշմանդամային սպորտը ունի շատ ինքատիպություններ, որոնց մարզիչներն անգամ ընթացքում են հմտանում, սովորում փորձով։

–Ի՞նչ բարդությունների առաջ եք կանգնել Ձեր ճանապարհին  և ինչպե՞ս են լուծվել դրանք, հիասթափեցնող չէ՞ նոր, արհեստականորեն ստեղծված մարտահրավերների ու խնդիրների բախվել։

–Բարդություններն ու դժվարություններն ամենատարբեր տեսակի ու աստիճանի են եղել, եղել են գրեթե ամեն ինչում, որը շատերի աչքից հեռու և անտեսանելի է։ Հազար ու մի կոտրող վերաբերմունք, դիպվածներ, որոնք ստեղծվել են նախանձից դրդված, կամ ոմանք փորձել են իրենց ամենակարող զգալ հասկացնելով, որ քո ձգտումները իրենց ցանկությունից են կախված, որպեսզի իրականություն դառնան կամ չդառնան… Զզվելի է նման իրավիճակը, հոգով ու էությամբ արվեստագետ, ներքին արիստոկրատիզմ ունեցող մարդուն ստիպում են լինել իրենց գործողությունը կանխող։ Երբ հաշմանդամը համապատասխանաբար առօրյա հոգսերից անմասն չէ, սկսած ամենասովորական թվացողից, վերջացրած այն բոլոր խնդիրների լուծմամբ՝ նոմենկլատուրային քաշքշուկից մինչև արհեստական ստեղծվող բարդություններ տանում են ժամանակիդ ու էներգիայիդ մեծ բաժինը, մինչդեռ դու պետք է ինքնակենտրոնացում ունենաս ու չմտածես ոչնչի մասին և ինչպես ասում են՝ մարզիկը պիտի իր մարզումներով զբաղվի… Բարդություններից ամենադժվարը թերևս կինս հաղթահարեց, զույգ ոտքերի կրնկախիթերով, որոնք սարսափելի ցավ են առաջացնում, բուժումը կիսատ թողած եկավ ինձ հետ, որպես թե՛ իմ մարզիչ և թե՛ օգնական, առանց որի ես չէի կարող գնալ այս մրցմանը։ Ամեն մեկը դա չի անի կարծում եմ, սա զոհաբերություն է, որը ինքը արդեն մեկ անգամ չէ որ արել և անում է իմ կյանքում։ Ես պարզապես չեմ տեսել իր նման մարդ, ով ոչ միայն իմ, այլ մարդու հանդեպ այդքան մարդասիրությամբ լցված մեկը լինի, բարի ու օգնող, վեհանձն տեսակով։ Կար մրցելույթ, որտեղ պետք է ստարտը վերցնեի սրբիչից ատամներով բռնած, Արմինեն պահեց կարգը ինչպես հարկն էր և ես առաջինը հաղթահարեցի 50 մետր լողավազանը։

–Բարերարների վերաբերմունքն ու մարդկանց ուշադրությունը Ձեր հանդեպ եղավ բավականին ջերմ և տվեց արդյունք, պարտավորեցնո՞ղ էր այդ ամենը մրցույթի մասնակցության պահին։

–Ժողովրդական խոսք կա, ով միանգամից է տալիս՝ նա տալիս է կրկնակին… Այլևս փաստ է, որ ես Հայաստանը ներկայացնող միակ զինհաշմանդամ լողորդն էի Ֆրանսիայում կայացած աշխարհի խաղերին, առաջին բացարձակ չեմպիոնը Հայաստանի Հանրապետության պարալողի առաջնությունում, սա փաստ է ու կենսագրություն։ Շատ դժվարություններով եմ հասել այդ մակարդակին, անցել մարդկային լավ ու բարի, նաև անարդար դիպվածների միջով, բայց չեմ կորցրել հավատս ու բարությունս, շնորհիվ Արմինեի, ով իմ ոգևորողն ու առաջ մղողն է, որ լողս ու մարզումներս շարունակեմ, իմ կինեզիստն ու օգնականը։ Լողավազանը, որը Օլիմպավանն է, ինձ աջակցել է պարոն Գագիկ Ծառուկյանը, որպեսզի ազատ պարապեմ, շարունակեմ մարզումներս… Անհրաժեշտության դեպքում մեզ նեցուկ է եղել զինհաշմանդամների լավագույն բարեկամը՝ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ Մեզ միշտ ոգևորել ու առանձնահատուկ ուշադրության է արժանացրել մեր լավագույն բարեկամներից ճարտարապետ Աշոտ Բաղդասարյանը, ում համար մենք չհանձնվելու և պայքարի սիմվոլ ենք դարձել, անգամ իր պարտեզում մեր տնկած ծառերի կողքին հատուկ ցուցանակն է իմ ու կնոջս անուններով։ Ով միանգամից է տալիս, նա տալիս է կրկնակի, սա վերաբերվում է նման մեծ ու գնահատող մարդկանց, որոնցով ես ուրախ եմ և հպարտ, որ իրենք կան։ Աստված պահապան լինի իրենց։ Բարի մարդիկ միշտ էլ եղել են իմ ճանապարհին Աստծո շնորհիվ, որպեսզի ես ինձ նեղված չզգամ, ինչի համար մեծապես շնորհակալ եմ իրենց։ Երբ եկավ մրցույթի պահը՝ իմ լավ ընկերոջս, ով նույնպես մարզիկ է և ունի հաշմանդամնություն՝ Հովհաննեսի խորհրդով դրամաշնորհային հայտ գրեցի, նստեցի ու ոտքով գրեցի, ներկայացրեցի Հ.Հովնանյան Ընտանեկան հիմնադրամին, որտեղից կարճ ժամանակ անց ստացա դրական պատասխան մրցույթի մասնակցության որոշ ծախսերի բավարարման պահով, ինչը ուղղակի օդ ու ջրի պես անհրաժեշտ էր, քանի որ մարզիկը մեզանում միայն իր մարզումներով չի զբաղվում, ցավոք, այլ նաև զանազան կազմակերպչական հարցերով… Հ.Հովնանյան Ընտանեկան հիմնադրամի բարեհամբույր ընդունելությունն ու իրենց մարդկային մոտեցումը, անձդ կարևորող ու հարգող վերաբերմունքը արժանի են շնորհակալության ու հիացմունքի։

–Ի՞նչ է պահանջում սպորտը և ի՞նչ է տալիս փոխարենը Ձեզ։

–Պահանջում է ժամանակ, կենտրոնացում, ուժ ու հոգնություն, հրաժարում լիքը թուլություններից,  որ կարող ես քեզ թույլ տալ առօրյա կյանքում։ Փոխարենը տալիս է առողջություն, ինքնաբավության զգացում, ավելի լավ ես զգում քեզ ֆիզիկապես և հոգեպես։ Սպորտն էլ, արվեստն էլ խանդոտ են, մեկի հաշվին մյուսը չես կարող իրագործել, ահռելի ջանք են պահանջում ու հարյուր տոկոսանոց նվիրում։

–Առհասարակ, Ձեր դիտարկմամբ, եթե լինենք անաչառ և անկեղծորեն խոստովանենք, ի՞նչ վերաբերմունք է այս սպորտաձևի նկատմամբ մեր պատկան մարմինների կողմից, ի՞նչ պոտենցիալ ունենք և ինչո՞ւ է այնուամենայնիվ այսքան տեղայնացված ու պասիվ ուշադրությունը հանդեպ այս մարզաձևը, որն առողջ ապրելակերպի լավագույւն միջոցներից է և կարող է տալ պրոֆեսիոնալ արդյունք, չէ՞ որ ունեցել ենք լեգենդար անուններ

–Լողը թիմային մարզաձև չէ։ Թայֆա չկա մեջը կոպիտ ասած… Անհատական մարզաձև է, անհատ է կերտում, իսկ կոփված, ուժեղ անհատն էլ մեծ առումով իր հասարակության դեմքն է, երևի չենք ուզում դեմք ունենալ, եսի՞մ… Դավիթ Համբարձումյան ունեցած, Շավարշ Կարապետյան ունեցած ազգը իրավունք ունի՞ այսքան ինտերվալ ունենալ այս ասպարեզում, նրանցից ամեն մեկի կյանքը մի ֆիլմ է։ Ինքս բուժական լողից եմ պարալողը հասցրել սպորտայինի, իսկ դա մեծ ջանքեր է պահանջում քեզնից և քո ընտանիքից։

–Ձեր անձնական փորձով, ինչի՞ պակասն է, որ ցցուն է և առաջնահերթ լուծելու կարիք ունի, որպեսզի սպորտով, հատկապես, թերևս ամենաանտեսվածը՝ հենց լողով զբաղվողը, հատկապես հաշմանդամություն ունեցող անձը զգում է իր սպորտային ճանապարհին և կարիք կա դրա վրա ուշադրություն դարձնել

–Հնարավորություն ստեղծել ֆիզիկապես և ֆինանսապես միջոցներ տրամադրել իսկապես սպորտով զբաղվող հաշմանդամություն ունեցող անձին, զինհաշմանդամ, թե այլ, կապ չունի, եթե մարդը ուզում է սպորտով իսկապես զբաղվել, պետք է տալ նրան այդ հնարավորությունը, հոգալ այդ կարիքը։ Ցանկություն լինի, միջոցը միշտ էլ կգտնվի։ Եթե չգիտեն մեր պատկան մարմինները, կարող եմ փաթեթ առաջարկել, խորհուրդ տալ ու ցույց տալ տեղը և ձևը այդ ամենը իրական դարձնելու համար, ես պատրաստ եմ խոսել և ասել ինչպես։ Կա պակաս հաշմանդամային սպորտի գիտակների, որոնք կարող են լինել մարզիչներ հատուկ խնդիրներով անձանց համար, որովհետև հազար ու մի նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնվեն և կան նաև միջազգային օրենքներ, որոնցից պիտի քաջատեղյակ լինեն, պետք է լայն մասնագիտացման կողքին նաև նեղ մասնագիտացում ունենալ, փորձի փոխանակմամբ այլ երկրների սպորտի նման մասնագետների հետ, որը չկա, չի եղել և չի կազմակերպվում, քանի որ դրա մասին մտածող էլ չկա… Ես հիմա հուշում եմ և ինքս էլ ապագայում ուզում եմ դրա մեջ խորանալ։ Պետք է փոխել հասարակության վերաբերմունքը, նաև օրենքներ սահմանել հստակ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ տարբեր իրավիճակների համար, գուցե այդպես կրթել, որ ցանկացած հերթի մեջ, հիվանդանոցում, թե խանութում, թանգարանում, թե փողոցում հաշմանդամություն ունեցող անձը առաջնահերթության իր իրավունքից օգտվել կարողանա։ Սրանք մանրուքներ չեն, մեր կյանքը բարդացնող կամ հեշտացնող կարևոր օղակներ են։

–Արդյո՞ք մարզիկը ապահովագրված է տարատեսակ քաշքշուկներից ու խնդիրներից միայն իր մարզումներով զբաղվելու համար, չէ՞ որ ունենք արտերկրյա շատ այս ասպարեզի մարզիկների փորձը, մարզիկը զբաղվում է միայն իր մարզումներով, իսկ մեզանո՞ւմ։

–Սա մեծախոսություն ու պոռոտախոսություն չէր հնչի, եթե իսկապես ստեղծվեին այնպիսի պայմաններ, որ մարզիկն իսկապես միայն իր մարզումներով զբաղվեր, չունենար խնդիրներ ու մտածմունքներ, զրոյից մինչև վերջ ինքը կազմակերպեր ու հոգար իր մրցույթների մասնակցության խնդիրները, ինչպես որ եղել է մեծ առումով։ Ինչու պիտի պետությունը իմ տեղը չիմանա, կամ իմանա ու մոռանա, ինչո՞ւ… Քանի՞ հատ իմ կատեգորիայի մարզիկ ունի, տարածաշրջանն անգամ չունի, եթե հիմա էլ չասեմ, բա ո՞վ ասի այդ մասին, ոնց տեսնում եմ բոլորն իրենց նեղ անձնականով են զբաղված… Դու գտիր միջոցներ, դու փնտրիր հովանավորներ, որովհետև քեզ համար՝ այսինքն լողի համար բյուջե չկա, կտրեցին, ասում են… Հետաքրքիր է, ինչպե՞ս որոշեցին, ո՞վ որոշեց, ինչո՞ւ այդպես որոշեց… Մեկ օր, իմ փոխարեն, ի՛մ կարգավիճակով չեք կարող ապրել, չեք դիմանա… Կինս ինձ հետ ծանոթանալուց հետո, նստել էր աթոռին, կապել տվել ձեռքերը, փորձել էր զգալ այն՝ ինչ մոտավորապես կզգամ ես, կամ ինձ նման մարդը… Ասում էր, չէի կարողանում դիմանալ… Ես երբեք չեմ տրտնջացել, բայց բողոքելու իրավունք ունեմ, տասնամյակից ավելի է՝ տեսնում եմ մարդկանց ու հասարակության լավն էլ, վատն էլ, ափսոս, վատը անուղղելի վատն է, ու դա չի հարցնում ո՛չ տարիք, ո՛չ սեռ, ո՛չ օտար ու հարազատ… Շատերը չեն էլ ուզում մտնել դիմացինի դրության մեջ, նրանց դա պետք չի, փոքրիկ ուղեղները չի դիմանա։ Բայց այդ նույն կերպարները կարող են քեզնից պահանջել ամեն ինչ։ Զայրանում եմ։ Բայց նաև ներողամիտ եմ, անբացատրելի շատ ներողամիտ եմ… Իմ այս կարգավիճակն անգամ ինձ չփոխեց, երբեք էգոիստ ու անտարբեր չեղա, երբեք չչարացա։ Սա իմ հայրենիքն է, ես այն չեմ ցանկացել փոխարինել ու ես գոհ եմ ինձնից դրա համար, որ ես այդքան ուժեղ եմ գտնվել ու այդքան չեմ գայթակղվել հեռուների հանգիստ կյանքով, բայց կարելի է, չէ՞, այս մեն միակ հայրենիքն էլ բարեկեցիկ դարձնել, դա հնարավոր է անել, միայն թե Կռիլովյան առակի պես կարապի, գայլաձկան ու խեցգետնի նման ամեն մեկը իրեն չքաշի սայլը…

–Առաջիկայում նոր մարզումների պատրաստվո՞ւմ եք, կա՞ն նոր մրցաշարեր։

–Առաջիկայում Թուրքիայի և Աբու Դաբիում տեղի ունենալիք մրցաշարին եմ պատրաստվելու, Աստված առաջ, պետք է պատշաճ ներկայանամ, մարզումներս ինտենսիվ ու անդադար են, որպեսզի մարզական վիճակս լինի պատշաճ։ Բավականին քաշ եմ իջեցրել, որի արդյունքում ավելացել է նաև լողի արագությունս։ Երբեք չէի մտածի, որ կգնամ Թուրքիա, բայց հիմա ուզում եմ գնալ և Տա Աստված, որ Հայաստանի դրոշը բարձրացնեմ այնտեղ։

«Առավոտ» օրաթերթ
12.05.2026

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031