Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի ստեղծագործական կյանքում նոր էջ բացվեց այն պահից, երբ դրա ղեկավարումը ստանձնեց համաշխարհային օպերային բեմերում փայլած, լեգենդար սոպրանո Հասմիկ Պապյանը։ Նրա ղեկավարությամբ ստուդիան նոր շունչ ստացավ՝ ձեռք բերելով միջազգային չափանիշներին համահունչ գեղարվեստական որակ և ինքնատիպ ձեռագիր։ Եվ այս ամենը՝ առանց լուրջ ֆինանսական միջոցների, բացառապես Հասմիկ Պապյանի անսպառ էնտուզիազմի, նվիրումի և տիտանական աշխատանքի շնորհիվ։
Ստուդիայի ստեղծագործական վերելքի ամենավառ դրսևորումներից մեկը դարձավ Հայաստանում առաջին անգամ բեմադրված Էնգելբերտ Հումպերդինկի «Հենզել և Գրետել» հեքիաթ-օպերան։ Այն նշանակալի իրադարձություն էր ոչ միայն ստուդիայի համար, այլև հայաստանյան մշակութային կյանքում։
Կարդացեք նաև
Ներկայացման առանձնահատկություններից մեկն էլ մասնակիցների երիտասարդ տարիքն էր․ բացառությամբ 31-ամյա խորվաթ դիրիժոր Իվան Շչեպանովիչի՝ բեմադրության ստեղծագործական ողջ կազմի տարիքային շեմը մինչեւ 22-ն էր։ Ներկայացմանը մասնակցում էին Երևանի երիտասարդական նվագախումբը, օպերային ստուդիայի սաները և «Գագարին նախագծի» երգչախումբը։ Բեմադրության ռեժիսորն էր Նորայր Հերգնյանը, բեմադրող նկարիչը՝ Եկատերինա Ջագարովան, զգեստների հեղինակը՝ Անի Չոփուրյանը, իսկ խմբավարը՝ Գայանե Սահակյանը։
Ամեն արտիստ չէ, որ իր տասնամյակների փորձն ու գիտելիքները կարողանում է այդպիսի սիրով և հոգատարությամբ փոխանցել երիտասարդ սերնդին։ Հատկապես երբ խոսքը մարզերից եկած ուսանողների մասին է, որոնց համար նման փորձառությունը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ մասնագիտական կայացման ճանապարհին։ Շքեղ երգչուհի Հասմիկ Պապյանն այդ առումով իսկապես շռայլ է։ Եվ, թերևս, միայն մեծ արտիստին բնորոշ ինքնաբավությունն ու կայացածությունն են թույլ տալիս սեփական վաստակն ու հեղինակությունը ծառայեցնել երիտասարդների առաջխաղացմանը՝ առանց որևէ բան խնայելու։
Նրա շնորհիվ ուսանողները հնարավորություն ստացան յուրացնելու միջազգային օպերային խաղացանկում պահանջված այս ստեղծագործությունը, զարգացնելու գերմաներեն երգելու, բեմական կերպար ստեղծելու և այն հանդիսատեսին փոխանցելու հմտությունները։ Ավելին՝ իրենց մասնագիտական կենսագրության մեջ ունեցան օպերային դերակատարում, որը կարող է նրանց ուղեկցել նաև կոնսերվատորիայի պատերից դուրս։ Բոլոր մասնակիցներն իրենց լավագույնս դրսևորեցին բեմում։ Իր բարձրության վրա էր նաև նվագախումբը՝ Իվան Շչեպանովիչի ղեկավարությամբ։ Իսկ դահլիճում տիրող ոգևորությունն ու հուզառատ մթնոլորտը վկայում էին, որ բեմում ծնված հաջողությունը փոխանցվել էր նաև օպերային ներկայացումը վայելած հանդիսատեսին։
Երիտասարդ արտիստների աչքերում փայլ կար։ Հասմիկ Պապյանը նրանց հնարավորություն էր տվել ոչ միայն հանդես գալու որպես բեմական անհատականություններ, այլև զգալու հանդիսատեսի անմիջական արձագանքը, արժանանալու բուռն ծափահարությունների և, ամենակարևորը, հավատալու սեփական ուժերին ու երազելու մեծ բեմերի մասին։ Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա մեզ համար իսկական երջանկություն էր Հայաստանում ունկնդրել համաշխարհային օպերային թատրոնների խաղացանկում տեղ գտած այս պահանջված ստեղծագործությունը՝ այն էլ նման բարձր կատարողական մակարդակով։
Այս ներկայացումն ուներ նաև շատ ավելի խորքային նշանակություն։ Մեր հասարակական կյանքում այսօր ագրեսիայի, չարության և անհանդուրժողականության կուտակումներն այնքան մեծ են, որ բարության, սիրո և մարդկային պարզ արժեքների մասին արվեստի գործերն առանձնահատուկ կարևորություն են ստանում։ «Հենզել և Գրետելը», որը պատմում է բարու հաղթանակի, մանկական անաղարտ աշխարհի և ընտանեկան սիրո մասին, կարծես մաքրեց «օդը» ։ Այն ևս մեկ անգամ հիշեցրեց, որ կան հավերժական արժեքներ, որոնք չեն կորցնում իրենց ուժը նույնիսկ ամենաանհանգիստ ու խառնակ ժամանակներում։ Ավելին՝ արվեստը կարող է թեկուզ մի քանի ժամով մեզ պարգևել դրական հույզեր, հոգեկան խաղաղություն և երջանկության զգացում։
Էնգելբերտ Հումպերդինկի «Հենզել և Գրետել» օպերայի երաժշտությունն ինքնին հեքիաթային աշխարհ է՝ քնարականությամբ, ժողովրդական մեղեդայնությամբ, գունեղությամբ և պատկերավորությամբ։ Ստեղծագործության մեջ ներդաշնակորեն միահյուսված են մանկական անմիջականությունը, գերմանական ժողովրդական երաժշտության տարրերն ու ռոմանտիկական օպերայի արտահայտչամիջոցները, ինչն էլ բեմադրությանը հաղորդում է առանձնահատուկ հմայք և հնարավորություն տալիս հանդիսատեսին վերադառնալու բարու ու սիրո այն աշխարհը, որի կարիքը երբեք չի վերանում։
Հասմիկ Պապյանի նախաձեռնությամբ օպերային ստուդիայում իրականացված այս նախագիծը պարզապես հերթական բեմադրություն չէր։ Այն երիտասարդ արտիստների համար մասնագիտական լուրջ դպրոց էր, ստուդիայի համար՝ ստեղծագործական նոր հնարավորությունների ապացույց, իսկ հայաստանյան մշակութային կյանքի համար՝ հուսադրող իրադարձություն։ Այն ցույց տվեց, որ բարձր արվեստը ծնվում է ոչ միայն ֆինանսական մեծ հնարավորություններից, այլև գաղափարից, մասնագիտական բարձր նշաձողից ու նվիրումից։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
























































