Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանը Դուբայի գլխավոր դատախազի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Նոյեմբեր 16,2026 10:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրես կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2026 թվականի նոյեմբերի 14-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայի գլխավոր դատախազ Մոհամմեդ Հասան Աբդուլռահիմի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի դատախազությունների միջև ձևավորված համագործակցության ընթացքը, քրեական գործերով միջազգային իրավական օգնության, հանձնման հարցերով, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները։

Աննա Վարդապետյանը կարևորել է երկու երկրների իրավասու մարմինների միջև տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2002 թվականին՝ ստեղծելով հանցավորության դեմ պայքարի, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման, սառեցման և բռնագանձման ուղղություններով համագործակցության իրավական հիմք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային իրավական օգնության հարցումների կատարման ընթացքում ի հայտ եկող գործնական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, անդրադարձ է կատարվել փողերի լվացման, կոռուպցիայի և անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 62-րդ  նիստի ընթացքում միաձայն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել