Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է քաղաքական ծանրքաշային». ասել է Ելցինը՝ աշխատանքից ազատելով վարչապետ Կիրիենկոյին

Ապրիլ 07,2014 11:30

1998 թվականի օգոստոսի 17-ին ՌԴ վարչապետ Սերգեյ Կիրիենկոյի կառավարությունը, մերժում ստանալով Արժույթի միջազգային հիմնադրամից` տալ հերթական վարկը, որը պետք է սպասարկեր պետական պարտատոմսերի վճարումը, հայտարարեց ներքին պարտքի դեֆոլթ` պարզ ասած`իրեն սնանկ ճանաչեց:

Մեկ շաբաթ անց Ռուսաստանի նախագահ Ելցինը 36-ամյա («քինդեր-սյուրպրիզ») վարչապետի կառավարությունը պաշտոնանկ արեց եւ հիմնավորեց, թե ինչպիսի գործիչ է պետք է ղեկավարի գործադիր իշխանությունը: «Անհրաժեշտ է քաղաքական ծանրաքաշային», – ասաց ՌԴ նախագահը:

Ըստ Ելցինի, այդպիսի «ծանրքաշային էր» արդեն իսկ վարչապետ աշխատած Վիկտոր Չերնոմիրդինը: Սակայն «Գազպրոմի» փաստացի հիմնադիրը խնդիրներ ուներ Դումայում մեծամասնություն ունեցող կոմունիստների հետ, եւ նրա թեկնածությունը երկու անգամ տապալվեց: Ելցինի ընտրությունը կանգ առավ այն ժամանակվա արտգործնախարար Եվգենի Պրիմակովի վրա, որը նախագահի թիմի եւ կոմունիստների համար փոխզիջումային ֆիգուր էր:

Ի դեպ, մեկուկես տարվա ընթացքում Ռուսաստանում փոխվեց 5 վարչապետ` Չերնոմիրդինից մինչեւ Պուտին, եւ դա, շատերի կարծիքով, արտացոլում էր Ելցինի` իր իրավահաջորդի փնտրտուքը:

Ո՞վ էր տնտեսությունից ավելի լավ հասկանում՝ Կիրիենկո՞ն, թե՞ Պրիմակովը: Հավանաբար, առաջինը: Սակայն առանց քաղաքական աջակցության՝ Կիրիենկոն, որքան էլ գրագետ լիներ, ոչինչ չէր կարող անել եւ բոլոր կողմերի, այդ թվում՝ իշխանության մի մասի համար դարձել էր շատ հարմար թիրախ: Բացի այդ, Ռուսաստանի եւ Հայաստանի նման հետխորհրդային երկրներում ավելի լավ է ծպտուն չհանել բարեփոխումների (կամ «բարեշրջությունների») մասին: Բնակիչների մեծ մասն իսկույն պատկերացնում է Գայդարին, Չուբայսին, «նեոլիբերալիզմը», «արեւմտյան մութ ուժերի» կողմից պարտադրված վնասակար միջոցառումները, «մեր հոգեխառնվածքին եւ ազգային մտածողությանը ոչ հարիր» պատճենավորումները եւ այլն:

Ավելի լավ է ասել, որ դու «крепкий хозяйственник» ես (հմուտ տնտեսվար), հիմա մուրճը կամ «կուվալդը» կվերցնես եւ այն, ինչ «վայ-բարեփոխիչները» փչացրել են, մի քանի օրում կշտկես, ում վրա պետք է՝ կգոռաս, ում հետ պետք է՝ լեզու կգտնես, երբ պետք է՝ բռունցքը սեղանին կխփես, որպեսզի քեզնից բոլորը վախենան եւ անխոս կատարեն քո հրամանները: Իհարկե, թե «բարեփոխիչի» եւ թե «տնտեսվարի» մասին խոսակցությունները մեծ մասամբ առասպելներ են՝ մարդու բնավորությունը, հակումները, կրթությունը, փորձը եւ մնացածը արդյունավետ կառավարման տեսանկյունից 10 տոկոսի դեր էլ չեն խաղում: Բայց որպես մարտավարական քայլ՝ «բարեփոխիչի» փոփոխությունը «հմուտ տնտեսվարով» կարող է որոշակի դրական դեր խաղալ եւ արդյունավետ լիներ:

Եվգենի Պրիմակովն, իհարկե, «տնտեսվար» չէր, բայց ոչ կոմունիստների, ոչ էլ «բարեփոխիչների», «դեմոկրատների» համար խիստ մերժելի ֆիգուր չէր, եւ նա կարողացավ որոշակիորեն շտկել Ռուսաստանի տնտեսական վիճակը ոչ թե իր տնտեսագիտական գիտելիքների, այլ՝ հենց իր «քաղաքական քաշի» շնորհիվ:

Իհարկե, կան մի խումբ ընթերցողներ, որոնք պարտադիր պետք է որոշեն, թե ով է այս պատմության մեջ լավը կամ վատը՝ Ելցինը, Կիրիենկոն կամ Պրիմակովը: Բայց քաղաքականության մեջ, որքան հասկանում եմ, ցանկալի է հնարավորինս զերծ մնալ գնահատականներից: Պարզապես Հայաստանում նոր վարչապետի նշանակումից առաջ ուզում էի հիշեցնել, թե ինչ պատճառներով էր մի անգամ վարչապետ փոխվել Ռուսաստանում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930