Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետդումա կոչվող հոգեբուժարանում այդ օրինագծի շրջանառությունն ուղղակի վիրավորական է»

Նոյեմբեր 28,2015 15:00

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ սա եւս մեկ փորձ է Ռուսաստանի կողմից Հայաստանին ներքաշելու ռուս-թուրքական հակամարտության մեջ

Ռուս-թուրքական վերջին զարգացումների համատեքստում մի բան ակնհայտ է. ռուսական կողմն ամեն կերպ փորձ է կատարում Հայաստանին ներքաշելու այդ հակամարտության մեջ: Պատահական չէ այն, որ օրինակ` «Ռոսիա 1» հեռուստաալիքով տեղի ունեցած «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստաբանավեճի շրջանակներում Վլադիմիր Ժիրինովսկին խոսել է հայերի մասին ու ասել. «Թուրքիայի հարցերը պետք է լուծել եւ պետք է անել ուրիշի ձեռքերով: Հայերը ատում են թուրքերին, եթե մենք իրենց թույլ տանք ազատագրել իրենց արեւմտյան տարածքները, նրանք հաճույքով կազատագրեն: Հայերը դա արդեն արել էին 1918-ին, սակայն այդ ժամանակ Մոսկվան չօգնեց, նա անցավ Թուրքիայի կողմը»: Սրան հաջորդեց այն, որ «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը հայտարարեց, որ մտադիր են ՌԴ Պետդումայում քննարկման դնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ այս հայտարարությունն ուղղակի զզվանք է առաջացնում եւ վիրավորական է: «Առավոտի» հետ զրույցում նա մանրամասնեց. «Այս օրինագիծը, որը փորձում են շրջանառության մեջ դնել այդ պետդումա կոչվող հոգեբուժարանում, ուղղակի վիրավորական է 1915 թվի զոհերի հիշատակի հասցեին: Եվ ինձ համար կրկնակի վիրավորական է, որ հայության մեջ գտնվում են շրջանակներ, երբ այդ ամենին հորթի հրճվանքով են վերաբերվում»: Պարոն Մեհրաբյանի կարծիքով` սա եւս հայերին ու Հայաստանին ռուս-թուրքական հակամարտության մեջ ներքաշելու ձեւ է, հակառակ դեպքում, եթե «ռուսները ցանկություն ունեին քրեականացնելու Հայոց ցեղասպանության ժխտումը, նրանք դա կարող էին անել այն ժամանակ, երբ Էրդողանի համար ատոմակայան էին ուզում կառուցել, Ուկրաինային գազից զրկելով փորձում էին այն տանել Թուրքիա եւ գազ չունեցող Թուրքիային վերածել եվրոպական ՀԱԲ-ի, երբ վաճառում էին միլիարդավոր հարձակողական զենք Ադրբեջանին»: Պարոն Մեհրաբյանն այնպիսի տպավորություն ունի, որ փորձ է արվում Հայոց ցեղասպանության հարցը դիտարկել թուրքական լոլիկների կամ վերնաշապիկների ներմուծումը արգելելու կամ Անթալիայում չհանգստանալու հարցերի վրա նույն հարթությունում: Ըստ փորձագետի՝ ՀՀ-ում պետք է մերժողական վերաբերմունք ցուցաբերվի սրա նկատմամբ: Պարոն Մեհրաբյանը կարծում է, որ այս հակամարտությունը Հայաստանի հակամարտությունը չէ, եւ եթե թուրքերն ու ռուսներն ունեն հարցեր պարզելու, թող դա անեն Սիրիայի տարածքում: Ըստ նրա՝ թույլ չպետք է տալ, որ Հայաստանին օգտագործեն:

Մեր դիտարկմանը, թե Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, եթե այն որոշվի օգտագործել, ի՞նչ կարող է անել հայկական կողմը, պարոն Մեհրաբյանը պատասխանեց, թե մեր կողմի պատասխանը պետք է լինի կտրուկ ու մերժողական: Հիշեցրինք, որ ռուսական կողմից արդեն նման ակնարկներ արվում են, օրինակ՝ Ժիրինովսկու շուրթերից, պարոն Մեհրաբյանն արձագանքեց. «Ժիրինովսկին ոչ թե սովորական հոգեկան հիվանդ է, այլ Կրեմլի ենթագիտակցությունն է: Սա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար»:
Դառնալով Հայաստանում տեղի ունեցած «ահաբեկչությանը», երբ ԱԱԾ-ն զինված հանցախումբ վնասազերծեց, եւ թե որքանով այն կապ ունի աշխարհաքաղաքական վերջին զարգացումների հետ՝ պարոն Մեհրաբյանն ասաց. «Սա լուրջ ահազանգ է ՀՀ-ին՝ հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունենում մեր անմիջական հարեւանությամբ, եւ ոչ մի միտում չկա, որ իրավիճակը կգնա նորմալացման: ՀՀ-ում պետք է ուժեղացվի հսկողությունը հենց ահաբեկչության հետ կապված: Մնացածը, թե դրանք ովքեր են, ինչ միտում են ունեցել, կարծում եմ՝ իրավապահների գործն է, բայց ոչինչ բացառել պետք չէ»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Շատ կարճ` Враг моего врага – мой друг!

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30