Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ազգը տառապում է բուհամոլությամբ

Հուլիս 29,2006 00:00

«Մենք
այսօր ունենք ամեն ինչ իմացող, բայց ոչինչ անել չկարողացող մասնագետներ»,- արձանագրում
է ԿԳՆ միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Սամվել Պիպոյանը եւ ավելացնում, որ
«այսօր երիտասարդները գերադասում են ընդունվել բուհեր, թեկուզ՝ ավարտելուց հետո չաշխատեն»:
Այս հարցում, ըստ բաժնի պետի, մեծ է նաեւ ծնողների դերը, ովքեր ուզում են,
որ իրենց երեխաները անպայման բուհ ընդունվեն, «բայց այսօր շատ բուհ ավարտողներ համալրում
են բանվորների շարքերը, ի՞նչ իմաստ ունի կորցնել 5 տարի՝ եւ միջոց, եւ ժամանակ, հետո
մի արհեստ սովորել, որ աշխատանք գտնես: Գուցե սկզբից արհեստ սովորես, որ կարողանաս
դրսեւորվել»: ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ
Արտակ Աղբալյանն էլ երեկ հրավիրված մամլո ասուլիսում հրապարակեց ոլորտին հատկացված
տեղերի թիվը: Ըստ այդմ՝ միջին մասնագիտական կրթության ոլորտում (նախկին տեխնիկումներ)
2006-07 ուստարվա համար նախատեսված է անվճար ուսուցման 2018 տեղ, որից 1254-ը՝ 64
մասնագիտության գծով՝ ՀՀ ԿԳՆ, 410-ը՝ 5 մասնագիտության գծով՝ առողջապահության նախարարության,
225-ը՝ 19 մասնագիտության գծով՝ մշակույթի նախարարության, 33-ը՝ 4 մասնագիտության
գծով՝ էներգետիկայի նախարարության, 32-ը՝ 1 մասնագիտության գծով՝ ֆիզկուլտուրայի
եւ սպորտի պետական կոմիտեի ենթակա քոլեջների համար: Նախատեսվել է նաեւ վճարովի
շուրջ 7000 տեղ: Արվեստի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում մեծ
է մրցույթը գեղարվեստի (գեղանկարչություն, դիզայն, զարդային-կիրառական արվեստ եւ
ժողովրդական արհեստներ) եւ երգեցողություն մասնագիտությունների գծով՝ անվճար 65 տեղի
համար դիմել է 300 հոգի: Նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատություններում
(նախկին պրոֆտեխուսումնարաններ) 2006-07 ուստարվա համար նախատեսված է անվճար ուսուցման
2065 տեղ, որից 1395-ը հատկացված է ԿԳՆ-ին՝ 20 մասնագիտության գծով, 50-ը՝ գյուղնախարարությանը՝
2 մասնագիտության գծով, 245-ը՝ քաղաքապետարանին՝ 8 մասնագիտության գծով, ինչպես նաեւ՝
Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Արմավիրի, Կոտայքի մարզպետարաններին՝ տարբեր մասնագիտությունների
գծով: Մեծ պահանջարկ ունեն տրանսպորտային միջոցների շահագործման եւ նորոգման, եռակցման
աշխատանքների, հասարակական սննդի, գյուղատնտեսական աշխատանքների ծով մասնագիտացումները,
որոնցից յուրաքանչյուրի համար նախատեսված է 160-200 անվճար ուսուցման տեղ: Միջին
եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում, բացառությամբ
արվեստի ուսումնական հաստատություններից, շարունակվում է փաստաթղթերի ընդունման գործընթացը:
Արդեն ստացված դիմում-հայտերը կազմում են նախատեսված տեղերի շուրջ 30 տոկոսը: Ըստ
Սամվել Պիպոյանի, թեեւ փոքր եւ միջին ձեռնարկություններում մեծ է հաստոցագործների,
եռակցողների պահանջարկը, սակայն մարդիկ այս գործին չեն գնում, որովհետեւ մի կողմից
աշխատավարձն է ցածր, մյուս կողմից՝ աշխատանքն է ծանր: Օրինակ, Վանաձորում կատարած
ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ առաջին տեղում եռակցողների պահանջն
է: Եվ երբ փորձել են մարդկանց հրավիրել այդ մասնագիտության գծով ուսանելու, մարդիկ
չեն համաձայնել եւ ասել են, որ ավելի շատ գումար կարող են վաստակել փողոցներում որեւէ
ապրանքի վերավաճառքից, քան այդ ծանր աշխատանքից: «Շինարարության վրա աշխատողները
միջին տարիքից բարձր են, որակավորում չունեն, իսկ եղած մասնագետները ցածր աշխատավարձի
պատճառով գերադասում են գնալ արտասահման, օրինակ՝ Ռուսաստան»: ԿԳՆ նախնական
մասնագիտական կրթության բաժնի պետ Մարիամ Սարգսյանը հատկանշական է համարում այն,
որ այսօր 110 հազար գործազուրկների շարքում (տվյալները վերցված են սոցապնախարարության
օրերս հրապարակած ուսումնասիրություններից) բացակայում են արհեստագործական կրթություն
ունեցող կադրերը, «նրանք այսօր ավելի մրցունակ են աշխատաշուկայում»: Այս 110 հազարի
25 տոկոսից ավելին բուհ ավարտածներ են, 56.3 տոկոսը՝ միջնակարգ դպրոց ավարտած եւ
որեւէ այլ կրթություն չունեցող, 4.6 տոկոսը՝ թերի միջնակարգ կրթությամբ անձինք: Ընդ
որում,110 հազարից միայն 20 հազարն է այսօր աշխատանք փնտրում: Գործազուրկներին
խորհուրդ է տրվում դիմել միջին կամ նախնական մասնագիտական հաստատություններ՝ մինչեւ
օգոստոսի 28-ը եւ որեւէ արհեստ սովորել: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել