Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական «Eyecare+» ծրագիրը կստուգի ձեր տեսողությունը եւ կբացահայտի խնդիրները

Մարտ 14,2015 12:30

«Sourcio IT Consulting» կազմակերպությունը սկսել է գործել 2005 թվականից: Ի սկզբանե զբաղվել է ծրագրավորմամբ, հիմնականում այլ կազմակերպությունների համար: Աշխատել են Ամերիկայի եւ Եվրոպայի շուկաներում, ունեցել են հաճախորդներ նաեւ Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, նույնիսկ Ավստրալիայում: Այժմ նրանք սեփական գործունեություն են ծավալել, սեփական ծրագրեր են արտադրում: Դրանցից մեկն է աչքերի տեսողության ստուգման «Eyecare+» հավելվածը: Ծրագիրը թեստերի միջոցով կարողանում է ստուգել օգտատերերի աչքերը եւ բացահայտել խնդիրները:

«Eyecare+»-ը նաեւ փորձում է մարդկանց իրազեկել՝ ինչպես գործել արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ աչքին հարված ստանալու դեպքում եւ այլն: Այն հիմնականում ինչ-որ վիզուալ պատկերներ է ցույց տալիս օգտատերերին եւ վերջիններս պետք է պատասխանեն ինչ են տեսել կամ ինչպես են տեսել եւ այլն: Այսինքն` վերջնական արդյունքը կախված է մարդկանց ուշադրությունից եւ առաջադրանքները ճիշտ կատարելուց: «Մենք նաեւ շարժական պատկերներ ենք ցուցադրում: Մարդիկ պետք է նայեն էկրանին կամ կատարեն մեր հրահանգները, օրինակ` փակեն եւ բացեն աչքերը եւ այլն: Մնացած մասը ինֆորմատիվ մաս է, պետք է պարզապես ընթերցեն նյութերը: Դրանք մենք տալիս ենք ռուսերենով եւ անգլերենով»,- մեզ հետ զրույցում ասաց կազմակերպության տեխնիկական տնօրեն Արամ Մխիթարյանը:

Eyecar+_logo

Այս անվճար ծրագիրն արդեն 8 ամիս է՝ հասանելի է բոլոր օգտատերերին, որոնք ունեն Android օպերացիոն համակարգով աշխատող սարքեր: Արամ Մխիթարյանն ասաց, որ ապագայում այն նաեւ հասանելի կլինի iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: «iOS-ի տարբերակներ ունեցել ենք ժամանակին, բայց դրանք այդքան էլ տարածված չեն եղել: Ծրագրավորումը iOS-ի համար դադարեցված է ժամանակավորապես: Կենտրոնացել ենք հիմնականում Android համակարգով հեռախոսների սպասարկման վրա»,- ասում է Արամ Մխիթարյանը:

Eyecar+_4

«Sourcio IT Consulting» կազմակերպության փոխնախագահ Պավել Սնխչյանը նշում է, որ 8 ամսվա ընթացքում ունեցել են արդեն 160.000 եւ ավելի ներբեռնումներ եւ օրական 10.000 ակտիվ օգտատերեր. «Ծրագրում ունենք հարցեր բժշկին բաժինը, որտեղ ցանկացած օգտատեր կարող է աչքերի հետ կապված հարց տալ: Հիմա ամսական 1000-ից ավելի հարցեր ենք ստանում»: Կազմակերպության փոխնախագահը նաեւ հավելեց, որ իրենք աշխատում են երեք պրոֆեսիոնալ ակնաբույժների հետ, որոնք օգնում են բարձրակարգ ծառայություն մատուցել. «Այսինքն` մենք պրոֆեսիոնալ մակարդակով ենք պատասխանում հարցերին»: Հեղինակները նաեւ նշեցին, որ բացի երեք բժիշկներից, ծրագրի վրա աշխատում է 7 հոգի:

Eyecar+_2

Օգտատերերի արձագանքները շատ են եւ տարբեր: Այս պահին հավելվածի վարկանիշը 5 հնարավորից 4.4 է: Ըստ Արամ Մխիթարյանի՝ դա բավականին բարձր է համարվում «Ֆիտնես» բաժնի համար, որովհետեւ օգտատերերը այդքան էլ չեն նախընտրում բարձր գնահատականներ դնել. «Ունենք եւ դրական արձագանքներ, եւ բացասական: Բացասականի դեպքում հիմնականում դժգոհում են, որ թեստի արդյունքները սխալ են: Դա հիմնականում կապված է նրա հետ, որ թեստերը իրենք սխալ են կատարում, նախանշված պայմանները չեն կատարում: Ունենք նաեւ շատ մեծ քանակի դրական արձագանքներ, որ իրենք ստուգել են եւ թեստի արդյունքները համընկել են բժշկի կողմից տրված ախտորոշման հետ: Կան շատ արձագանքներ, որ գնահատում են հենց աշխատանքը որպես համակարգված լուծում տեսողության պահպանման համար: Մարդիկ կան, որ նշում են, որ իրենց մոտ տեսողության լավացում է գրանցվել»:

Ծրագրի հեղինակներն առաջիկայում պատրաստվում են հավելվածը համեմատել բժշկական սարքերի հետ: «Ուզում ենք ապացուցել եւ պետք է փորձաքննություններով ապացուցվի, որ նա ընդունակ է բացահայտել այն խնդիրները, որոնք մինչ այժմ բացահայտվել են բժշկական սարքավորումների օգնությամբ: Իհարկե, մենք չենք պնդում, որ այն երբեւիցե կբացառի կամ կփոխարինի իրական բժշկական զննությունը»,- ասաց Պավել Սնխչյանը:

Eyecar+_3

Պավել Սնխչյանը եւ Արամ Մխիթարյանը ցավով փաստեցին, որ 160.000 ներբեռնումների մեջ Հայաստանը գրեթե չկա: Առաջին տեղերում են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը եւ ԱՊՀ այլ երկրներ: Նրանք այս հանգամանքը կապում են Հայաստանում տեղեկացվածության պակասի հետ. «Մենք փորձել ենք երեք անգամ, էքսպոների ենք մասնակցել: Մի անգամ Մոբայլ ծրագրերի էքսպո էր կազմակերպված «Էմ Լաբի» կողմից: Մասնակցել ենք Դիջիտեք բիզնես ֆորումին եւ Սթարթափ Թուրքիային: Բոլոր տեղերում հետաքրքրվածությունը շատ մեծ է եղել, մարդիկ եկել են, ստուգել են տեսողությունը»,- նշեց Արամ Մխիթարյանը: Պավել Սնխչյանն էլ հավելեց, որ Գերմանիայում սթարթափ ծրագրի մասնակցելու արդյունքում իրենցով սկսել են հետաքրքրվել «ZEISS» լինզա արտադրող կազմակերպությունը եւ «Bayer» բժշկական կազմակերպությունը: «Eyecare+»-ը նաեւ հետաքրքրել է Իսրայելի, Բրազիլիայի բժիշկներին, որոնք կապվել են հեղինակների հետ եւ թեստերը փորձում են իրենց հաստատություններում ստուգել:

Քանի որ հավելվածն անվճար է, հետաքրքրվեցինք, թե ինչպես են հեղինակներն ակնկալում եկամուտ ստանալ: Պավել Սնխչյանը պատասխանեց, որ մի քանի ճանապարհներ ունեն. «Հետագայում նախատեսում ենք որոշ վճարովի թեստեր եւ պարապմունքներ ունենալ, այդ թվում՝ համագործակցել նաեւ բժշկական հիմնարկությունների հետ եւ նրանց վիճակագրական տվյալները տրամադրել: Շատ հնարավոր է, նաեւ գովազդային ճանապարհներ էլ ընտրենք»: Արամ Մխիթարյանն էլ հավելեց, որ այլ ճանապարհներ էլ կան, բայց «տվյալ պահին մենք ավելի շատ կենտրոնացած ենք բարձր մակարդակի որակյալ ծրագրային ապահովում իրականացնելու համար, իսկ ինչ վերաբերում է ֆինանսականին, դեռ այդ փուլին մենք պետք է հասնենք»:

ԱՇՈՏ ԻՍՐԱԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031