Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե կրթության որակն է ցածր, այլ մարտահրավերներն են մեծ». Ռուբեն Թոփչյան

Հունվար 21,2016 17:42

Կրթության կառավարման մի խումբ մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից Երևանում մասնակցում են «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով որակի ապահովման 3-րդ ֆորումին:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կազմակերպած երկօրյա ֆորումը, որի մեկնարկը տրվեց այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում, նպատակ ունի քննարկելու մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումներն ու ձեռքբերումները Հայաստանում և արտերկրում, վեր հանելու լավագույն փորձը, նպաստելու դրա տարածմանը:

«Բուհերում իրականացված հետազոտությունները մի շարք խնդիրներ են վեր հանել, որոնցով այսօր զբաղվում են դրանք կառավարող օղակները: Բայց մենք պետք է մի քայլ առաջ անցնենք, իրականացնենք ծրագրային հավատարմագրում: Այսինքն` թափանցիկ ներկայացնենք ամեն կրթական ծրագրի իրականացման արդյունավետությունը: Ուսանողությունը հիմնականում բողոքում է դասախոսների դասավանդման մեթոդիկայից, ուսանողին չեն գոհացնում անընդհատ կրկնվող դասախոսությունները և այլն»,- ֆորումի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

Արդյունավետ ուսուցում իրականացնելու նպատակով «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը» ձեռնամուխ է եղել նոր ծրագրի, որով դասախոսը պարտավորված կլինի ոչ միայն ներկայացնելու դասավանդման նյութը, այլև ուսումնասիրելու իր տվածի արդյունքը: Նա պետք է հասկանա՝ արդյոք արդյունավե՞տ է եղել իր դասավանդումը:

Այստեղ Ռուբեն Թոփչյանը շատ է կարևորում շահակիցների երկխոսությունը. «Երկխոսության համար պետք չէ սպասել, պետք չէ հարցաշարեր ուղարկել, պետք է դեմ առ դեմ կանգնել ու քննարկել, թե ինչ է պետք անել: Այսինքն՝ գործատուն պետք է ներկայացնի, թե ինչպես է ինքը հետագայում պատրաստվում աշխատել շրջանավարտի հետ, ինչ խնդիր է տեսնում այդտեղ, դասախոսն էլ նկատի ունենա դա համալսարանական կրթության մեջ, որպեսզի շրջանավարտը բուհն ավարտելուց հետո քիչ թե շատ ծանոթ լինի աշխատանքային պայմաններին, հասկանա՝ ինչ խնդիր է իր առջև դրված, և ինչպիսի լուծումներ կան»,- նշեց Ռ. Թոփչյանը՝ ընդգծելով կառուցողական երկխոսության կարևորությունը. «Այդ երկխոսությունը չպետք է լինի զուտ տեսական, չպետք է լինի բողոք գործատուների կողմից, թե ուսանողները ոչ մի բան չգիտեն, դասախոսն էլ ասի, որ ինքն ամեն ինչ արել է, ուղղակի ուսանողը չի ուզում սովորել և այլն: Այդպես երբեք էլ հաջողության չենք հասնի»:

Ընդհանուր առմամբ գնահատելով Հայաստանում կրթության որակը՝ Ռուբեն Թոփչյանն ընդգծեց, որ ոչ թե դրա որակն է ցածր, այլ մարտահրավերներն են մեծ. «Մենք մրցակցության մեջ ենք մտել այնպիսի երկրների հետ, որոնք շատ զարգացած են մեզնից, մենք ծանր ժամանակներ ապրած երկիր ենք: Բայց պետք չէ ասել, որ ամեն ինչ շատ վատ է, այսպես է, այնպես է… Կարծում եմ, որ եթե համախմբվենք, ամեն ինչ էլ կհաղթահարենք»,- ավարտեց Ռ. Թոփչյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031