Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Ումրոյան. «Կոմպոզիտորի» միությունում կատարվողը կործանարար է

Հոկտեմբեր 08,2013 17:50

«Քննադատել կամ, ավելի ճիշտ է ասել, իրերն իրենց տեղերում տեսնելն ու դրանց մասին արտահայտվելը դժվար է, բայց կարևոր և նշանակալի՝ յուրաքանչյուր պարագայում: Իսկապես, Կոմպոզիտորների միության պառակտվածությունը աղետալի հետևանքներ կարող է ունենալ հայ կոմպոզիտորական ժառանգության և կոմպոզիտորների սերնդափոխության համար, ուստի լինելով երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, ամենևին չցանկանալով վիրավորել ոչ մի անձի, առավել ևս անվանի և շատ սիրված մարդու, կարևոր եմ համարում արտահայտել իմ բողոքն ու անհանգստությունը այս հարցի վերաբերյալ»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում Կոմպոզիտորների միությունում կատարվող իրադարձությունների մասին նշեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, երաժիշտ Սերգեյ Ումրոյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվել և կատարվում է կոմպոզիտորների կամ, ավելի ճիշտ է ասել, «կոմպոզիտորի» միությունում, կործանարար է թե մեր ազգի կոմպոզիտորական ամբողջ ժառանգության, թե մեր՝ երիտասարդ կոմպոզիտորների ապագայի համար.

«Եթե փորձենք նույնիսկ համեմատական անցկացնել այն ժամանակների հետ, երբ ավագ սերնդի ներկայացուցիչները դեռ երիտասարդ ուսանողներ էին, կհիշեն, թե ինչպիսի ուշադրություն և ինչպիսի հնարավորություններ էր բացվում իրենց առջև Կոմպոզիտորների միության կողմից, եվ հիմա ինչ են անում այս ծերանալու աստիճանի երկարատև նախագահության ընթացքում երիտասարդ սերնդի և առհասարակ կոլեգաների համար: Տեսնում ենք մի պարզ ճշմարտություն՝ ՈՉԻՆՉ: Ամեն տարի տեղի ունեցող դասարանական համերգ հիշեցնող կամ ավելի ճիշտ է ասել, փորձ հիշեցնող համերգ, որին կոմպոզիտորներին հրավիրում են իրենց ստեղծագործությունների կատարման ժամին, որպեսզի չձանձրանան մյուսների գրված ստեղծագործությունները լսելուց»:

Երաժշտի համոզմամբ, նույնիսկ այդ համերգները գործում են ոչ թե ի օգուտ, այլ ի վնաս՝ մեզ բոլորին շատ հայտնի պատճառներով: Ինչու Ռոբերտ Ամիրխանյանին երբեք չենք տեսնում երիտասարդ կոմպոզիտորների համերգներին, նույնիսկ միության կազմակերպած համերգներին ներկա են միայն առաջին տասը րոպեին, երբ պիտի բացման խոսք ասեն: Կոմպոզիտորների միության նախագահը զբաղված անձ է, բայց Սերգեյը վստահ է, որ լինելով անվանի և բազմաթիվ գեղեցիկ երգերի հեղինակ, եթե մի անգամ մնար իր իսկ կազմակերպած համերգին, ամբողջովին կզգար, թե ինչու՞ է գործում ի վնաս իրենց.

«Երջանկահիշատակ պրն. Էդվարդ Միրզոյանը՝ չնայած իր տարիքին և ծանրաբեռնվածությանը, միշտ ներկա էր լինում բոլոր տարիներին ԵՊԿ-ի կոմպոզիտորական տարեվերջյան քննություններին: Ինչու որպես Կոմպոզիտորների միության նախագահ Ձեզ գեթ մի անգամ չտեսանք այնտեղ ներկա, երբևէ Ձեզ չի հետաքրքրել, թե ինչպիսի սերունդ է ծնունդ առնում այսօր, թե Ձեզ միայն ձեր անձի բարօրությունն է հետաքրքրում. «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»: Մենք՝ բոլոր այն երիտասարդ կոմպոզիտորներս, ում քիչ թե շատ հետաքրքրում է իրենց իսկ ապագան, դեմ ենք Ձեր թեկնածությանը, մենք դեմ ենք կործանման տանող այս ապագային, մենք հոգնել ենք կեղծ խոստումներից և հոգնել ենք Ձեր իսկ պատճառով անիրական թվացող մեր երազներից: Մեր տունը մեզ տվեք, քանզի այն Ձեզ տրվել էր լոկ ժամանակավոր»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031