Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտա, թիվ ««․․․»» (պատմվածք)

Հուլիս 07,2015 14:37

․․․․Ամառ է ու շատ շոգ, երևանյան շոգ։

Տաք ասֆալտն անցորդներին մղում է դեպի ցայտաղբյուրը։ Մեծերն ու տղամարդիկ իրենց հերթը զիջում են երեխաներին ու կանանց։

Հերթն ուսանողին հասավ, կռացավ դեպի ծորակը։ Դեռ ջուր չէր խմել, մեկ էլ կողքից դեպի իրեն մի անծանոթ ջերմություն եկավ, եկավ ու ամբողջովին պարուրեց իրեն։ Մի կողմից այն հաճելի զգացողություն բերեց, մյուս կողմից էլ այն ավելանալով ասֆալտից անդրադարձող տաքությանը, իր մոտ թթվածնային կարճատև քաղց առաջացրեց։ Թեթև գլխապտույտը հաղթահարելով նա դանդաղ հետ քաշվեց ծորակից ու գլուխը վեր բարձրացնելուն զուգահեռ սկզբից տեղում անհանգիստ շարժվող գեղեցիկ ոտքեր տեսավ, հետո մարմինն ընդգծող կանաչ շրջազգեստ, հետո էլ․․․․Հետ քաշվեց ծորակից ու քանի որ խոսելու ընդունակությունը դեռ չէր վերականգնվել, ձեռքով ջրից օգտվելու հրավերք կատարեց։

Ջուրը խմելուց հետո աղջիկը շնորհակալական ժպիտ նվիրեց իրեն ու հեռացավ։

– Չես սպասի՞ – մինչ ցայտաղբյուրից ջուր խմելը հասցրեց ասել նա հեռացող աղջկան։

Դեպի կանգառ քայլող աղջիկը չպատասխանեց, բայց նկատելիորեն դանդաղեցրեց քայլերը։

Ցայտաղբյուրն ասեց․

– Արագացրու, գնում է։

Մոտակա խանութի ցուցափեղկում դարսված մրգակույտի վրա հպարտորեն բազմած ոսկեգույն ծիրանն աչքով արեց իրեն․

– Լավիկն է, հասի։

Աղջիկն ավտոբուս բարձրացավ։ Ուսանողը մոտեցավ ավտոբուսին ու ափսոսանքով կանգ առավ․ պետք է հիվանդանոց գնա, այսօր հորը վիրահատում են։ Պատուհանից նրան նայող աղջիկը նազանքով գլուխը այնպես թափահարեց, որ ձախ ուսի վրա թափված երկար մազերն ալեկոծվեցին, բարձրացան վեր ու ընդհանուր հրահանգին հլու համատեղ ճախրելով վայրեջք կատարեցին աջ ուսին։ Հետո նեղացկոտ հայացքով նայեց ուսանողին, ուռեցրեց այտերը, լեզու ցույց տվեց նրան ու շրջվեց։

Երբ ներս մտավ, հայրը հիվանդասենյակում անհանգիստ հետ ու առաջ էր քայլում․  – Պատմիր, ինչպես են գործերը, – հայրը հարցական նայեց ուսանողին։

– Այսօր երեկոյան սկսում ենք, – հորից նա գաղտնիք չուներ, քանի որ իրենց հարաբերություններն ավելի քան ընկերական էին։

Գաղտնի գործողության պլանին ծանոթանալուց հետո հայրը մի շարք ուղղումներ մտցրեց առաջարկելով օգտագործել նաև իր մշակած արագ իրազեկման սխեման։ Ընկերները զարմացած և հիացած էին․ դա այն էր, ինչը պակասում էր պլանին։ Ուսանողը և ընկերներից յուրաքանչյուրը պետք է ընտրեին 5 վստահելի մարդու, բացատրեին նրանց գործողության իմաստը, կատարման վայրը և ժամը։ Ոչ մի դեպքում իրենք չպետք է շեշտեն, որ իրենք են կազմակերպիչներն, այլապես ընթացքում հեշտությամբ կբացահայտվեն ու կմեկուսացվեն։ Այդ անձանցից յուրաքանչյուրը իր հերթին նույն իրազեկումը պետք է կատարի յուրաքանչյուրն իր շրջապատի 10 վստահելի մարդու հետ և այդպես շարունակական։ Այդ ամենը պետք էր կատարել հնարավորինս սեղմ ժամկետում։ Իրազեկման սկիզբը տրվել էր մեկ շաբաթ առաջ, այսօր երեկոյան սկսվելու էր բուն գործողությունը։

Հիվանդասենյակ մտած բժիշկը հայտնեց, որ վիրահատությունը կսկսեն մեկ ժամից։ Ուսանողը բժշկից իմացել էր իսկությունը․ հաջող վիրահատման հավանականությունը 50% էր։ Խնդրել էր հորն այդ մասին չհայտնել։ Նույնն իմացել էր նաև հայրը, բժշկին իր հերթին խնդրելով որդուն այդ մասին չհայտնել։

– Ասեմ, որ քո տեղը ընկերներիդ մոտ է՝ մեկ է, չես գնալու, – հայրը իր սպասվելիք վիրահատությունը մոռացած մտահոգված հայացքով ուսանող տղային էր նայում։

– Մի անհանգստանա, տղաները հասկացողությամբ են վերաբերվում մեր վիճակին։ Վիրահատության ավարտից և քո մոտ վիճակի կայունացումից հետո, իսկ դա՝ ըստ բժշկի նախնական կանխատեսման, կլինի առավոտյան ժ․ 04-ի կողմերը, կմիանամ իրենց։

Հորը տարան վիրահատարան։ Ուսանողը ընկերոջից զանգ ստացավ․

– Ուզում էինք հիվանդանոց այցելել, բայց տանը սպասվածից շատ հյուրեր ունենք, ներողամիտ եղիր, այս պահին տեղափոխման հարցն ենք քննարկում, – հասկացավ, որ սկիզբը հաջող է ընթանում։

– Վիրահատությունը լավ ավարտվեց, – վիրահատարանից դուրս եկած բժիշկն անխոս ու անաղմուկ նստել էր մտքերի մեջ խորասուզված ուսանողի կողքին, – պրոֆիլակտիկայի համար մեկ ամիս հետո անհրաժեշտ կլինի քիմիոթերապիայի մեկ կուրս, և երաշխավորում եմ, ձեր հայրիկը կլինի լիակատար առողջ։ Գիշերը ժ․04-ին կարող ես իրեն 5 րոպեի սահմանում տեսակցել։ Ամուր մարդ է Քեռին։

Քեռին ուսանողի հոր մականունն է։ Այդպես են ասում նրան հարևանները, ճանաչող – չճանաչողները։ Խորհրդային տարիներին, երիտասարդ ժամանակ, գարեջրի գործարանում վարորդ է աշխատել։ Հետո հեռակա բարձրագույն կրթություն ստանալով անցել է ինժեներական աշխատանքի։ Բոլորի հանդեպ հոգատար վերաբերմունքը ու կնճռոտ հարցերի ճիշտ հանգուցալուծում գտնելու նրա ընդունակությունն է եղել պատճառ համընդհանուր Քեռի դառնալու համար։

Երբ մոտեցավ, հայրը քնած էր դեմքին թեթև ժպիտի նշանով։ Հետո, օրեր անց, նա կասի, որ զգացել է որդու ներկայությունը։

Ուսանողը դուրս եկավ, տաքսի նստեց։ Տաքսիստը հայտնեց․ Բաղրամյան պողոտայում լարված վիճակ է, ոստիկանությունը պատրաստվում է հատուկ միջոցների կիրառմամբ ցրել ցուցարարներին։ Ֆրանսիայի հրապարակից ոտքով շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա։ Քիչ հեռվում երևում էին նստացույցի անցած միտինգավորները։ Մեկ էլ բարիկադների այն կողմից ջրի հզոր շիթեր տեղացին միտինգավորների վրա։ Ջրի շիթերի հարվածներից կանգնածները տապալվեցին գետնին, նստածները շպրտվեցին մի քանի մետր։ Գետնին ընկածների մի մասն ուժ գտավ իր մեջ, ոտքի կանգնելով՝ բռունցք ու մատ պարզեցին ոստիկանական ուժերի ուղղությամբ։ Ջրի հզոր շիթային հարվածը կրկին ու կրկին նրանց գետին տապալեց։ Մի քանի րոպե անց միտինգավորներն ուժասպառ եղան։ Նրանցից ոչ ոք չէր կարողանում ասֆալտի վրայից բարձրանալ։ Ոստիկանների պաշտպանիչ շարքը բացվեց և բացվածքից դեպի ուժասպառ միտինգավորները վազեցին ոստիկանական և քաղաքացիական հագուստով աշխատակիցներ։ Նրանք մոտենալով ընկած, ուժասպառված միտինգավորներին, մի քանի հոգով վերցնում էին մեկին, քարշ տալիս դեպի հատուկ մեքենան ու բեռնում՝ շպրտելով թափքի մեջ։ Ուսանողը վազեց դեպի իրադարձությունների կենտրոն։

Մինչև բուհ ընդունվելը նա ծառայել էր բանակում։ Ծառայության ընթացքում նրա ֆիզիկական լավ տվյալների և արևելյան մարտարվեստին տիրապետելու հանգամանքը հաշվի առնելով, ժամկետային ծառայողների մեջից որպես բացառություն, ընդգրկել էին հետախույզների խմբում։ Մասնակից էր մի շարք հատուկ առաջադրանքների կատարմանն, որոնցից ամենափայլունը՝ հակառակորդի զորամասի հրամանատարին գերևարելն էր։

– Լավ չէ ընկածին ծեծելը։

Ուժասպառ միտինգավորի վրա կռացած երկու քաղաքացիականներն ալարկոտ բարձրացրին գլուխները, զարմացած հայացքով նայեցին միմյանց, հետո իրենց դիտողություն անող ուսանողին, ուղղվեցին ու սպառնալից մոտեցան նրան։ Վերջինս գնահատեց իրավիճակը, մեջքով շրջվեց մոտեցողների նկատմամբ ու հեռանալու կեղծ քայլ կատարեց, ապա կատարեց անսպասելի ցատկ պտույտով։ Հետևեց ընթացքային ոտքով հարվածը։ Մոտեցողներից մեկը տապալվեց գետնին, իսկ գետնին իր իջնելու պահին հասցրեց մյուսի դեմքին մոտիկից արմունկով հարված հասցնել։ Կռացավ, ընկած միտինգավորին խորհուրդ տվեց արագ շարժվել դեպի մոտակա մայթը, թաքնվել շենքի բակային մասում։ Արագ տեղաշարժվեց․ մի տեղում մնալը իր վրա ուժերի կենտրոնացում էր բերելու։ Երկու հոգու էլ ազատեց։ Մեկ էլ․․․․Ա՜յս ի՞նչ է անում։ Ոստիկանական համազգեստավորը բռնել էր գետնին տապալված, ամբողջովին թրջված աղջկա մազերից ու քարշ էր տալիս դեպի հատուկ մեքենան․

– Թալանին դեմ ե՞ս, հա՞, ես քո․․․

Չհասցրեց ավարտի, խոսքը բերանում կիսատ մնաց։ Ուսանողի արևելյան մարզաձևի հնարք հարվածից ոստիկանը գլորվեց ասֆալտի վրա մի քանի պտույտ կատարելով։ Գետնից բարձրացրեց աղջկան ու ցայտաղբյուրի մոտ ստացած ջերմությունը կրկին պարուրեց նրան։

– Դո՞ւ, – ասին երկուսն էլ միաժամանակ։

– Ժամանակ չունենք, վազում ես դեպի մոտակա մայթը, կմտնես այն սեփական տներից մեկի բակային մասը, կասես որ քեզ տանեն Բաղրամյան պողոտա, թիվ «« ․․․ «« , այնտեղ ապահով է, մնացածը հետո։ Ես հիմա սրանց ուշադրությունը կշեղեմ։

– Բերետավորներ, եկեք ձեր մարզավիճակը ստուգեմ, – մարտական դիրք ընդունելով ձայնեց համազգեստավորներին։

Սրանք խմբվեցին ու կիսալուսնաձև շարքով եկան դեպի ուսանողը։ Ուսանողը դանդաղ հետ գնաց դեպի մայթը։ Այն հատվածում, որին մոտենում էր նա քայլ-քայլ, տեղի շենքաբնակներն էին լրագրողների հետ հավաքված, իսկ նրանց հետևում նեղլիկ նրբանցքն էր բազմաթիվ ճյուղավորումներով։ Մինչև շրջվելը ձայն տվեց մայթում հավաքվածներին․

– Ճանապարհ տվեք։

Շրջվեց, արագ վազք ու անհետացավ նրբանցքում։

Բարձրահարկի տանիքից Բաղրամյան պողոտան երևում էր ինչպես ձեռքի ափի մեջ։ Միտինգավորներով բեռնված ոստիկանական մեքենաները հեռացան, իրենց հետ տանելով ինքնաբուխ ծագած արևը։ Հարաբերական անդորրը խաբուսիկ էր․ հիմա երկու հակառակորդ կողմերը փորձելու են վերաիմաստավորել կատարվածը։ Ի՞նչ խորհուրդ կտար հայրն այս իրավիճակում – հաստատ ամեն ինչ, բացի թաքնվելուն։ Իջավ բարձրահարկից, գնաց, կանգնեց բարիկադների վրա։ Մենակ մարդն ոչ ոքի պետք չէ – թող իրեն էլ ձերբակալեն։

– Սթափվե՝ք, սթափվե՝ք, – սպայի համազգեստով գոռգոռացող ոստիկանը կատաղությունից կարմրել էր։

Ուսանողն երկար նայեց սպայի ծանոթ թվացող դեմքին, չկարողացավ հիշել։ Ուղեղն էր մթագնել կատարված դեպքերից, թե իջնող արցունքներն էին վարագուրել հայացքը։

– Սթափվե՝ք, – ոստիկանը չէր կարողանում հանդարտվել, – ես ոստիկանապետն եմ։

– Ես էլ Ուսանողն եմ, ինչու՞ եք ուշացնում, ինձ էլ ձերբակալեք։

Ձերբակալման սպասումով շրջվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Այնտեղից դեպի բարիկադներ Բաղրամյան փողոցը լայնությամբ լցված հոծ բազմություն էր գալիս։

 Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031