Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսները Հայաստանն Արեւմուտքի հե՞տ են ասոցացնում

Օգոստոս 26,2015 14:30

Հայաստանն է՞լ է ռուսական «պատժամիջոցներին» ենթարկելու
արժանի պետություն

Ռուսաստանում անխնա ոչնչացվում են «պատժամիջոցային» մթերքները: «Ռոսսելխոզնադզորի» տվյալներով՝ օգոստոսի 6-ից առգրավվել եւ ոչնչացվել է 871 տոննա մթերք, որոնց ներկրումը Ռուսաստանի տարածք արգելված է: Արդեն իսկ առգրավվել է 595 տոննա մաքսանենգ բուսական սննդամթերք, որից 555 տոննան ոչնչացված է, հաղորդել է օրերս «Ռոսսելխոզնադզորը»: Բացի այդ, առգրավվել է 307 տոննա կենդանական ծագման սննդամթերք, որից ոչնչացվել է 51 տոննան:
Այսպիսով, ռուսաստանյան լրատվամիջոցներով շարունակվում է տեղեկատվության տարածումն այն մասին, որ մաքսանենգ սննդամթերքի ներմուծումը Ռուսաստան շարունակվում է, սակայն պատկան մարմինները զբաղվում են խնդրով:

Հետաքրքրականն այն է, սակայն, որ «պատժամիջոցային» մթերքների ոչնչացման տակ հայտնվեց նաեւ հայկական թառափը: Ըստ «Ռոսսելխոնադզորի»՝ Սոչիի օդանավակայանում օրերս 200 կիլոգրամ հայկական թառափ առգրավվեց: Ձուկը ներմուծվել էր Հայաստանից՝ «Արարատ իշխան» ՍՊԸ-ի կողմից: Առգրավված ձուկն այրել էին, եւ ըստ «Ռոսսելխոնադզորի» աշխատակից Ադիգեա Վիկտորյա Կոկոսյանի` թառափի առգրավման պատճառն այն է, որ հայկական կազմակերպությունը չի ունեցել Ռուսաստանի տարածք ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր, այդ իսկ պատճառով նրա անվանումը բացակայել է «Ռոսսելխոնադզորի» ձեռնարկատերերի ցանկից: Նաեւ հաղորդվում էր, թե ներկրող կազմակերպության ներկայացուցիչն է խնդրել, որպեսզի ձուկը այրվի:

Սա դեռ ամենը չէ: Ռուսաստանի անասնապահական եւ բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայությունը նամակ է պատրաստում Հայաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի իշխանություններին, 2015 թվականի օգոստոսի 24-ից նորվեգական 14 ձկնաբուծական ձեռնարկություններից ձկան ներմուծման սահմանափակման մասին հաղորդագրությամբ՝ կապված այդ ձեռնարկություններում ստուգումների անցկացման մերժման հետ։ Այս տեղեկությունը հայտնել էր ծառայության տեսչական աշխատանքների վարչության պետ Վասիլի Լավրովսկուն։

Այսինքն, «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Ռուսաստանի տարածքում էմբարգոյի տակ հայտնված նորվեգական ձկան ներմուծումը` ԵՏՄ երկրների միջոցով։ Իսկ նորվեգական ձկնեղենը Ռուսաստանում արգելվել էր անցյալ տարվանից` Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցներից հետո որպես պատասխան-պատժամիջոց: Աղբյուրը նշել էր նաեւ, թե նորվեգական ձկնեղենը Ռուսաստանում Արեւմուտքի նկատմամբ հակընդդեմ պատժամիջոցների տակ հայտնված մթերքների շարքում է, եւ Մոսկվան այսկերպ փորձում է սահմանափակել դրա մուտքը Եվրասիական տնտեսական միության երկրների միջոցով: «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարությունից նշել են նաեւ, որ համապատասխան նամակը հղվելու էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն, իսկ այդ ընթացքում հայտնաբերված «ապօրինի» ձկնեղենը ոչնչացվելու է:

Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքն, այսպիսով, ուշագրավ նրբերանգներ է ստանում: Մեզ խոստանում էին, թե ԵՏՄ շուկա Հայաստանի մուտքը ձեռնտու կլինի մեր երկրի տնտեսական զարգացման համար: Իսկ այժմ պարզվում է, Մոսկվայի կողմից արեւմտյան երկրների նկատմամբ իրականացվող «պատժամիջոցների» ալիքի տակ է ընկնում նաեւ Հայաստանը:

Մի կողմից, իհարկե, այս ամեն ինչում դրական բան էլ կա: Գուցե Ռուսաստանում Հայաստանն այսօր առավելապես Արեւմուտքի հե՞տ է ասոցացվում, ու Հայաստանն է՞լ են համարում Ռուսաստանի «պատժամիջոցներին» ենթարկելու արժանի պետություն:
Եթե Կրեմլում Հայաստանին հավասարեցնում են ԵՄ երկրների հետ, սա, իհարկե, գնահատելի է, բայց եթե հարցին ավելի լուրջ մոտենանք, ապա մեր երկիրը կամաց-կամաց բախվում է ԵՏՄ շրջանակներում կայացող որոշումների բացասական հետեւանքներին:
Այսօր Մոսկվան սահմանափակում է Ռուսաստանի տարածքում էմբարգոյի տակ հայտնված նորվեգական ձկան ներմուծումը` ԵՏՄ երկրների միջոցով, իսկ վաղը գուցե արգելի այս կամ այն արեւմտյան երկրի ապրանքների ու արտադրանքի ներմուծումն, առհասարակ, ԵՏՄ անդամ բոլոր պետություններ: Այնպես որ, ապագայում ԵՏՄ-ին անդամակցելու դառը «պտուղները» դեռ ստիպված ենք լինելու քաղել:
Իսկ ո՞ւր մնացին եվրասիական շուկայի եւ այնտեղ հայկական արտադրանքի մուտքի առավելությունների մասին հավաստիացումները:

Բացի այդ, որեւէ մեկը հավատո՞ւմ է, որ ռուսաստանյան իրականությունում որեւէ ընկերության անվանում կարող է ընդգրկվել «Ռոսսելխոնադզորի» ձեռնարկատերերի ցանկում բացառապես ինչ-ինչ չափանիշների համապատասխանելիության, օրինականության սկզբունքով, այլ ոչ թե, օրինակ` կաշառքով:
«Արարատ իշխան» ՍՊԸ-ն հնարավոր է, որ իսկապես գրանցված չի եղել «Ռոսսելխոնադզորի» ձեռնարկատերերի ցանկում (հավանաբար մինչ վերջին դեպքը նրանից համապատասխան փաստաթղթեր երբեւէ չեն էլ պահանջել), բայց որեւէ մեկը բացառո՞ւմ է, որ ՍՊԸ-ն նախօրոք «մուծվեր» ռուս չինովնիկներին, ստիպված չէր լինի հետո ձկները այրել:

Իրականում, եվրասիական շուկա հայկական արտադրանքի մուտքը մշտապես լինելու է ռուսական կամակորությունների արտահայտման վտանգի եւ դրա հետեւանքների տակ: Ի սկզբանե էլ պարզ էր, որ եվրասիական շուկան որպես տնտեսապես օրինակելի ու կարգապահ երկրների միավորում չի դառնալու, եւ չի կարող այնպիսին դառնալ, ինչպիսին, օրինակ` ԵՄ-ի շուկան է:

Բայց այսօր առավել ցավալին այն է, որ, երբ Ռուսաստանը կանգնած է ֆինանսատնտեսական լուրջ խնդիրների առջեւ, երբ Հայաստանի քաղաքացիները, բազմաթիվ ընտանիքներ արդեն իսկ զգում են այդ խնդիրների ազդեցությունը, ռուբլու արժեզրկումը, տրանսֆերտների նվազումը, այս ամենին զուգահեռ՝ հայաստանյան ընկերությունները դեպի Ռուսաստան ապրանքների ներմուծման դեպքում էլ կարող են ժամանակ առ ժամանակ հայտնվել տարբեր տհաճ իրավիճակներում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31