Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրեթե բոլոր ոլորտներում աճի» արդյունքում բյուջեն թերակատարվել է մոտ 80 միլիարդ դրամով»

Հունվար 26,2016 21:45

Էկոնոմիկայի նախարարությունը հղում անելով ԱՎԾ-ին, ներկայացրել է 2015 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ցույց տալով, թե ինչ դրական, նաեւ որոշ ոլորտներում բացասական  տեղաշարժեր են եղել անցած տարում :

Ըստ այդ հրապարակման,  2015 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑ-ը կազմել է 103.1%, եւ  այդ աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առեւտրի շրջանառությանը, որը նվազել է 8.0%-ով: Գյուղատնտեսության աճի տեմպը կազմել է 111.7%, արդյունաբերությանը` 105.2%, ծառայություններինը` 102.7%, իսկ շինարարությանը` 100.3 %:
Առեւտրի ցուցանիշի նվազումը շարունակում է հիմնականում պայմանավորված մնալ արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ, որը 2015թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 37.2%-ով, ընդ որում, Ռուսաստանից ստացված տրանսֆերտների ծավալը նույն ժամանակահատվածում նվազել է 43.4%-ով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն, աճ է (անվանական աճ) գրանցվել  հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում` աճի տեմպը` 120.5%, նաեւ էներգետիկայի ոլորտում` 116.9%, իսկ մշակող արդյունաբերությունում գրանցվել է 3.4% նվազում: Նախարարությունը նշել է, որ հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում գրանցված աճը եղել է պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գների նվազման պարագայում (2014թ. համեմատությամբ, 2015թ. պղնձի գները նվազել են 6.2%-ով, իսկ մոլիբդենինը` 42.1%-ով):

Արտաքին առեւտրաշրջանառությունը կրճատվել է 20.6%-ով, արտահանումը` 3.9%-ով, իսկ ներմուծումը` 26.5%-ով: Նշենք, որ պայմանավորված ՀՀ սահմանին գազի գնի փոփոխությամբ, ներմուծման ամսական ցուցանիշները ՀՀ ԱՎԾ կողմից ճշգրտվել են:

2015 թվականը Հայաստանի տնտեսությունում ցնցումներ եղան՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսությունում գրանցված բացասական երեւույթներով, եւ ՀՀ կառավարությունը չկարողացավ ապահովել նախապես ծրագրած 4.1% աճը: Որքանով է արժանահավատ ԱՎԾ-ի ցուցանիշները եւ արդյոք ներկայացված դրական ցուցանիշները նկատելի՞ էին 2015-ին:

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ  իր համար չափանիշ են, օրինակ, կաթի արտադրության ծավալների մասին ԱՎԾ-ի ցուցանիշները, ըստ դրանց, Հայաստանում բնակչության մեկ շնչին արտադրված կաթի ծավալով մենք այնքան էլ հեռու չենք այդ առումով աշխարհի առաջատարը հանդիսացող ԱՄՆ-ից. «Բայց Հայաստանը նման պարագայում ահռելի ծավալների կաթնամթերք է ներկրում, իսկ ԱՄՆ-ն արտահանում է: Այսինքն, մեզ մոտ, մասնավորապես կաթի արտադրության ծավալների ակնհայտ ուռճացում կա: Նման օրինակները շատ են, եւ դրանց հիման վրա կարող եմ պնդել, որ ԱՎԾ-ի տվյալները կասկածելի արժանահավատություն ունեն: Նման մի կասկածելի թիվ է նաեւ ՀՀ բնակչության թիվը եւ շատ այլ ցուցանիշներ»:

Հայկ Գեւորգյանը նկատեց, որ նախորդ տարվա առաջին 11 ամիսների տվյալներով, Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի ծավալները աճել են 60%-ով 2014-ի  նույն ժամանակահատվածի համեմատ, եւ հենց միայն սրա շնորհիվ է, որ արդյունաբերության ոլորտում աճ է արձանագրվել. «Մի քանի օրից ԱՎԾ-ն կհրապարակի տարվա արդյունքների մասին հիմնական զեկույցը եւ կհամոզվեք, որ հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է 30-40% աճ, իսկ մշակող արդյունաբերությունում` նվազում»: Տնտեսական մեկնաբանը նշեց, որ հանքարդյունաբերությունում նման ցուցանիշներն՝ աճը, արձանագրվել է Թեղուտի հանքավայրի շահագործման շնորհիվ :

Եվ ինչպես գրեթե ամեն տարի, այնպես էլ 2015 թվականին, Հայաստանի տնտեսական ակտիվությանն ու աճին միշտ օգնության է հասնում գյուղատնտեսությունը: Այս ցուցանիշների վրա, ինչպես նկատեց Գեւորգյանը, մեծ ազդեցություն է ունեցել աննախադեպ բերքառատ տարին. «Աճի ցուցանիշի հաշվարկման մեթոդիկայի առանձնահատկությունների պատճառով հաջորդ տարի շատ ավելի դժգույն ցուցանիշներ են արձանագրվելու»:

Ինչ վերաբերում է շինարարությանը, Գեւորգյանը կարծիք հայտնեց, որ այս ոլորտն արդեն նվազելու տեղ էլ չունի. «2008-2009 թվականներին շինարարության 40% անկումից հետո այն հասել է իր հատակին»:

Տնտեսական մեկնաբանի խոսքերով՝ «Առեւտրի ծավալները, կարծում եմ, ամենակարեւոր ցուցանիշն է տվյալ պարագայում, որը ցույց է տալիս, թե այդ «բոլոր ճյուղերի աճերի» արդյունքում որքանով է նվազել բնակչության գնողունակությունը: Եւ միայն այս ցուցանիշն ամեն ինչի մասին խոսում է, բավարար է, որ այլ ցուցանիշների էլ չանդրադառնանք»:

Հայկ Գեւորգյանը նկատեց, որ էկոնոմիկայի նախարարության նշած՝ «գրեթե բոլոր ոլորտներում աճի» արդյունքում ՀՀ պետական բյուջեն թերակատարվել է մոտ 80 միլիարդ դրամով. «Ընդ որում, բյուջեն միայն ստվերի կրճատման այն «ահասարսուռ» աղմուկից հետո պետք է առնվազն 20%-ով գերակատարվեր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031