Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրան տեսեք, ասում է՝ դու ո՞վ ես, արա, քո նմանի համար էլ մեր էրեխեքը կռվեցին, զոհվեցին»․ անհետ կորած զինծառայողների ծնողների եւ վարորդների միջեւ իրավիճակը լարվեց

Հուլիս 26,2023 11:28

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն այս պահին փակ են պահում Բաղրամյան պողոտան։ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի մոտ խցանում է, ավտոմեքենաները չեն կարողանում առաջ շարժվել, ինչը վրդովվեցրեց որոշ վարորդների։ Երթուղային տրանսպորտի վարորդներից մեկն իր դժգոհությունն արտահայտեց ազդանշան տալով ու ինչ-որ ռեպլիկ անելով։ Սա զայրացրեց ծնողներին, նրանցից մեկը փորձեց մոտենալ վարորդին։ «Ինչ ա, արա՛, արի ստեղ հլը», -մի պահ իրավիճակը լարվեց։ «Սրան տեսեք, ասում է՝ դու ո՞վ ես, արա՛, քո նմանի համար էլ մեր էրեխեքը կռվեցին, զոհվեցին, կորան»,-ասացին ծնողները։ Ոստիկանները կանխեցին ընդհարումը։

Քաղաքացիները ավտոբուսներից իջնում են ու ոտքով շարունակում ճանապարհը, նրանցից ոմանք եւս դժգոհություն էին արտահայտում։

Հունիսի 19-ին ծնողները նույնպես բողոքի ցույց էին անում, նախ՝ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այդպես էլ տեղի չունեցավ, ապա՝ նախագահական նստավայրի մոտ՝ կրկին պահանջելով հանդիպում նախագահի հետ, որը նույնպես տեղի չունեցավ։

«Մի շաբաթ առաջ խոստացել էին մեկ շաբաթում հանդիպում կազմակերպել։ Գեներալ Քոչարյանն էս ընթացքում զանգեց, ասաց՝ ձեզ կզանգեն, սռույգ կասեն, թե որ օրը, որ ժամին ձեզ կընդունեն։ Առ այսօր այդ զանգը չեկավ։ Դե եթե վարչապետը մեկ շաբաթվա ընթացքում մեկ ժամ չունեցավ մեզ ընդունելու, մենք էլ զիջումների չենք գնալու։ Իրան հետաքրքիր չի։ Եթե իր տղան լիներ՝ երկու ժամ էլ չէր թողնի մնար այնտեղ, մեր էրեխեքի համար ժամանակ չունի»,-ասաց ծնողներից մեկը։

Ծնողներն ասում են՝ տեսանյութեր են գտել, որոշ տվյալներ են հավաքել որդիների մասին, կարծում են, որ իրենց տղաները գերեվարված են, ոչ թե անհետ կորած։

Հիշեցնենք, ըստ հարուցված քրգործի, Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողները 2020-ի հոկտեմբերի 21-ին տեղափոխվել են Զանգելան։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում Զանգելանի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, հոկտեմբերի 20-ին՝ տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել։ Գեներալը նահանջի հրաման է տվել՝ վերադառնալով Կապան։ Այս ամենի հետեւանքով 62 հոգուց բաղկացած անձնակազմը հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ։ Շրջափակումից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող, իսկ մնացած 40 զինծառայողների մի մասը հակառակորդի հարձակման զոհ են դարձել, 5-ը՝ գերեվարվել, 24-ի գտնվելու վայրն անհայտ է։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանին, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Իհարկե, Փաշինյանի համար ավելի կարևոր է կովերի ֆերման գնալը, քան զինվորի ծնողի հետ հանդիպելը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31