Գորիսի հայ-֊ֆրանսիական հիվանդանոցային կենտրոնի բակում Սյունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին ու լրագրողներին կենտրոնի կաթվածի ծառայության պետ Ժորա Բաղդասարյանն է դիմավորում։ Հենց այդ պահին բժշկին շտապ ներս են կանչում՝ շտապ օգնության մեքենայով հիվանդ են բերել։
«Բուժառուին կյանքին վտանգ չի սպառնում»,-որոշ ժամանակ անց մեզ տեղեկացնում է անհետաձգելի բուժօգնության սենյակից դուրս եկած բժիշկն ու պատրաստվում հետազոտելու արդեն ապաքինված ու հերթական բուժզննությանը ներկայացած բուժառուին։ «Մեքենայի մեջ մի կողմս թուլացել է, վատ եմ զգացել, գնացել եմ տուն պառկել։ Տանը զգացի, որ ընդհանրապես լավ չեմ, զանգեցին շտապ օգնություն։ Բերեցին այստեղ, բերանս է ծռված եղել, մի կողմս՝ թուլացած։ Մի հատ դեղ են ներարկել, փառք Աստծո, հիմա լավ եմ»,-մեզ հետ զրույցի է բռնվում Գորիսի բնակիչ Արտաշես Բաբայանը։
Մեկ ամիս առաջ շտապ օգնության բժշկի ցուցումով այստեղ տեղափոխված 54-ամյա բուժառուն արդեն կարողանում է ինքնուրույն քայլել, զբաղվել առօրյա գործերով։ Ըստ բժիշկների՝ կատարվել է թրոմբոլիտիկ թերապիա, երբ բուժառուի երակից ներարկված հատուկ դեղորայքը քայքայում է խցանումը, վերաբացում գլխուղեղը սնուցող անոթը եւ վերականգնում արյան շրջանառությունը։ Բուժման մյուս մեթոդը` մեխանիկական թրոմբէկտոմիան ներանոթային վիրահատությունն է, որի ժամանակ հատուկ գործիքների միջոցով հեռացվում է թրոմբը։ Ըստ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի համապարփակ ծառայության ղեկավար Լուսինե Մարտիրոսյանի՝ 2 ամսվա ընթացքում այստեղ բուժված 6 բուժառուները անցել են իրենց լիարժեք կյանքին՝ գրեթե առանց հաշմանդամության։
Կարդացեք նաև
«Գորիսում գործող կաթվածի կենտրոնը յուրօրինակ է եւ տարբերվում է Հայաստանում գործող մյուս կենտրոններից, քանի որ այստեղ ռոտացիոն սկզբունքով աշխատում են հանրապետության բոլոր կաթվածի կենտրոնների առաջատար մասնագետները»,-ասում է Լուսինե Մարտիրոսյանը։ Կենտրոնում շուրջօրյա ռեժիմով հերթապահում են բարձրակարգ նյարդաբաններ եւ վիրաբույժներ։ Բուժօգնությունն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ «Էրեբունի» եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Գյումրի» բժշկական կենտրոնների փորձառու մասնագետների կողմից։
Առողջապահության նախարարության «Կաթվածի ազգային ծրագրով» Գորիսում ներդրված իշեմիկ կաթվածի բուժումն ու վիրահատությունը բոլորի համար իրականացվում է պետպատվերով։
Գորիսի հայ-ֆրանսիական հիվանդանոցային կենտրոնի տնօրեն Արտակ Ասոյանի խոսքով՝ կենտրոնը 2013թ․-ից է գործում։ «Անոթային պաթոլոգիաների հետ աշխատելու փորձը կարեւոր էր կաթվածի կենտրոնի ստեղծման մեջ։ Այն հնարավոր դարձավ նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ՝ սփյուռքում ու Հայաստանում գործող կաթվածների կենտրոնների մասնագետների աջակցությամբ»,-նշում է Արտակ Ասոյանը։
ՀՀ առողջապահության նախարարին կից գործող Հայաստանի կաթվածի խորհրդի անդամ, Ֆրանսիայի «Հարավ Փարիզյան» հիվանդանոցի բժիշկ Մանվել Աղասարյանի խոսքով՝ հանրապետության ամբողջ տարածքում կաթվածի բուժման կենտրոնների ցանցի ստեղծումը կառավարության առաջնահերթություններից է։ «Առաջնային ծրագրերից մեկն է կաթվածի ծառայությունները տարածել դեպի մարզեր, քանի որ 2019թ․-ից հիմնական կենտրոնները ստեղծվել էին միայն Երեւանում։ 2022թ․-ին՝ կենտրոն բացվեց Գյումրիում, հետագայում Գյումրին հեռաբժշկությամբ կապվեց Վանաձորի հետ, իսկ հիմա արդեն Գորիսում է բացվել»,-մեզ հետ զրույցում նշում է Մանվել Աղասարյանը։
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանին, մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանին ու լրագրողներին կաթվածի ծառայության պետ Ժորա Բաղդասարյանը ներկայացնում է բուժման ժամանակակից հնարավորությունները։ Մարզպետի տեղակալը ցանկություն է հայտնում հետազոտվելու, սակայն բժիշկը կանխում է՝ եթե մասնագետի ցուցում չկա, ուրեմն հետազոտվելու անհրաժեշտություն դեռ չկա։ Սյունիքի մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է աջակցել ծրագրի անխափան ընթացքին։ «Սա շատ կարեւոր քայլ է մարզի առողջապահական ոլորտի զարգացման գործում։ Այսուհետ ինսուլտով հիվանդ անձինք ավելի արագ ու արդյունավետ բուժում ստանան այստեղ։ Շնորհակալ եմ բոլոր նախաձեռնողներին, ովքեր աջակցեցին, որ ծրագիրը հասնի Սյունիք»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Նարե Ղազարյանը։
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կաթվածը մահացության 2-րդ պատճառն է, նաեւ հաշմանդամության ու դեմենցիայի՝ ձեռքբերովի թուլամտության հիմնական պատճառներից մեկը։ Կաթվածի համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կաթվածով հիվանդների 63% -ը մինչեւ 70, իսկ 7-%֊–ը մինչեւ 44 տարեկան են, 25 եւ բարձր տարիք ունեցող մարդկանցից յուրաքանչյուր 4-րդը կյանքի ընթացքում կաթված է ստանում։
Գորիսի հայ-ֆրանսիական հիվանդանոցային կենտրոնի կաթվածի ծառայության ղեկավար Ժորա Բաղդասարյանը կարեւորում է բուժառուներին տեղում բուժելը՝ նշելով, որ կաթվածի ժամանակ անգամ մեկ րոպեն նշանակություն ունի մարդու առողջության լիարժեք վերականգնման եւ կյանքի փրկության համար։
«Իշեմիկ կաթվածի ժամանակակից բուժումները խիստ ժամանակ կախյալ են, այսինքն պետք է իրականացվեն շատ կարճ ժամերի ընթացքում։ Ինչքան արագ, այնքան ավելի էֆեկտիվ ու քիչ բարդություններով։ Դրա համար Սյունիքում կաթվածի կենտրոնի հիմնադրումը շատ էական նշանակություն ունի իշեմիկ կաթվածի դեպքում բուժման լավագույն արդյունքներ ունենալու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Ժորա Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ շատ դեպքերում կաթվածը հնարավոր է կանխարգելել` հսկելով ռիսկի գործոնները։
«Բոլոր այն դեպքերում, երբ հիվանդի մոտ առաջանում է դեմքի թեքվածություն, խոսքի խանգարում, ձեռքի կամ ոտի թուլություն կամ թմրածություն՝ պետք է դիմել շտապ օգնություն ու մինչեւ 24 ժամվա սիմպտոմների դեպքում պիտի տեղափոխվել կաթվածի կենտրոն, քանի որ այդ ախտանիշները կարող են խոսել կաթվածի մասին»,-նախազգուշացնում է բժիշկը։
Բուժառուի անձնական տվյալներն ու տեսանյութը հրապարակվում են նրա համաձայնությամբ
Արմեն ԴԱՎԹՅԱՆ




























































