Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղացիները Հայաստանն այլեւս չեն տեսնում որպես իրենց երկիր»

Սեպտեմբեր 01,2014 15:00

Վերջերս Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ լսումներ են տեղի ունեցել. այս լսումների ընթացքում բնակիչների կարծիքները միանշնակ չեն եղել: Գյուղացիների մի խումբ կա, որը 2 ձեռքով, «ազգով-տակով» կողմ է հանքի շահագործմանը, եւ բնապահպանների այն պնդումները, թե Ամուլսարի հանքի շահագործումը կհանգեցնի գյուղի կործանմանը, նրանց համար արժանահավատ չէ: Գնդեվազցիների այս խումբը օրերս «ներխուժեց» «Էկոլուր» մամուլի ակումբ եւ ամեն կերպ փորձում էր համոզել, որ լրագրողներն ու բնապահպանները իրենց զրկում են աշխատանքից ու դրդում արտագաղթի:

Որ Ամուլսարի հանքի շահագործումն ու Գնդեվազի մոտակայքում ցիանային ֆաբրիկայի կառուցումը հղի է անդառնալի հետեւանքներով, բավականին երկար ժամանակ է պնդում են բնապահպանները: Ինչո՞ւ գյուղացիները հանքն ու ցիանային ֆաբրիկան գերադասում են առողջ կյանքից ու մաքուր բնությունից, գյուղատնտեսությունից: «Առավոտի» այս հարցին բնապահպան, «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն այսպես պատասխանեց. «Երբ պետք է որեւէ հանք շահագործվի, սկսվում է կեղծ քարոզչությունը, այսինքն ժողովրդին հիվանդացնում են հարստանալու տենդով, մարդկանց անընդհատ համոզում են, միաժամանակ շեշտում՝ բնապահպանները տգետ են, նրանք չեն ուզում, որ դուք լավ ապրեք»:

Պարոն Սանասարյանի ներկայացմամբ՝ նման համայնքներում միշտ էլ լինում է մարդկանց մի խումբ, որոնք ներգրավված են հանքի շահագործման, ասենք՝ ուսումնասիրությունների, կամ՝ ֆաբրիկայի կառուցման աշխատանքներում, իսկ նման մարդիկ, ըստ էության, ինչպես բնապահպանն ասաց՝ «կաշառված են» լինում. «Բայց նրանք ու ամբողջ գյուղը շատ լավ էլ հասկանում են, որ այն օրը, երբ հանքավայրը կփակվի, արտադրութուն չի լինի, դրանից հետո կամաց-կամաց կսկսի փակվել նաեւ գյուղը. այսինքն՝ հանքարդյունաբերության հետեւանքով առաջացած այդ թափոնների մեջ հնարավոր չէ գյուղատնտեսությամբ զբաղվել, սովորական կյանք վարել, հնարավոր չէ այնտեղ ունենալ խմելու եւ ոռոգման մաքուր ջուր: Ուրեմն՝ հիմնականում քարոզչության արդյունք է, որ մարդիկ համաձայնվում են: Սա հոգեբանական պատերազմի հետեւանք է»:

Պարոն Սանասարյանը, որն, այսպես ասած՝ հանքարդյունահանող-գյուղացի «հակամարտության» դաշտում բավականին մեծ փորձ ունի, այդ փորձից ելնելով նկատեց՝ «Այսօր միամիտ գյուղացիները, հոգեբանորեն, կարծես թե Հայաստանի հետ չեն, նրանք Հայաստանն այլեւս չեն տեսնում որպես իրենց երկիր»: Այսինքն, համայնքներում, որտեղ աշխատանքի խնդիր կա, իսկ միայն գյուղատնտեսությամբ չեն կարողանում արժանապատիվ ապրել, մարդիկ համաձայնվում են գյուղի համար վտանգավոր հանքի շահագործմանը. մտածում են՝ դե ինչքան էլ որ ստացվի՝ կաշխատենք, 10- 20 տարի, իսկ հետո, երբ հանքը փակվի, ու էլ լավ չի լինի, կթողնենք, կգնանք ուրիշ տեղ կապրենք:
«Գիտեք, օրինակ Թեղուտում, Շնողում մարդկանց ազատում են գործից, եթե դեմ դուրս գա: Ընդհանրապես հանքարդյունաբերությունում գյուղացին սեւագործ աշխատանք է կատարում, դա շատ ցածր վարձատրվող աշխատանք է: Իսկ հանքարդյունաբերական ընկերությունում ներգրավված մասնագետները շատ լավ էլ գիտեն վտանգավոր հետեւանքների մասին, սակայն նրանց արգելված է ճշմատությունն ասել, հակառակ դեպքում՝ գործից կազատվեն»: Բնապահպանները, գյուղացիներն ու հասարակական կազմակերպություններն, ըստ Սանասարյանի, խոշոր ընկերությունների հետ անհավասար պայքարում են. «Եւ հետո, մեր բոլոր օրենքները հարմարեցված են 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ընդունված «Կայուն Զարգացման հայեցակարգին», որը աշխարհը տանում է համակենտրոն կառավարման, սա տանում է ամբողջ աշխարհի, այդ թվում Հայաստանի ընդերքի ու մնացած հարստությունների կողոպուտի, գողության»:

Նշենք, որ Գնդեվազ համայնքի մոտակայքում է նախատեսված կառուցել ցիանային ֆաբրիկան, իսկ այդ հատվածում գյուղացիների մեծ մասը ծիրանի այգիներ ունի: Այս այգիների «բնաջնջման» համար, իհարկե, Ամուլսարի հանքի նախագիծն իրականացնող «Գեոթիմ» ընկերությունը գյուղացիներին ֆինանսական փոխհատուցում է նախատեսել: «Գեոթիմի» 100% բաժնետեր է «Լիդիան ինտերնեյշն» ընկերությունը, որի բաժնետերերն են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD): Այս ընկերություններին Ամուլսարի հանքի շահագործումը ձեռնտու չէր լինի, եթե Հայաստանում օրենքներն, ինչպես Հակոբ Սանասարյանն ասաց՝ հարմարեցված չլինեին նրանց. «Եթե նրանք հարկվեին թափոնների համար, ապա 10 անգամ ավելի շատ հարկ պիտի տային մեր պետբյուջեին, քան իրենց եկամուտն է, այդ հանքը նույնիսկ ծախսածածկող էլ չէ, ոսկին, օգտակար ապարները քիչ են, ու շահավետ չէր լինի, եթե թափոնների համար հարկ լիներ: Իսկ Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովը օրենքներ են մշակել, որ նրանց ազատեն թափոնների հարկերից: Օրինակ՝ Թեղուտը միայն 2 թափոնների գծով 25 միլիարդ դոլար հարկ պիտի վճարեր, այն դեպքում, երբ 25 տարվա ընթացքում մաքուր շահույթը 406 միլիոն դոլար է, իսկ Հայաստանին հարկ է վճարելու 101 միլիոն դոլար: Ամուլսարի հանքավայրում կա 52 տոննա ոսկի եւ 210 տոննա արծաթ, որոնց արժեքը կազմում է մոտ 2,2 միլիարդ դոլար: Դատարկ ապարների եւ տարրալվացման կույտի դիմաց ընկերությունը պետք է պետբյուջե մուծեր 9,38 միլիարդ դոլար, սակայն Հայաստանում ընդունված հակապետական օրենքներն այդ ընկերություններին ազատել են այդ տեսակ հարկերից: Նրանք շահույթ են ստանում հանցագործ ձեւով»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930